Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված` ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ի պատասխան հուլիսի 26-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած փաստաթղթի:
Ստորև ներկայացում ենք նամակի տեքստն ամբողջությամբ.
Ձերդ Գերազանցություն
Կցանկանայի անդրադառնալ 2011թ. հուլիսի 26-ի А/65/915-S/2011/457 փաստաթղթին, որը պարունակում է Ադրբեջանի ներկայացուցչի նամակը: Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը շարունակում է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում իրեն ներկայացնել որպես «ագրեսիայի» զոհ, առանց երբևէ խոստովանելու կամ ազնվորեն փաստելու իր դերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձարձելու գործում:
Հերթական անգամ «նախնական հետաքննության եզրակացությունների» վրա հիմնված կեղծիքների և ստերի միջոցով հայկական կողմին վարկաբեկելու հատուկ նպատակ հետապնդելով` անցյալ շաբաթ Ադրբեջանի ներկայացուցիչը շրջանառության մեջ է դրել վերոնշյալ վրդովվեցուցիչ նամակը` հայկական կողմին մեղադրելով «պայթուցիկ սարքի» զոհ դարձած 13-ամյա երեխայի մահվան մեջ:
Այս մեղադրանքի հեղինակներն անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորություն չեն ընձեռել նման սարսափելի պնդումների ճշմարտացիությունը ստուգելու և դրա մանրամասները պարզելու համար: Նմանատիպ հայտարարություններն ադրբեջանական դիվանագիտության կողմից օգտագործվում են ստանձնած պարտավորություններից խուսափելու համար: Բավական է նշել, որ հենց այս պատրվակով Ադրբեջանը փորձ ձեռնարկեց դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզի ստեղծման վերաբերյալ համաձայնությունից, որն ընդունվեց 2011թ. մարտի 2-ին Սոչիում տեղի ունեցած` նախագահների հանդիպման արդյունքում:
Չնայած դրանց անհեթեթությանը` այս վերջին հայտարարությունները ծառայում են ծավալուն կեղծիքի և խարդախության հիմքերի վրա մեկնարկած քարոզչական պատերազմի մաս: Պարզապես անբարոյական է շրջանառության մեջ դնել նման զրպարտչական փաստաթուղթ և որպես քարոզչական գործիք` շահագործել անմեղ երեխայի մահը:
Ադրբեջանին, որը հրաժարվում է ինքն իրեն նայել անկեղծ հայացքով, պետք է հիշեցվի, որ 1991-1994թթ. ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի և պատերազմի հետևանքով Ադրբեջանը լրջորեն աղտոտել է Հայաստանին սահմանակից շրջանները և հակամարտության գոտում գտնվող տարածքներն ականներով, զինամթերքի և պատերազմական պայթուցիկ մնացորդների կուտակումներով: Նրանք շարունակում են մեծապես ներազդել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման և առօրյա կյանքի վրա` հանգեցնելով աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող մարդկային դժբախտ պատահարների ամենաբարձր ցուցանիշներից մեկին:
Այսօր Ադրբեջանը շարունակում է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կարևոր հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծման հեղինակավոր HALO Trust բարեգործական կազմակերպության գործունեությանը` այդ առաքելությունը որակելով որպես «անօրինական գործողություններ»:
Այն փաստը, որ անկախ հետաքննություն չի իրականացվել, և Ադրբեջանը խուսափում է հրադադարի խախտումների առնչությամբ հետաքննչական մեխանիզներ հաստատելուց, բացահայտում է, թե ով է կանգնած այդ խախտումների և կեղծ մեղադրանքների հետևում:
Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք սույն նամակը 2011թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրադադարի խախտման վերաբերյալ կից փաստաթղթի հետ միասին օրակարգի 34, 39, 64, 66 և 75 դրույթների ներքո դնեք շրջանառության մեջ` որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: