կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-22 15:27
Հասարակություն

Թրաֆիկինգի դեմ պայքարը խստացել է

Թրաֆիկինգի դեմ պայքարը խստացել է

Արդեն երրորդ տարին է` թրաֆիկինգի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Հայաստանը հայտնվում է երկրորդ հորիզոնականում: Սակայն ոչ մի տարի այսքան քննարկում չեղավ, ինչքան այս տարի, թեեւ բարձրաստիճան ոչ մի պաշտոնյան չմեկնաբանեց զեկույցում` կառավարության եւ իրավապահ մարմինների բացթողումների մասին քննադատությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարին, կատարված աշխատանքներին: Նա հայտնեց, որ միայն 2011 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության 55 ծառայողի համար կազմակերպվել են դասընթացներ, բացի այդ` աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են տեղական եւ միջազգային դասընթացների:

«Պետք է նշեմ, որ ոստիկանության նախաձեռնությամբ մշակվել է մի նախագիծ, որը վերաբերում է թրաֆիկինգի եւ հարակից հանցատեսակների թվով 14 հոդվածներին, որն ուժի մեջ է մտել սույն թվականի ապրիլի 9-ից»,- նշեց Պետրոսյանը` հավելելով, որ այդ փոփոխությամբ տարանջատվել է անչափահասներին վերաբերող մասը, իսկ պատիժ սահմանվել է նվազագույնը 7 տարի ազատազրկումը: Խստացվել է նաեւ պատժից վաղաժամ պայմանական ազատվելու դրույթը:

Ըստ նրա` ՀՀ քրեական օրենսգրքում նոր դրույթ է սահմանվել, որով թրաֆիկինգի կամ շահագործման զոհերը ազատվում են իրենց կողմից կատարված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել են թրաֆիկինգի ենթարկման եւ հարկադրանքի ներքո: «Այսուհետ պատժելի է դարձել նաեւ թրաֆիկինգի կամ շահագործման զոհի ծառայություններից օգտվելը, ինչը բխում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներից»,- ասաց Տ. Պետրոսյանը:

«Երկիր»-ի հարցին ի պատասխան, նա հայտնեց, որ, 2008 եւ 2009 թվականների համեմատությամբ, թրաֆիկինգի կամ շահագործման դեպքերը նվազել են. «Ավանդական դեպքերը նվազել են, երբ տասնյակ կանայք փոխադրվում էին արտերկիր, որտեղ ենթարկվում էին շահագործման»:

Ըստ վիճակագրության` 2009 թվականին թրաֆիկինգով զբաղվելու համար Հայաստանում դատապարտվել է 11 մարդ, որոնց ազատազրկման միջին չափը փաստացի կազմել է 8 տարի 7 ամիս, իսկ 2010 թվականին դատապարտված 5-ի համար այդ չափն արդեն եղել է 7 տարի 4 ամիս: «2011թվականի առաջին կիսամյակում արդեն դատապարտվել է 4 անձ, որոնց պատժի չափը կազմել է 1 տարի 4 ամիս», ասաց Տ. Պետրոսյանը` հավելելով, որ ներկա պահին ոստիկանությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում 10 գործով իրականացվել է քրեական վարույթ, որոնց հիմնական մասը վերաբերում է նախկինում հարուցված եւ այս տարի փոխանցված գործերին: Տ. Պետրոսյանը «Երկիր»-ին պարզաբանեց, որ 10 գործերից 8-ը (որից մեկը անչափահաս) վերաբերում են կանանց սեռական շահագործմանը, 5-ը վերաբերում են երկրի ներսում թրաֆիկինգի դեպքերին: Մեկն առնչվում է անչափահաս երեխային մուրացկանության մեջ ներառելուն եւ շահագործելուն, մեկ գործ էլ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի քաղաքացուն աշխատանքային թրաֆիկինգի ենթարկելուն: