կարևոր
3106 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-01 17:14
Քաղաքական

Նոր պատերազմի պետք է պատրաստվել. Ադրբեջանը պայմանագիր չի ստորորագրում

Մարտի 31-ին Ազգային ժողովում ընթացող փակ քննարկումներից մեկի ժամանակ միջադեպ է արձանագրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է։ Ըստ իշխանական մի շարք պատգամավորների՝ անհրաժեշտ է այս միջադեպից հետո բարձրացնել ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին մանդատից զրկելու հարցը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմաբան Խաչատուր Ստեփանյանը, անդրադառնալով իշխանության մտահոգություններին և օրակարգ նետած թեզերին՝ նշեց, որ հայրենիքից տարածքներ հանձնելու հարցից մարդկանց ուշադրությունը շեղելու համար կառավարող ուժը կարող է զբաղվել նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցերով, որոնք կապ չունեն այն լրջագույն վտանգներով հղի հարցերի հետ, որոնց առաջ կանգնած ենք՝ որպես ժողովուրդ։

«Սա նրանց համար ընդունված մարտավարություն է. ռազմավարական զիջումների գնալուց առաջ կենցաղային հարցով փորձում են հասարակության ուշադրությունը զիջումներից շեղել։ Սա է այս իշխանության դիրքավորումը, որով հասարակությանը վարժեցնում են այն մտքին, որ իրենք մնալու են՝ անգամ երկրի բարձունքները հանձնելու գնով։ Օրինակ՝ եթե գիտեին, որ ապրիլի 1-ից Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկեն, ինչո՞ւ նախապես մեր զորքը չի դիրքավորվել, որ թշնամին առաջ չգար։ Դա չեն արել և ժողովրդին վախեցնում են նոր էսկալացիայով, արդյունքում՝ անընդհատ զիջում տարածքներ։ Ադրբեջանը ոչ թե էսկալացիա է անում, այլ մաս-մաս գրավում Հայաստանի տարածքները»,- ասաց Ստեփանյանը։

Ըստ նրա՝ հայկական պետությունը ծանրագույն վիճակում գտնվելով ռազմաքաղաքական առումով՝ միևնույն է, միակ ելքը պետք է դիտարկի պատերազմին պատրաստվելը, որովհետև Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի կանգնում Արցախում, չի կանգնելու նաև Սյունիքում, ուստի, եթե անգամ այս իշխանությունն Արցախն ու Սյունիքը տա, միևնույն է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքելու։

«Նոր պատերազմն անխուսափելի է, պետք է պատրաստվել դրան։ Արցախը պետք է ուժեղացնել ու խաղաղության պատրաստվել՝ պատերազմի պատրաստվելով, որովհետև Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքում»,- ասաց Ստեփանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։