կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 10:12
Հասարակություն

Եվրավերանորոգված Հաղարծին (լուսանկարներ)

Եվրավերանորոգված Հաղարծին (լուսանկարներ)

Վերջերս ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, թերևս, Սանահին վանական համալիրի վերականգնման շուրջ ծավալված հասարակական քննարկումներն էին: Մենք, սկզբունքորեն համաձայն լինելով հասարակության կողմից հնչեցվող այն տեսակետին, որ Սանահինը պետք է վերանորոգվի պետության, եկեղեցու կամ որևէ բարերարի կողմից, միաժամանակ ձեռնպահ էինք մնում միանշանակ տեսակետ արտահայտելուց: Եվ դրա համար պատճառը բավականին ծանրակշիռ էր:

Շաբաթներ առաջ օտարերկրացի ծանոթիս հետ այցելեցինք Հաղարծին: Մինչ տեղ հասնելը հասցրեցի բավական մանրամասն ներկայացնել 10-13-րդ դարերում կառուցված վանքի պատմությունը: Տեղյակ էի, որ վանքում վերականգնման աշխատանքներ էին իրականացվում և հասկանում էի, որ այլևս չի կրկնվի այն խորհրդավոր երկյուղածության զգացողությունը, որն ունեցել էի մոտ 30 տարի առաջ, երբ առաջին անգամ այցելել էի այս հրաշալի համալիրը: Սակայն իրականությունը ուղղակի ապշեցրեց և հիասթափեցրեց ոչ միայն ինձ, այլև Հայաստանում շատ այլ, չվերանորոգված եկեղեցիներ այցելած իմ ընկերոջը:

Եկեղեցիների արտաքին տեսքի, ժամանակակից առանձնատների կամ ռեստորանների կտուրների կղմինդրածածկ ու ապակեպատ տանիքների օրինակով իրականացված վերանորոգումը ճնշող տպավորություն թողեց: Սակայն այն, ինչ տեսանք ներսում, գերազանցեց անճաշակության բոլոր պատկերացումները: Էժանագին լուսամփոփներ (բռաներ), թուրքական պլաստմասսայե անջատիչներ ու վարդակներ, 13-րդ դարի քարերի մեջ ցեմենտով զմռսված էլեկտրալարեր...

Երևան վերադարձանք լուռ: Չգիտեմ, գուցե եկեղեցու, պետության դեմ անվստահության սերմանումը, աղանդների տարածումը Հայաստանում ինչ-որ օտար կենտրոններում մտածված և մեր համաքաղաքացիների կողմից իրականացվող «դավադիր ծրագիր» է: Բայց իսկապես չեմ հասկանում, ինչպես կարելի է այսպես «վերականգնել» մեր ճարտարապետության և պատմամշակութային լավագույն կոթողներից մեկը: Այս է պատճառը, որ լռեցինք Սանահինի հարցում: Գուցե բարին այն է, որ այն չվերականգնե՞ն… Գոնե առայժմ...

Մ.Կ.