կարևոր
2704 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 13:02
Քաղաքական

Եթե ՄԱԿ ԱԽ-ն ևս անգործունակ է, ապա մեզ մնում է մեկ ելք՝ պատրաստվել ծայրահեղ գործողությունների․ Նաիրի Հոխիկյան

Եթե ՄԱԿ ԱԽ-ն ևս անգործունակ է, ապա մեզ մնում է մեկ ելք՝ պատրաստվել ծայրահեղ գործողությունների․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստի օրակարգից ես ընկալում ունեի, որ կլինեն Արցախի ներկա վիճակի մասին ելույթներ, ապա կառույցը որոշում կկայացնի, որը պարտադիր կլինի կատարման համար։ Այդպես է ՄԱԿ ԱԽ աշխատաոճը։

Այնինչ եղան մարդասիրական ու քաղաքական, երեսպաշտական ելույթներ, Հայաստանի ԱԳ նախարարը երկար բարակ խոսեց մարդու իրավունքների ու ցեղասպանության մասին, բայց ոչ մի խոսք չասաց իր բնօրրան հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու իրավունքի մասին։

Ակնհայտ էր, որ Հայաստանի դիվանագիտությունը որևէ նախապատրաստական աշխատանք չէր կատարել, չէր բանակցել այլ երկրների հետ, ինչը երևում էր այդ երկրների ելույթներում։ Այլոց ելույթները օդում կրակոցներ էին։

Նստելով Ադրբեջանի ներկայացուցչի տեղը և ակնհայտ պաշտպանելով Ադրբեջանի շահերը' Թուրքիայի ներկայացուցիչը բացահայտ ցույց տվեց, որ իրենք կշարունակեն հակահայկական ագրեսիան։

Այդքանից հետո ՄԱԿ ԱԽ նիստը եզրափակվեց առանց որևէ որոշման և հայտարարության։

Եթե սա է միջազգային կարեւորագույն կառույցի գործոնը, ապա մենք էլ գիտեինք, որ Արցախը պաշարված է, և կա հումանիտար ճգնաժամ։ Պարտադիր չէր այդ մասին անատամ հայտարարություններ անել հեռավոր ԱՄՆ -ից։

Այլապես մեզ ի՞նչ են ասում'

- սոված մեռեք

- կերեք Ադրբեջանի տված սնունդը և էլի մեռեք

- մտեք Ադրբեջանի դրոշի տակ ու աստիճանաբար մեռեք

- դուրս եկեք Արցախից ու փողոցներում անտուն մնալով՝ մեռեք։

Հետևաբար եթե ՄԱԿ ԱԽ-ն ևս անգործունակ է, ապա մեզ մնում է մեկ ելք' պատրաստվել ծայրահեղ գործողությունների' մեր երկրում ապրելու և մեր գերեզմանները պահելու, մեր երեխաների ապագան ապահովելու համար։

Նեղվեք թե նվնվաք, միևնույն է, Արցախյան հակամարտության այս փուլը ևս ուժով է լուծվելու»։