կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 11:11
Առանց Կատեգորիա

Ի՞նչ է հուշում Վատիկանը

Ի՞նչ է հուշում Վատիկանը

Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանիի հայտարարությունը Հայաստանում զուտ ակադեմիական հետաքրքրություն առաջացրեց 2012-ին Հռոմում կազմակերպվելիք Lux in Arcana ցուցահանդեսում Հայոց ցեղասպանությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի հրապարակման մտադրության նկատմամբ:

Իսկ ահա Թուրքիայում անմիջապես ոտուձեռ ընկան՝ իրենց թերթերի միջոցով փորձելով պարզել, թե «որտեղի՞ց է փչում քամին»: Իսկ որ շուրջ 100 տարի լռություն պահպանող Հռոմում հենց այնպես չեն բացում ու հրապարակում գաղտնի փաստաթղթերը՝ բոլորին է հայտնի:

Հայտնի է նաև, որ Վատիկանը ժամանակին հսկայական տեղեկատու ցանց է ունեցել ողջ Օսմանյան կայսրության տարածքում, որը մեծ բարեխղճությամբ հաղորդել է այնտեղ կատարվող իրադարձությունների մասին: Ուստի Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռևս գաղտնի պահվող փաստաթղթերի առկայության առումով այն զիջում է միայն ժամանակին երիտթուրք հանցագործների մի մասին ապաստան տված Մեծ Բրիտանիային եւ, իհարկե, իրեն՝ Թուրքիային: Ուրեմն՝ եթե գաղտնիքը սրբությամբ պահող Վատիկանի նման կառույցն անգամ «բացվում է», ապա նրա միջոցով որոշակի մեսիջներ են հղվում տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին, այդ թվում՝ նաև մեզ:

Կարծում ենք, որ պատահական չպետք է համարել, որ բացահայտումների սկիզբը դրվում է այն օրերին, երբ Արևմուտքի բոլոր կառույցները զբաղվում են տարածաշրջանի «բանալին» համարվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործով: Թվում է, թե դրանով նրանք առաջնորդվում են աշխարհաքաղաքական հարցեր լուծելու ճշգրիտ նպատակադրումով, բայց հարցի էության մեջ խորանալու դեպքում ակնհայտ է դառնում, որ Արևմուտքում գիտակցում են նման քաղաքականության ողջ պարզունակությունը: Պատճառն այն է, որ Ղարաբաղի հարցն իրականում «այսբերգի» երևացող մասն է, քանի որ այս հարցում Ադրբեջանին ագրեսիվ կեցվածքներ թելադրողը Թուրքիան է, ուստի եթե նա չնահանջի իր ներկա անզիջում դիրքերից, ապա Բաքվում կշարունակեն համառել՝ ձախողելով բոլոր նախաձեռնությունները:

Իսկ Թուրքիայի վրա ճնշումը ուժեղացնելու համար հարկ է նրան զրկել Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության որևէ հնարավորությունից և վերջնականապես բացել հանցագործի դեմքը: Ուստի, այս առումով առաջիկայում լուրջ ասելիք կարող են ունենալ ոչ միայն կաթոլիկ, այլև բողոքական Արևմուտքի հենասյուները, որովհետև, ինչպես ասացինք, Վատիկանից զատ գոյություն ունի Արևմուտքի լռության մեկ այլ կենտրոն՝ Մեծ Բրիտանիան, որտեղ փախած երիտթուրք հանցագործներից Նազըմը և այլք իրենց հետ են տարել Իթթիհատի որոշումների մի մասի փաստաթղթերը և դրանց դիմաց գնել են սեփական անվտանգությունը: Եվ «ազնիվ ջենտլմենի» համարում ունեցող բրիտանացիները մինչ օրս սրբությամբ պահում և չեն գաղտնազերծում այդ փաստաթղթերը:

Կարծում ենք, որ Վատիկանի նախաձեռնած բացահայտումների քաղաքական իմաստը հայ-թուրք-ադրբեջանական թնջուկի լուծման գաղափարախոսության ներդրումն է, որի առանցքում ընկած է Հռոմի կողմից դարեր շարունակ քարոզված Հայաստանի՝ Արևելքի քրիստոնեության պատվարի գաղափարը, որը դրա համար ենթարկվել է հալածանքների ու ցեղասպանության և կորցրել իր տարածքների նշանակալի մասը:

Նման երկրները, որոնց ամենատիպական օրինակը Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային հանրության միահամուռ աջակցությամբ պետություն ստեղծած Իսրայելն է, իրավունք ունեն այլ կերպ նայելու միջազգային իրավունքի ձևական «հիմնասյունը» համարվող՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Բայց քանի որ Թուրքիան դեռևս շարունակում է համարվել արևմտյան հանրակցության բաղկացուցիչը, ապա նրա հանցագործ դեմքի բացահայտումը՝ Ադրբեջանից ձեռք քաշելու և սեփական տարածքային ամբողջականության մասին մտածելու մասին Արևմուտք խոշորագույն հոգևոր կենտրոնից՝ Վատիկանից ուղղվող անթաքույց մեսիջ է:

Հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտից հետո տուժած կողմն ի դեմս Լեհաստանի, ստացավ ոչ թե ԽՍՀՄ-ի կողմից արդեն խլված՝ արևելյան, այլ Գերմանիայից խլված՝ արևմտյան տարածքները: Այսինքն՝ փոխհատուցումը կայացավ ի հաշիվ պարտված Գերմանիայի, որի դերում այսօր պարտված Ադրբեջանն է՝ Թուրքիայի կողմից հովանավորվող իր ռևանշիստական նկրտումներով:

Մինչդեռ ցեղասպանության արդյունքում իր տարածքների մեծ մասը կորցրած Հայաստանը Ղարաբաղի հարցում ևս զիջումների գնալու դեպքում կարող է ընդհանրապես կորցնել տարածաշրջանում որպես պետություն գոյատևելու հնարավորությունը: Այսպիսով՝ հանցագործ Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ Ադրբեջանին աջակցելու և ինքն իրեն պաշտպանելու՝ դժվարին ու ցավոտ երկընտրանքի միջեւ, քանզի որքան էլ այսօր «ագրեսոր» համարի իր կողմից ցեղասպանության ենթարկված երկրին ու նրա ժողովրդին, Արևմուտքը ոչ միայն չի հավատալու նրան, այլև Թուրքիայի երեսին է շպրտելու անհերքելի վավերագրերը:

Ուրեմն՝ Ադրբեջանի հետ դիմակայության մեջ հաղթելու եւ այդ ճանապարհով մասնակի փոխհատուցում ստանալու՝ Հայաստանի իրավունքը Արևմուտքի կողմից սկսում է դիտվել իբրև հայ-թուրք-ադրբեջանական թնջուկի կազմաքանդման բնական լուծում:

Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ