կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 10:57
Հասարակություն

Հակամարտությունը խորանում է

Հակամարտությունը խորանում է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ ոչ բարիդրացիական հարաբերությունները հայտնի են: Մինչ այժմ երկու կողմից էլ պարբերաբար փոքր եւ ձեւական քայլեր են արվում ծածկելու այդ հակադրությունը:

Հայտնի է, որ ՀՀ մամուլում վարչապետին աջակցող թերթերից մեկը «Իրատես դե ֆակտոն» է, որն էլ վարչապետին օգնելուն զուգընթաց, բնականաբար, զբաղվում է` նրա հակառակորդների բոստանը քար գցելով: Ակնհայտ է նաև, որ այդ թերթի «հովանավորությունն» իրականացնում է «Ֆլեշ» ընկերությունը:

Երեկ այդ քողարկված հակադրությունը հրապարակային արտահայտություն ստացավ: Քաղաքացի Վարդան Սարգսյանը ԱԺ նախագահին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հարց էր ուղղել՝ մեջբերում անելով հենց այդ թերթի՝ ԱԺ նախագահի մասին ոչ այնքան բարեհունչ հրապարակումը, որին Հ. Աբրահամյանը շատ կոշտ էր արձագանքել. «Ինչ վերաբերում է լրագրողի` նման անհեթեթ որակմանը, ապա կարծում եմ` պատվիրատուից, հոդվածագրից եւ նրա հոդվածներից կեղտոտ բենզինի եւ դիզվառելիքի հոտ է գալիս»:

Փաստորեն, Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակադրությունը նոր թափ է ստանում եւ տեղափոխվում է արդեն հարուստ բառամթերքի գործածման փուլ: ԱԺ նախագահն այս անգամ միանգամից մի քանի նապաստակ որոշեց զարկել: Միայն թե ճշգրտման կարիք ունի` «կեղտոտ բենզին եւ դիզվառելիք» ասելով` ինչ նկատի ունի Հովիկ Արգամիչը. վարչապետի «դիզվառելիքային» շրջապատից իրեն ուղղված հարվածնե՞րը, թե՞ սպառողներին հասնող վառելիքի իրական որակը: