կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-19 18:40
Առանց Կատեգորիա

Իմ Շուշին

Իմ Շուշին

Ընթերցողին ենք ներկայացնում 1902 թվականին Շուշիում ծնված Հովսեփ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ հուշերը: Այս մարդն արդեն վաղուց հանգուցյալ է: Նրա հուշերը հատկապես կարեւորվում են` մինչեւ 1920 թվականըը Շուշի քաղաքի մանրամասն նկարագրությունների համար: Արդեն անընթեռնելի ձեռագրերից ու դեղնած թղթերից դեռ զգացվում է հայրենի քաղաքի նկատմամբ աննկարագրելի սերը

Այսպիսին էր Շուշին անցյալ դարի սկզբին, այսպես էին սիրում Շուշին նրա բնակիչները ու այսպիսի ցավ էին ապրում նրա կորստից…

Բոլորը հեռացել են: Ոչ ոք չկա արդեն, ու ոչ մեկից չեմ կարող հարցնել: Մնացել է միայն իմ հիշողությունը: Իսկ հիշողության հնարավորությունները սահմանափակ են, ամեն ինչ չես կարող հիշել: Ես արթնացնում եմ արդեն 60 տարուց ավելի իմ ուղեղում քնած անցյալը: Սկսելով իմ եւ հարազատներիս կյանքի առանձին էտապների նկարագրությունը` ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այստեղ շարադրվածը մաքուր ճշմարտություն է, բոլոր այս մարդիկ ապրել են, մտածել, զգացել:

Իմ գրառումներում հնարված ոչ մի տող չկա: Մեծ մասը վերաբերում է իմ մանկությանը, որն անցել է Շուշիում: Այս քաղաքը հարազատ է ցանկացած շուշեցու: Գրում եմ մեր տան, իմ հարազատների, շուշեցիների մասին, որոնք ապրել են այստեղ, աշխատել, ուրախացել: Հուշերիս մեծ մասը վերաբերում է Շուշիի մեր տանը, որն այրեցին բարբարոսները: Այրեցին քաղաքը`սպանելով նրա բնակիչներից շատերին: Իսկ մնացածները ցրվեցին տարբեր քաղաքներով, ու հիմա դժվար թե հանդիպես Շուշիում ծնված, մեծացած մեկին:

Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են Շուշիում, իմ հայրական տանը, որն այրեցին 1920թ.-ին: Այս հրաշալի քաղաքի հայկական մասից պահպանվել են միայն Ժամհարովների տունը, Շուշիի հիվանդանոցը, կիսաքանդ Ղազանչեցոց եկեղեցին, որի քահանային`Տեր –Հարություն Աթաբեկյանին բարբարոսները գլխատեցին, եւ ռեալական վարժարանը: Այսպես մեռավ քաղաքը`իր սիրելի մարդկանցով, կենցաղով, ավանդույթներով:

Հիմա այրված քաղաքի տեղում նոր քաղաք է կանգնած`ժամանակակից տներով, որն,ավաղ, իմ քաղաքը չէ: 1926թ.-ին` վեց տարի անց, ես եղա ավերված Շուշիում: Շուշիում հողածածկ տներ չկային, ինչպես Երեւանում: Երկու-երեք հարկանի տներ էին, ամառային ակումբը` հսկա ծաղկանոցով, մանկական խաղահրապարակով, ձմեռային ակումբը, փոստի շենքը ,բաղնիքը, երկու հյուրանոցները, բանկը`«Շուշի-կրեդիտ», որի հաշվապահն էր Գրիգոր բեկ Մինասբեկովը, դեղատները: Տպվում էին «Ղարաբաղ» թերթը, «Շուշիի լիստոկը», որի խմբագիրն էր Շամիր բեկ Մելիք Ղարագոզովը:

Բագրատ վարժապետի տպարանն եմ հիշում, հայկական բարեգործական միության մեծ գրադարանը, պուրակ տանող արհեստանոցը, որտեղ կանայք հաստոցների առաջ ձեռքով գորգ էին գործում, Խուբլարովների հրուշակեղենի խանութները, Գրիգոր Խանլարովի ձկան խանութը, որտեղ միշտ կարելի էր գտնել թարմ թառափ ու սեւ խավիար, Բագրատ վարժապետի գրենական պիտույքների խանութը: Բագրատ վարժապետը բարձրահասակ, նիհար մարդ էր` ակնոցը քթին:

Ուզում եմ հիշել մի քանի հին շուշեցիների տներ: Պապիս եղբոր` հայտնի ինքնուս բժիշկ Սարգիս Շաքարովի տունը: Նրան տարել էն Թիֆլիս` Կովկասի նամեստնիկին բուժելու: Քալամյան Թագուշ խանումի տունը, Յուզբաշյան Ստեփան –բեկի տունը: Շուշիի սեմինարիայի փառահեղ շենքի դիմաց Ղոնդախսազովների տունը, Տեր-Մարտիրոսյանների եւ Նիկոլայ Զորաբովի տները:

Ինչպես եմ 1926-ին հայտնվել Շուշիում: Ես Թիֆլիսից եկել էի Երեւան` Հայաստանի գյուղատնտեսությունն ուսումնասիրող խմբի աշխատանքներին մասնակցելու: Մենք պետք է ուսումնասիրեինք Ղափանի, Գորիսի, Մեղրիի շրջանները, իսկ ամենից ուրախալին այն էր, որ մեզ հետ էր լինելու Անաստասիա Վերմիշեւան: Մենք ճանապարհ ընկանք Իջեւանով դեպի Եվլախ եւ իմ խնդրանքով Գորիս մտանք Շուշիով: Ես ողբալով վազում էի Շուշիի ավերակների միջով` Վերմիշեւան ու մյուսներն իմ ետեւից: Գնում էի շատրվանի հետքերով, ես գտա Մեյդանի տեղը… Ու սա մեր Մեյդանն էր... Անկյունում Ղասաբ Ավետիսի խանութն էր, խանութի գլխին վարսավիրանոցն էր, ուր ինձ տանում էին` մազերս կտրելու: Վարսավիրանոցի դռանը երկու իրար խաչված ձեռնոց էր նկարած: Մի քիչ հեռու Խունունցի դեղատունն էր ու Մելիք Օսիպովի տունը: Դրանց փոխարեն ավերակներ էին հիմա: Մտովի վերականգնում էի բոլոր տները. անկյունում Արշակ Շաֆարովի կտորեղենի խանութն էր, դրա դիմաց Մրոք Հովհաննեսի երկաթեղենի խանութը:

Մի անգամ Թագուշ խանումը մտնում է խանութ արդուկ առնելու: Նրանով հիացած Մմրոք Հովհաննեսը հրամայում է վաճառողին լավ արդուկ տալ Թագուշ խանումին, որը Ղարաբաղի բարբառով հնչում էր այսպես. «Մին լյավ ությու տոր Թագուշ խանումեն», ինչը նաեւ նշանակում է «Մի լավ արդուկիր Թագուշ խանումին»: Սա հետագայում Շուշիի մշտական կատակներից էր:

Ես անվերջ հարազատ տեղեր էի փնտրում: Ո՞ւր է եղբայրների թելերի, ժապավենների ու բրդյա իրերի խանութը, ուր մայրս հաճախ էր ինձ բերում իր հետ: Ո՞ւր է պապիս`Սարգիս Շաքարյանի եռահարկ շենքը, որտեղ անցել է մորս մանկությունը, ուր ապրել է իմ Զառի տատը:

Վերջապես վազքով հասա մեր տան ավերակներին… Չեմ կարող ասել, թե ինչ եղավ ինձ հետ: Ես թավալվում էի մեր ջրհորի քարին, լացում, գոռում ու նայում էի մեր տան կիսաքանդ պատերին: Մանկական սենյակի, հյուրասենյակի պատերի ավերակներն ու փլված բուխարին: Ես լացելով կորցրել էի գիտակցությունս: Ինձ ուշքի բերեցին իմ հետեւից դժվարությամբ հասած ընկերներս:

Շուշիի մեր տունը հորս էր անցել պապիս մահից հետո: Պապս Ղազանչեցոց վանքի ավագ քահանան էր`Տեր Առաքել Յուզբաշյանը: Պապս երկար ժամանակ վարժապետություն է արել Գորիսում ու շատ կրթված մարդ էր: Եղբորս` Նիկիտայի որդին`Կարեն Յուզբաշյանը, որ Պետերբուրգում արեւելագետ է, պատմում էր, որ արխիվներից մեկում պապիս Գորիսի ուսուցչության մասին վկայություններ էր գտել: Հայրս մեծացրել էր Շուշիի մեր տունը, վերանորոգել եւ տունը շատ գեղեցկացել:

Ուզում եմ նկարագրել Շուշիի մեր տան դիրքն ու սենյակների դասավորությունը: Իմ մահճակալի վրա այժմ կախված է Շուշիի տան լուսանկարը: Այդ լուսանկարն արել էր քրոջս`Աննայի ամուսինը` Տիգրան Աղամալյանը: Տունը երկհարկանի էր: Հայրս կառուցել էր խոհանոցն ու դրան կից մեծ սենյակը: Մեր տունը Շուշիի կենտրոնում էր: Մեյդանից նրբանցքը բերում է մեծ փողոց, որտեղ գտնվում է գանձապետարանը: Այդ փողոցի վրա է Մինասբեկովների տունը, մյուս անկյունում` Ստեփան բեկի տունը: Մեր տան պատշգամբից երեք դուռ է բացվում դեպի դուրս ու մի դուռն էլ բացվում է ապակեպատ պատշգամբից: Սկսեմ առաջին դռնից: Այս դռնից մտնում ես մոտ 4 մետր երկարությամբ միջանցք: Այդ միջանցքից երեք դուռ կա: Ձախ կողմի դուռը ծնողներիս ննջարանն է: Սենյակը մեծ չէր`հավանաբար 18 քառակուսի մետր: Ծնողներիս սենյակում մեծ երկտեղանոց մահճակալ կար, որի վրա քնում էր հայրս, իսկ մեկտեղանոց մահճակալը մորս մահճակալն էր: Այդ սենյակում էր նաեւ իմ մեծ մանկական մահճակալը: Պատին մեծ գորգ էր կախված, հատակին` փոքր: Դիմացի դուռը տանում էր մեծ մանկական սենյակ /րախոցը օթաղը/: Այս սենյակը մոտ 30 քառակուսի մետր էր: Սենյակում երեք մահճակալ կար ու երկու սեղան: Հատակին մեծ գորգ էր փռված: Անկյունում` պատի տակ, մի մահճակալի վրա դարսված էր չօգտագործվող անկողինը`բազմաթիվ ներքնակներ, վերմակներ ու բարձեր: Մահճակալի կողքին սպիտակեղենի պահարանն էր`130 ձեռք սպիտակեղեն, ինչպես մայրս էր ասում: Այդ սենյակում բուխարի կար: Բուխարիի մեջ հաճախ աքլոր կամ թառափ էինք խորովում: Այդ սենյակում քնում էր մայրս, որն ինչպես երեւում է իմ ծնվելուց հետո հրաժեշտ էր տվել հորս: Մյուս դուռը տանում էր հյուրասենյակ: Այս սենյակը մոտ 30 քառակուսի մետր էր, ուներ երեք պատուհան, որոնք դուրս էին գալիս փողոց:Ճաշասենյակում մենք ճաշում էինք միայն ձմռանն ու ուշ աշնանը:Սենյակում շատ մեծ գորգ էր փռված,մեծ սեղան կար ու մոտ քսան աթոռ: Անկյունում կաղնու փայտից հսկա բուֆետն էր, որտեղ պահվում էր ամբողջ սպասքը: Պատուհանի տակ թախտ կար``էլի գորգով ծածկված:

Բուֆետի ներքեւի դարակում մայրս պահում էր իր բազմաթիվ սփռոցներն ու օսլայած անձեռոցիկները: Այդ կտորից անձեռոցիկները ոլորում էին ,նրանց վրա հագցնում էին հատուկ օղակներ եւ բաժանվում էր յուրաքանչյուրին: Ճաշասենյակից երկու դուռ տանում էին մեկը` հյուրասրահ, մյուսը`ընդունարան: Հյուրասրահի հատակին երկու մեծ գորգ կար, քանի որ հյուրասրահը մոտավորապես 45 քառակուսի մետր էր: Այդ գորգերը բացվում էին միայն անհրաժեշտություն դեպքում: Հատակը ներկված էր կարմիր յուղաներկով: Պատերն էլ էին յուղաներկ քսված: Հյուրասրահում պատի տակ ռոյալն էր` «Բեկեր» մակնիշի:Ռոյալի վրա երկու մեծ նկարներ էին կախված, մեկը` պապիս`տեր Առաքելի, մյուսը` տատիս: Անկյունում գրամոֆոնն էր: Ու երբ գրամոֆոնը միացնում էինք, դրսում մարդիկ հավաքվում ու լսում էին: Պատերին նկարներ կային, բայց ռեպրոդուկցիաներ էին, բնօրինակներ չունեինք: Առաստաղից կախված էր մեծ ջահը`մեծ լամպով: Սենյակում երկու պատվանդանների վրա կանգնած էին ճյուղավոր մոմակալները /կանդելյաբր/:

Հիմա դրանք իմ տանն են: Չգիտեմ երբ են դուրս բերվել այդ պատվանդաններն ու մոմակալները Շուշիից, մեկ էլ թղթախաղի սեղանը: Չեմ հասկանում հորս, որ դուրս չհանեց մեր ունեցվածքը Շուշիից: Չէ որ 1918-ին նա եղավ Շուշիում ու տեսավ իրավիճակը: Մեր հյուրասենյակում ճաշասենյակի նման եւս մի քսան աթոռ կար: Թղթախաղի սեղանը, հավանաբար, Թիֆլիս է տարվել 1912-ին, երբ Թիֆլիսում ապրում էինք Շելկովնիկովյան փողոցում: Հայրս իր գրասենյակն ուներ ու նույնիսկ գրասենյակային աշխատող, որի անունը Շարումով էր: Այդ շրջանում հորս նամակներ էին գրում հետեւյալ հասցեով`Թիֆլիս, Մ.Ա.Յուզբաշյանին, ու վերջ:Այդ ծրարներն ինձ ցույց է տվել եղբայրս`Եղիշը:

Մեր պատշգամբը մոտ 30 մետր երկարություն ուներ ու 3-3,5 մետր լայնություն: Պատշգամբի պատի մեջ պահարան էր ներկառուցված, որի մեջ էլի գորգեր ու սպիտակեղեն էր: Պատշգամբի հարեւանությամբ կից կառույց կար`խոհանոցը 25 քառակուսի մետր տարածքով, որի մի պատին աղյուսե վառարան էր որը տաքանում էր փայտով: Մյուս անկյունում մեծ տակառ էր, որի մեջ լցվում էր ջրհորի ջուրը: Խոհանոցի հետեւում կիսամութ սենյակն էր, որտեղ պահարանների մեջ պահվում էր խոհանոցային սպասքը: Խոհանոցի առջեւով նեղ միջանցքը տանում էր զուգարան կամ ,ինչպես մերոնք էին ասում, «զախոդ»: Շուշիում կոյուղի կար:

Խոհանոցի աջ կողմի աստիճաններով կարելի էր բարձրանալ տանիքի տակ` ձեղնահարկ: Ձեղնահարկում, տանիքի գերաններից կախված էր ճոճվող փայտե «խոնչան», որի վրա շարվում էր թխված լավաշը: Բակում, լվացքատան հարեւանությամբ, խոր ջրհոր կար, որտեղ հավաքում էին անձրեւաջուրը: Անձրեւաջուրը ջրհորդանով լցվում էր ջրհորի մեջ: Դրան ասում էին «շռութկան»: Ջրհորի վրա ձեռքով աշխատող պոմպ ունեինք: Այդ պոմպով ջուրը ուղղվում էր խոհանոց եւ լվացքատուն` կենցաղային հոգսերի համար:

Մեր այգու անմիջական հարեւանությամբ Խանլարովների տունն էր, իսկ այգու վերին մասին կպած էր Անանեւների կիսով չափ այրված ու մասամբ վերականգնված տունը, որի տերը սիրում էր կրկնել. «Չորս ծի օնիմ: Մինը սիպտակ ա, մինն էլ սիպտակ ա, մինն էլ ա սիպտակ, մինն էլ ա սիպտակ»: Անանեւների տան հարեւանությամբ քարվանսարան էր:

Այս էր իմ մանկության սիրելի, շքեղ ու բարի տունը: Սա է, որ կարող եմ պատմել այդ հրաշք տան մասին: Չեմ կարող ասել, թե իմ համառ հայրը ինչ ունեցվածք թողեց բարբարոսներին, ես փոքր էի, իսկ եղբայրներս լռում էին: Ինչու: Ո՞վ կպատասխանի այս հարցին: Եվ ինչո՞ւ եմ հիմա այս հարցը տալիս, երբ ոչ ոք չկա, որ պատասխանի:

Հայրս` Մովսես Առաքելի Յուզբաշյանը, ծնվել է 1845թ.-ին: Նրան Շուշիում կոչում էին Մովսես Բեկ: Հայրս նախնական կրթություն ուներ: Լավ ռուսերեն էր խոսում ու գրում: Ամբողջ կյանքում աշխատել է Ղափանում: Նա մի ընկերակցության տնօրեն էր, որը զբաղվում էր Ղափանից Շուշի պղինձ տեղափոխելով, իսկ Շուշիից Ղափան կոքս էին տանում:

Հիշում եմ ինչպես պղնձով բեռնված ձիերը, ավանակները, ուղտերը մտնում էին մեր բակ: Տանը պղնձի ամբար ունեինք:Հետո պղինձը բարձում էին ձիակառքերին` Եվլախ տեղափոխելու համար, իսկ Եվլախից այն տեղափոխում էին Մոսկվա: Հորս բազմանադամ ընտանիքը հարուստ ընտանիք էր համարվում: Հայրս տարեկան 4 հազար ռուբլի էր աշխատում: Նա որեւէ կուտակումներ, բաժնեթղթեր չուներ: Ողջ փողը ծախսում էր ընտանիքի վրա: Բացառիկ նշանակություն էր տալիս ուսմանը: Երեք եղբայրներս` Նիկիտան, Սիմոնը, Իսահակը կրթություն են ստացել Գերմանիայում: Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաեւ աղջկան`Սառային /Գրիգոր Սաղյանի կնոջը/: Շուշիում չէին հասկանում ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան, որն ավարտել էր ոսկե մեդալով եւ մինչեւ Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր:

1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա եւ Շվեյցարիա `զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանյան անձնագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր եւ կնոջ անձնագիրը, չորս ռուբլի եւ ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեյցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ էր նստել: Հայրս հայերեն ասել էր աղջկան «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկնար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ տղամարդը վեր է կենում` ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ ավանակ կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը ու միշտ ասում` ինչ իմանայի, թե Ենայի ու Բեռլինի միջեւ էլ հայ կհանդիպեմ:

Սա հեքիաթ էր, որ տեւեց տարիներ ու վերացավ մեկ օրում: Իմ Շուշիից ավերակներ մնացին: