Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրելու են, որ նախ գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվի, այնուհետև կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննվի: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է երկու հանգամանքով:
«Առաջինը՝ եթե դատարանի պատասխանում տեսնենք, որ կա ինքնաբացարկի խնդիր, կրկին միջնորդություն կներկայացնենք, և մյուսը՝ եթե ինքնաբացարկի հիմքեր չլինեն, ապա միջնորդությունները կքննվեն: Ամեն դեպքում մենք կպնդենք, որ միջնորդություններն իրար չմիացնեն, որովհետև դրանք տարբեր միջնորդություններ են, նույնիսկ` տարբեր մեղադրանքների են վերաբերում: Պետք է խնդրենք, որ սկզբում գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվի, այնուհետ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը»,- մանրամասնեց Օրբելյանը:
Անդրադառնալով դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերին՝ պաշտպանը հիշեցրեց, որ երեկվա միջնորդությունը մերժվեց:
«Վարույթ իրականացնող մարմինը խնդիր չէր տեսնում ծանոթ լինելու կամ բարեկամական մասով, ոչ թե` հարազատական, այսինքն՝ բարեկամական հարաբերություններ ունենալու փաստը ընտանիքի հետ: Այլ հիմքեր մենք այս պահին չենք տեսնում, գուցե կան հանգամանքներ, որ գործընկերներս կարող են մատնանշել: Հարցրել ենք դատարանին, դատավորին՝ արդյո՞ք դատախազությունում եղած ժամանակ առնչվե՞լ է Մարտի 1-ին գործերին, նա նշեց՝ ոչ»,- հայտնեց Օրբելյանը:
Նշենք, որ հունվարի 14–ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Սակայն դատարանը մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։
Հակադարձմանը, որ ըստ մամուլի հրապարակումների, Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը ժամանակին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր պայմանական ազատազրկման, այս հանգամանքը չի՞ կարող ազդել, Արամ Օրբելյանը պատասխանեց. «1999-ին մեկ տարի պայմանական ազատազրկման գործով նա է հանդես եկել՝ որպես դատախազ: Սա ուղղակիորեն ինքնաբացարկի հիմք չէ, եթե չպարզվի, որ վարչապետն ուղղակի առնչություն ունի, նկատի ունեմ չարաբաստիկ գաղտնալսումները»: