կարևոր
4336 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-11 13:13
Քաղաքական

Փաստաբանների դեմ պայքարը շարունակվում է․ «Հրապարակ»

Փաստաբանների դեմ պայքարը շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «

Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբաններ Էմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել։ Սույն միջադեպը ՀՀ փաստաբանների պալատին ստիպել էր հրատապ մամուլի ասուլիսով հանդես գալ։ «Ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ մեր փաստաբան գործընկերները գնացել են անչափահասի առերեսմանը, որը պիտի առերեսվեր ոստիկանության Էրեբունու ներկայացուցչի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։


Ասուլիսին մասնակցում էր նաեւ գործող նախագահ Սիմոն Բաբայանը։ «Էրեբունու ոստիկանության բաժնում հոգեբանական ճնշում են գործադրել փաստաբանի նկատմաբ, ծաղրել են փաստաբանին հարցաքննության ժամանակ, հետո էլ դուրս են հանել ու ծեծել, հայհոյել։ Մյուս փաստաբանն էլ դուրս է եկել, որ տեսնի, թե ինչ է կատարվում, նրան էլ են ծեծել։ Փաստաբանների պալատի նախագահը երեկ այցելել է դեպքի վայր, որ հասկանա՝ ինչ է տեղի ունեցել։ Նրանք փորձել են արդարանալ, թե փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, ու դրա պատճառով, ըստ իրենց, իրենք իրավունք ունեն փաստաբանին նման ձեւով պատժել։ Եթե նույնիսկ փաստաբանը վիրավորի որեւէ մեկին, որեւէ մեկն իրավունք չունի նման կերպ վարվելու»,- հավելեց նա։

«Այս վարույթի շրջանակներում ես ներկայացնելու եմ իմ գործընկերների՝ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի շահերը։ Տեղի ունեցած միջադեպի շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է։ Տվյալ քննչական գործողության ժամանակ, որոնց մասնակցել են մեր կոլեգաները, անչափահաս վկան իր օրինական ներկայացուցչի, ինչպես նաեւ հոգեբանի ներկայությամբ, ցուցմունք է տվել, թե իր հետ առերեսվող ոստիկանության Էրեբունու բաժնի ներկայացուցիչներն ինչպես են նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ իրենց բերման ենթարկել ու խոշտանգել։ Այդ թվում եւ՝ գլուխը հագուստով ծածկել ու մի քանի հոգով ծեծի ենթարկել, ոտքերն էլ դնել իրենց վրա»,- նշեց փաստաբան Հրանտ Անանյանը։ «Ցուցմունքները տալու ժամանակ, ըստ էության, լարվածություն է կուտակվել։ Լարվածությունը հասել է գագաթնակետին այն ժամանակ, երբ անչափահաս ձերբակալվածի փաստաբանները՝ Էմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը, հարցեր են տվել օպերին՝ դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման հետ կապված։ Գործով արձանագրությունները վկայում են, որ փաստաբանների հարցերն իրականում շատ տրամաբանական են ու կոկիկ, սակայն պարզվում է, որ օպերլիազորն այդ հարցերից էլ ավելի տաքացել, լարվել է»,- նշեց Հրանտ Անանյանը։

Փաստաբանը պնդում է, որ ոստիկանները փաստաբաններին ծեծի ենթարկելուց հետո անգամ սպառնալիքներ են հնչեցրել, որ եթե հաղորդում ներկայացնեն, հաշվեհարդար են տեսնելու նրանց նկատմամբ։ Նրա ձեւակերպմամբ եւս՝ պիտի արձանագրել, որ սա ոչ թե անձանց դեմ, այլ ընդհանուր պայքար է փաստաբանական ինստիտուտի դեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: