կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-22 15:43
Առանց Կատեգորիա

Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակումն է կատարվել

Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակումն է կատարվել

Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակում է կատարվել. տեղեկացնում է «Երկիր Մեդիան»։  Օգոստոսի 19-ի երեկոյան եկեղեցի են մտել 2 վրացի երիտասարդներ, ամենայն հավանականությամբ` հարբած, եւ լկտի ու անհարգալից պահվածք դրսեւորել:

Հոգեւոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները, մոմավաճառն ու հավաքարարը:

Երիտասարդներից մեկը հատկապես շատ ագրեսիվ է պահել իրեն: Նա մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել կոպիտ շարժումներով թերթել այն, ինչի հետեւանքով էջերից մեկը պոկվել է: Չբավարարվելով դրանով` նա բազմել է եպիսկոպոսական գահին:

Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակին եւ դուրս անել նրանց: Բարբարոսները պոկել են եկեղեցու դռներին փակցված հայտարարությունները եւ ցուցադրաբար այրել դրանք:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տեղեկացմամբ` իրենք դիմել են ոստիկանություն:

Հարկ է նշել, որ  առնվազն 2 պատժելի արարք կարելի է արձանագրել` հոգեւոր տաճարի պղծում եւ հավատքի նկատմամբ վիրավորանք, ինչպես նաեւ՝ խուլիգանություն: Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ բողոքի նոտա փոխանցել Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրացի երիտասարդների այս արարքը հետեւանքն է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: Դրանից հետո սկիզբ առավ հակահայկական շարժում, որը մինչ օրս չի դադարում: Վրացական մամուլը եւ հեռուստաալիքներն առանձնահատուկ տեղ են հատկացնում հայկական թեմաներով հոդվածներին եւ հաղորդումներին:

Վիրահայոց հոգեւոր առաջնորդի խոսքով` սա նաեւ վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ծայրահեղ եւ ազգայնամոլ քարոզչության արդյունքն է, որի հետեւանքները վիրահայությունը զգում է նաեւ կենցաղային մակարդակում:

Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվածի կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն առաջիկայում հանդես կգա նաեւ հայտարարությամբ: Մինչ այդ կատարվածի մասին բանավոր հաղորդվել է Վրաստանի հանրային պաշտպանին:

Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտակայքում գտնվող հյուրանոցի պատին անհայտ անձինք հայերի հասցեին հայհոյանքներ էին գրել: Վստահաբար, սա վրաց հասարակությանը մոլորեցնելու եւ հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու նպատակ է հետապնդում: