կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 10:47
Առանց Կատեգորիա

"Խալդ"-ից մինչեւ հարսանիք

"Խալդ"-ից մինչեւ հարսանիք

Գավառի «Խալդ» հյուրանոցի վերելակի կոճակը սեղմում ես, վերելակը գալիս, բացվում է, ու մեջը` ջրով լի տաշտ: Մտնե՞ս վերելակ, թե՞ մի քանի անգամ էլ կոճակը սեղմես, նայես անսովոր պատկերին: Մի քանի անգամ սեղմում ես կոճակը, վերեւի հարկից լսվում է տղամարդու ձայնը, որից միայն «լիֆտ» եւ «մնալ» բառերն ես ըմբռնում:

Աստիճաններով ես բարձրանում, որովհետեւ անհարմար ես զգում տաշտի հետ նույն վերելակում գտնվելու հեռանկարից, ու բախտդ բերում է, որովհետեւ աստիճաններով վերեւ բարձրանալիս դիմավորում է հյուրանոցի աշխատողներից մեկը, ու տեղեկանում ես, որ այդ տաշտն ինքն է դրել, որպեսզի չմտնեն վերելակի մեջ, քանի որ վերելակը խափանված է` կարող ես մեջը մնալ:

«Ի՞նչ է մնացել Քյավառից, որ ուզում եք Քյավառի մասին գրել»,- ասում է հյուրանոցի աշխատողը: 

Քաղաքի մեկ այլ բնակիչ պատմում է, որ սովետի ժամանակ քաղաքում կար 14 գործարան, բոլորը փակվել են. «Պետությունը պիտի բացի, չի բացում»: Հիշում է, որ ամեն առավոտ ավտոբուսները լիքը-լիքը` մարդկանց տանում էին աշխատանքի:

Հյուրանոցի ու քաղաքի հրապարակի միջեւ ընկած ճանապարհի ցեխոտ ջրափոսերով մի քիչ քայլում ես ու արահետով գնում դեպի Սամվել Քոչարյանցի կիսանդրին: Ո՞վ է Սամվել Քոչարյանցը: Հարցնում ես շրջակայքում գտնվող մի մարդու, ասում է, որ տեղացի է: Իսկ ի՞նչ գործունեությամբ է զբաղվել: Մտածում-մտածում, ասում է, որ մոռացել է: Մի քիչ ներքեւ կանգնած աղջիկներին ես ուզում հարցնել, ընկերդ ասում է` հո չե՞ս գժվել, հարցնենք, գան մեզ տփե՞ն: Մեջդ վախ է մտնում, որ կարող է մի կես ժամից ծեծ ուտես անծանոթ քաղաքում, բայց եկել, հասել ես Գավառ, չիմանա՞ս Սամվել Քոչարյանցը ով է: Այսինքն` հետաքրքրությունը հաղթում է ծեծ ուտելու վախին:

«Բարեւ ձեզ, որ խնդրեմ, կասե՞ք ով է Սամվել Քոչարյանցը»: Ու հարցը տալուց հեռավորություն ես պահում, որովհետեւ եթե մոտիկ կանգնես, կարող է հասկանան այն, ինչից վախենում էիր: Բայց այ մարդ, մարդիկ նորմալ, բարեհամբույր պատասխանում են: «Գաղտնի զենք արտադրող է եղել ԽՍՀՄ տարիներին»:

Ավել հարց պետք չէ տալ, ասում ես` շնորհակալություն ու բավարարված քայլում: Մեկ էլ ձայն են տալիս: Այն մարդն է, որը մոռացել էր, թե ով է Սամվել Քոչարյանցը, գնացել, մարդ է բերել մեզ համար, որից իմանում ենք, որ «սկի Սամվել Քոչարյանցի ընտանիքի անդամները չգիտեին` էդ մարդն ով է: Իրա կենսագրությունը գաղտնի էր, զենքեր էր արտադրում` գաղտնի: Արձանի բացմանը էկել էր: Հիմա արդեն չկա»:

Հրապարակի բուսականությունը անմշակ է, տեղ-տեղ չնախատեսված բույսեր են աճել, շատրվանները գունաթափված, անջատված, էլեկտրասյուների վրա լամպեր չկան, մայթեզրերը քանդված են: Ընդհանրապես գիշերն այստեղ լուսավորություն չկա, միայն մի քանի հաստատությունների վահանակներն են լույս տալիս, բայց զրուցակիցներիցս մեկն ասաց, որ արդեն սկսել են լույսերը տեղադրել, իսկ քաղաքի ծայրում, օրինակ` Երրորդ մասում, գիշերը լուսավոր է:

Քաղաքն ընդհանրապես մութն ընկնելուն պես քնում է, օրինակ, եթե գիշեր է ու սոված ես, ուզում ես դուրս գալ ու որեւէ բան առնել, հյուրանոցում քեզ անակնկալ է սպասում, իջնում ես ներքեւ ու հայտնաբերում, որ դուռը փակ է: Իսկ ադմինիստրացիայից ասում են. «Է, հիմա թողնեմ, ե՞րբ կգաս»:

Այ, սպորտդպրոցն ուրիշ է, նայում ես մարզագորգին, ուզում ես` ըմբիշներից մեկը ծեփի քեզ հատակին. կամ մինի ֆուտբոլի դաշտը, տեսնում ես` ոնց է փայլփլում: 1973 թվից գործում է սպորտդպրոցը, մարզվում են մոտավորապես 300 հոգի, տարբեր մարզաձեւերում: Դպրոցի տնօրեն Ասոյան Դավիթն ասաց, որ քաղաքապետարանը երեք միլիոն դրամի գույք է տրամադրել դպրոցին: Դպրոցը տվել է ՀՀ, մարզային եւ այլ չեմպիոններ: Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանը նույնպես այս դպրոցի սան է:

Ավիամոդելավորման Եվրոպայի չեմպիոն Սամվել Մուրադյանն էլ է Գավառից, բայց Գավառում ավիամոդելավորման բաժին այլեւս չկա:

Սրճարանը, որին այստեղ «Թթու ջուր» են ասում, Գավառի երեք սրճարաններից մեկն է: Գործում է մոտ յոթ տարի ու, թեկուզ ընդամենը 5 սեղան կա, սրճարանը լուսավորում է սպասարկվող կրպակին ամրացված ճանապարհային լամպը, այն էլ ժամանակ առ ժամանակ անջատվում է, բայց ոչ մի անհարմարություն չես զգում, քանի որ ծառերի ու գետի ձայնի շրջակայքում ես: Այստեղ ոչ թե ծառ են կտրում, որ սրճարան բացեն, այլ ծառերի մեջ են սրճարան բացում: Իսկ բոլոր հաճախորդները` ծանոթ-անծանոթ, իրար բարեւում են: Երկու շիշ գարեջուրն էլ երկու տուփ չիփսի հետ 1200 դրամ է, գումարած` թթու ջուրը, որ սրճարանի կողքի աղբյուրից կարող ես անվճար խմել:

Հարություն Չքոլյանը, որը նոր է վերադարձել Իտալիայում համերգային շրջագայությունից, Երեւանն ու Գավառը հավասարաչափ է սիրում, բայց երբ Հռոմից զանգել էր տուն, ասում էր` մա'մ, որ գամ Հայաստան, Քյավառ կգնանք չէ՞: Ամբողջ Գավառը Հարութին սմս-ներ էր ուղարկում, երբ նա մասնակցում էր «Շանթ» հեռուստաընկերության «Դուդուկի նոր ընտրյալներ» ծրագրին, որտեղ նա գրավել է երկրորդ տեղը, իհարկե, գավառցիք համաձայն չեն երկրորդ տեղի հետ. «Մինչեւ ժամը 12-ը սմս էինք ուղարկում, տեսան, որ Հարութն ա հաղթում, էրկու օր էլ ավելացրին քվեարկությանը»:

Հրապարակում հայտնվում է մեքենաների շարասյունը` ազդանշաններ թողնելով. հարսանիք է: «Էստեղ յոթ պտույտ չեն անում»,- բարձրաձայն մտածում եմ: «Ճանապարհները լավը չեն, մի պտույտով բավարարվում են»,- ասում է ընկերս: Հարսանիքների ժամանակ սովորություն կա. էլեկտրացանցից անջատում են լույսերը, որ հարսանիքից էլեկտրացանցի աշխատողներին ուտելիքի բոխչա տանեն:

Քյավառը միայն կորտոլը, օրաղը եւ Քյավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Արզաքանցյանը չէ, այցելել է պետք համոզվելու համար:

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ