Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանն արտագաղթի ու դրանից բխող հետևանքների առումով աղետի շեմին է, եթե, իհարկե, աղետի մեջ չէ արդեն: Բնական է, որ այս իրողությունից հրճվում է թշնամին: Սակայն անկախ դրանից, արտագաղթի աղետալի կամ առնվազն տագնապալի մասշտաբների մասին պետք է հնարավոր բոլոր միջոցներով ահազանգել, երկրի նախագահի և համապատասխան այլ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել հիմնախնդրի վրա ու նրանցից գործ պահանջել: Ընդհակառակը` երկրի ազգային անվտանգությանն սպառնացող այս լրջագույն վտանգը թաքցնելը, այդ վտանգի մասին լռելը կամ այն մեղմ գույներով ներկայացնելը կնշանակի լռել, երբ մեր ընդհանուր տանը հրդեհ է, բթացնել վտանգի զգացողությունը, այսինքն` առնվազն ջայլամի քաղաքականություն վարել:
Հենց դա է, որ ձեռնտու է Ադրբեջանին` մինչև Հայաստանն անաղմուկ կդատարկվի այնքան, որ կհամարձակվեն հարձակվել: Անշուշտ, դեմ ենք նաև իրականությունը չափազանցնելուն (օրինակ` հայտարարելուն, թե այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանը լքել է 45000 մարդ), դեմ ենք նաև այն պատճառով, որ դրա կարիքը բոլորովին չկա. իրականությունն առանց դրա էլ, եթե նկատի ունենանք վերջին 3 տարիների վերաբերյալ ՀՀ նախագահի հրապարակած պաշտոնական վիճակագրության թվերը, բավականաչափ տագնապալի է:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազմել է 23-29 հազար մարդ»,- միգրացիոն քաղաքականությանը նվիրված ս. թ. հուլիսի 20-ի խորհրդակցության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` չգիտես ինչու մեջբերված թվերից առաջ մոռանալով նշել «տարեկան» բառը, այսինքն` ոչ թե վերջին տարիների ընթացքում Հայաստան չի վերադարձել 23-29 հազար մարդ, այլ վերջին 3 տարում չի վերադարձել տարեկան միջինը մոտ 28000 մարդ:
Եթե արտագաղթի մասշտաբները նույնիսկ չավելանան և այս ընթացքը շարունակվի, ապա դժվար չէ հաշվարկելը, թե վերջին մարդը երբ «կմարի «Զվարթնոցի» լույսերը» ու կհեռանա Հայաստանից: Համենայն դեպս, պարզ է, որ դա կլինի ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում: Ինչ վերաբերում է 2011 թ. առաջին կիսամյակի տվյալներին, ապա Հայաստանից մեկնողների թվաքանակը, ինչպես նույն խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահը տեղեկացրեց, առաջին 6 ամիսներին 67000 մարդով գերազանցել է ժամանողներինը:
Թե մինչև տարեվերջ նրանցից քանիսը կվերադառնան, դժվար է ասել (Աստված տա` բոլորը վերադառնան): Արտագաղթի վերջին տարիների ընթացքը և աճի դինամիկան նկատի ունենալով` կարելի է ընդամենը ենթադրել, որ դարձյալ մոտ 30000-ը չի վերադառնա: