կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 20:39
Քաղաքական

Ո՞րն է խաղադրույքի գինը

Ո՞րն է խաղադրույքի գինը

Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց ակտիվության նշաններ են ցուցադրում անձ-կուսակցությունները: Սովորության համաձայն` նախընտրական շրջանում քնից արթնացել են ինչպես այն կուսակցությունները, որոնց անունը դեռ ոչ ոք չի լսել, այնպես էլ կուսակցությունները, որոնց անունն արդեն մոռացել ենք:

2007 թվականից ի վեր, երբ ԱԺ ընտրություններում պարտություն կրեց մեկ անգամ արդեն խորհրդարանականի «համբավ վայելած»  «Միացյալ աշխատանքային կուսակցությունը», վերջինիս եւ նրա ղեկավարին միայն հազվադեպ կարելի էր տեսնել կարծիք հայտնելիս: Այսօր արդեն ՄԱԿ-ը ջանքեր չի խնայում նոր խորհրդարանում մեկ անգամ եւս հայտնվելու համար:

Չնայած Գուրգեն Արսենյանը հայտարարում է, թե դեռ չի կողմնորոշվել ընտրություններին մասնակցելու հարցում, սակայն նրա շրջապատը հակառակն է պնդում: Մասնավորապես, ըստ նրանց, արդեն լուրջ կազմակերպչական աշխատանք է տարվում Գուրգեն Արսենյանի հեղինակության ձեւավորման շուրջ: Անգամ հրահանգ է իջեցվել իշխանական քարոզչամեքենաներին` աշխատելու այդ հեղինակությունը հավուր պատշաճի ներկայացնելու համար:

Միայն թե դեռ հայտնի չէ` Գուրգեն Արսենյանի եւ նրա կուսակցության վրա իշխանության խաղադրույքի նպատակը որն է` կանաչ լո՞ւյս վառել խորհրդարան անցնելու ճանապարհին, թե՞ օգնել նախընտրական խաղաթղթերը խառնելուն, ինչպես անցած ընտրություներին արվեց «Ժողովրդական կուսակցության» եւ «Ազգային միաբանության» պարագայում: