Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խոսակցությունները Երեւանյան լճի հատակում կուտակված տիղմի դուրս բերման մասին նոր չեն: Այն սկսվել է դեռեւս 2005-2006 թվականներին, երբ Երեւանյան լճի տիղմը հանելու եւ այլ վայր տեղափոխելու ծրագրով «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն շահեց ՀԲ-ի դրամաշնորհի մրցույթը, զբաղվեց լճի ջրի եւ տիղմի ուսումնասիրությամբ:
Ըստ «Հայջրնախագիծ ինստիտուտի» տարածած հայտարարության` ծանր մետաղներից միայն սնդիկի պարունակությունը ե՛ւ ջրի, ե՛ւ տիղմի մեջ նորմային գերազանցում 1,5-2,5 անգամ: Հայտնի է նաեւ, որ վերջին տասնամյակում չի մաքրվել Երեւանյան լիճը, որի ընթացքում, ըստ բնապահպանների, այդ ջրային տարածքի ընդերքում կուտակվել է մոտ 1 մլն խ.մ տիղմ:
Մի շարք լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները հայտնաբերել են, որ տիղմում առկա են թունավոր այնպիսի նստվածքներ, ինչպիսիք են պղինձը եւ կադմիումը, որոնց քանակությունը գերազանցում է ընդունված նորմերը: «Տիղմը, եթե հանվի, կօգտագործվի որպես պարարտանյութ»,- տարիներ առաջ նման հայտարարություն էր տարածել Երեւանի քաղաքապետարանի բնության պահպանության վարչության պետը, ով արդեն այդ պաշտոնին չէ: Նրան ընդդիմացան բնապահպաններն ու գյուղատնտեսները:
Ինչեւէ, երբ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանը հողահատկացում կատարեց լճի հյուսիսարեւելյան հատվածում, քաղաքապետարանից հայտնեցին, որ դեսպանատունը խոստացել է մասնակցել լճի մաքրման աշխատանքերին: Դեսպանատունն արդեն մի քանի տարի է՝ կառուցվել է եւ իր խոսքից ետ է կանգնել: Կամ էլ քաղաքապետարանը չի համարձակվում դեսպանատանը հիշեցնել խոստման մասին:
Դեռ 80-ական թվականների վերջին, ագրոքիմիայի լաբորատորիան կատարել էր Երեւանյան լճի հատակային նստվածքների հետազոտություն եւ այնքան էլ գոհացուցիչ տվյալներ չէր ստացել: Տասը տարի անց` 1990ին, այս ջրային տարածքում ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը կատարեց ուսումնասիրություն, որի ընթացքում պարզվեց, որ տիղմը հումուսով եւ այլ ցուցանիշներով բարեբեր լինելով` պարունակում է թունավոր նյութեր: Մասնավորապես, կապարի պարունակությունը հատակային նստածքներում 4 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանային խտությունը: Իսկ կապարն այն ակտիվ տարրն է, որը ներթափանցում է գյուղմթերքների մեջ եւ վտանգ է առողջությանը:
Հայտնի է, որ տարբեր ժամանակահատվածներում Հրազդան գետը թունավոր նյութեր է տեղափոխել Երեւանյան լիճ, եւ տարօրինակ է, որ երկրաբանության ինստիտուտի լաբորատորիան վերը նշված ՓԲԸ-ի պատվերի շրջանակներում տիղմի ուսումնասիրություններում սնդիկից բացի այլ ծանր մետաղների պարունակության գերազանցումներ չի հայտնաբերել: «Մենք Հրազդան գետի հատակային նստվածքներում գրանցել ենք նաեւ կադմիում, որն առաջին դասի թունավոր նյութ է»,- ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը` հավելելով, որ անհնար է` կադմիումը լինի Հրազդանի նստվածքներում եւ չհասնի լիճ:
Հրազդանի կիրճում գտնվող բազմաթիվ ռեստորանները, ժամանցի վայրերը, տներն ու այլ օբյեկտները, չունենալով կոյուղի, իրենց թափոնները եւ կոյուղաջրերը լցնում են Հրազդան գետ, որն էլ, ի վերջո, այդ ամենը տեղափոխում է Երեւանյան լիճ: Տարիներ առաջ Երեւանյան լճի անմիջական հարեւան՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը մեր թղթակցին հայտնել էր, որ իրենք լճի մաքրման համար առանձին նախագիծ չունեն, որովհետեւ այն Երեւան քաղաքի ունեցվածքն է: «Մենք աջակցել ենք, եւ մեր փորձագետներից մեկը կազմելու է լճի վիճակի գնահատում: Իսկ առաջարկները կարող են օգտագործվել լիճը մաքրելու նպատակով»,- ասել էր դեսպանը:
2005-ի մարտի 30-ին Երեւանի` այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ 2006թ. կսկսեն լճի մաքրման աշխատանքները, որը կտեւի 3 տարի: Նախատեսվել էր անգամ, որ 700 հազար դոլար կտրամադրվի Հրազդանի կիրճում աշխատանքների համար: Մոտավոր հաշվարկներով, լճից տիղմը դուրս բերելու համար անհրաժեշտ կլինի «ԿամԱԶ» կամ «ԿրԱԶ» ինքնաթափի ավելի քան 130-140 հազար երթ: Արհեստական այս ջրամբարում յուրաքանչյուր տարի ակտիվանում են ճահճացման պրոցեսները, իսկ լիճը վերջնականպես աղտոտումից եւ ճահճացումից փրկելու համար քաղաքապետարանը դեռեւս 2009թ. մշակեց 2.7 մլրդ դրամ (7.4 մլն դոլար) արժողությամբ ծրագիր: Ըստ այդ ծրագրի, 1.2 մլրդ դրամով կմաքրվի լճի հատակը: Տիղմի դուրս բերումից բացի, հիշյալ ծրագրում ամրագրված է, որ 1.5 մլրդ դրամով կկառուցվի Հրազդան գետի համար կոլեկտոր, որից հետո լիճ մուտք կգործի ավելի մաքուր ջուր:
Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Վարդանյանը «Երկիր»-ին հայտնեց, որ 2010 թվականից սկսած՝ Երեւանյան լճից մոտ 500 մետր վերեւ գործում է աղբորսիչ կայան, որի շնորհիվ օրվա ընթացքում որսվում է 2-ից մինչեւ 10 խմ աղբ: «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի ամենամսյա մոնիտորինգի տվյալներով` Երեւանյան լճից վերցված փորձանմուշներում գերազանցում են մի շարք նյութերի սահմանային թույլատրելի նորմաները: «Փորձանմուշներում դիտվել է վանադիումով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 17,0- 24,0 անգամ»,- ասաց ՊՈԱԿ-ի ինֆորմացիայի վերլուծության եւ պահպանության բաժին պետ, գլխ. վերլուծաբան Լիանա Մարգարյանը:
Ինչեւէ, պատասխանատուները գործելու փոխարեն սպասում են, թե ինչ կլինի Երեւանի միակ ջրային հայելու հետ:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի