կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 23:25
Իրավական

Բռնաբարության գործով որպես վկա են ներգրավված քաղաքապետի եւ ոստիկանի որդիները

Բռնաբարության գործով որպես վկա են ներգրավված քաղաքապետի եւ ոստիկանի որդիները

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ  ՔՕ 138 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ):

Ինչպես Նոյեմբերյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի 17-ամյա Լ. Ն-ի հայտարարության հիման վրա: Սեպտեմբերի 2-ին Լ. Ն.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտարարություն է տվել, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 18-ի սահմաններում, Նոյեմբերյանի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներ 17-ամյա Սամվել Անանյանը, 16-ամյա Նարեկ Հակոբյանը եւ  Սերգեյ Ամիրաղյանը BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Նոյեմբերյան քաղաքի մոռակայքում գտնվող «30 թվական» աղբյուր-հուշարձանի մոտ գտնվող հանդամաս եւ բռնաբարել:

Նոյեմբերյանցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Սերգեյ Ամիրաղյանի հայրը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն է, իսկ Նարեկ Հակոբյանի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում` պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, կոչումով` մայոր:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաեւ, որ Լ. Ն.-ի մայրը սեպտեմբերի 1-ին հայտարարություն է տվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտնել, որ իր աղջիկը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մեկ օր անց ոստիկանության Տավուշի մարզի վարչության աշխատակիցները Նոյեմբերյանի ոստիկանների հետ հայտնաբերում են աղջկան եւ նրան հանձնում ծնողին: Հաջորդ օրը աղջիկն արդեն հայտարարություն է տալիս բռնաբարության փաստի մասին:

Այս պահին 3 անչափահաս տղաները նշված քրեական գործում անցնում են որպես վկա: Քննիչի որոշմամբ` աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: