Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին երկու ամսվա ընթացքում միջազգային շուկայում շաքարավազն էժանացել է. 1 տոննայի գինը ապրիլի 7-ին կազմել է 555 դոլար՝ փետրվարի 3-ի՝ 784 դոլարի համեմատ:
Սակայն այս զարգացումը Հայաստանում ունեցել է հակառակ էֆեկտը՝ ներքին շուկայում շաքարավազը մարտ ամսվա ընթացքում թանկացել է 2.4%-ով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ ուսումնասիրություններ է սկսում շաքարավազի շուկայում:
Եթե Նյու Յորքի ապրանքային բորսայում փետրվարի 3-ին շաքարավազի գինը կազմում էր 35,3 ցենտ/1 ֆունտ (1 տոննան՝ 784 դոլար), ապա ապրիլի 7-ին գինը կազմել է 24,97 ցենտ/1 ֆունտ (1 տոննան՝ 555 դոլար)։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մարտին Հայաստանում շաքարավազը թանկացել է 2,4%-ով։ Պաշտոնական տվյալներով՝ մարտին Երևանում 1 կգ շաքարավազի գինը կազմել է 372 դրամ։ Ուշագրավ է, որ չնայած այսօր միջազգային շուկայում շաքարավազի գինը գրեթե նույն մակարդակին է, ինչ 2011թ. հոկտեմբերին, սակայն Հայաստանում շաքարավազի 1 կգ-ը 37 դրամով կամ 11%-ով բարձր է այդ ժամանակվա գնից (2011թ. մարտի գինը՝ 2010թ. հոկտեմբերի գնի համեմատ)։ Փաստորեն, թեև համաշխարհային շուկայում մարտին շաքարավազի շուրջ 30% էժանացում է գրանցվել, ներքին շուկայում դա ոչ թե բերել է գների նվազման, այլ, հակառակը, նպաստել է գների աճին։
Իհարկե, կա որոշակի ժամանակային լագ՝ մինչև արտաքին շուկայի միտումները կտեղափոխվեն ներքին շուկա, արտաքին շուկաներում գների անկման ֆոնին ներքին շուկայում գների աճը տնտեսագիտորեն չի բացատրվում։ Կարելի է ենթադրել, որ միջազգային շուկայում գների նվազման ֆոնին ներքին շուկայում գների աճը պայմանավորված է տնտեսավարողի՝ գների հետագա նվազման սպասումներով, որը ներկայում փորձում է ավելի բարձր գներով իրացնել «թանկ» պաշարները։
Նշենք, որ Հայաստանում շաքարավազի շուկան գրեթե ամբողջովին կենտրոնացված է մեկ տնտեսավարողի՝ «Ալեքս Գրիգ» ընկերության ձեռքում (շաքարավազի շուկայի մասնաբաժինը՝ 99,9%)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2010թ. Հայաստան է ներկրվել 97,7 հազ. տոննա շաքար՝ 2009թ. 64,8 հազ-ի դիմաց։ Եթե այս թվերին գումարենք Ախուրյանի շաքարի գործարանի կողմից արտադրված 45 հազ. տոննա շաքարը, ապա Հայաստանում շաքարավազի ավելցուկ կա։ Հայաստանում տարեկան սպառվում է 80-90 հազ. տոննա շաքար։
Ստացվում է, որ շաքարավազ ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը փոխկապակցված է Ախուրյանի շաքարի գործարանի («ԼուսԱստղ Շուգր») հետ, ներկայում փորձում է ազատվել «թանկ» շաքարավազից։
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել է, որ իր մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առևտրի կետերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է:
Երեկվա նիստում հանձնաժողովը որոշել է կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից տեղեկատվություն կպահանջի իրենց գործունեության և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ: