Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանի նախագահի և հայ ժողովրդի հասցեին Ադրբեջանի նախագահի թույլ տված ցինիկ արտահայտությունները, առաջին հերթին, բնութագրում են դրանց հեղինակին: Եվ Սերժ Սարգսյանը շատ ավելի ճիշտ վարվեց, երբ, որպես պատասխան, ուշադրությունը հրավիրեց նրա մարդկային, բարոյական կերպարի վրա:
Սակայն երկու նախագահների` փոխադարձ անձնական վերաբերմունքի այս դրսևորումները ոչ այնքան բարոյական, որքան քաղաքական ենթատեքստ ունեն: Դրանք ուղղակիորեն հաստատում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ոչ միայն որևէ առաջընթաց չկա, այլև գործընթացը մտել է մի նոր փակուղի` հանգեցնելով կողմերի դիրքորոշումների առավել կարծրացմանը:
Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե կողմերը մոտ լինեին կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, ապա նրանցից ոչ մեկը չէր փորձի լրացուցիչ դիվանագիտական կամ քարոզչական խոչընդոտներ հարուցել և անգամ Ադրբեջանի պարագայում անցնել ամենանուրբ սահմաններից մեկը` ոտնահարել որևէ ժողովրդի արժանապատվությունը:
Ալիևի հայտարարությունները, ըստ այդմ, բանակցությունների հեռանկարին հավատալու, վստահելու, դրա վրա քաղաքական հաշվարկներ կատարելու առումով, լրջորեն մտորելու տեղիք են տալիս: Ավելի ու ավելի առարկայական ու հրատապ է դառնում ամենաանցանկալի զարգացումներին բոլոր առումներով պատրաստ լինելու հրամայականը: