կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-25 19:33
Աշխարհ

Վատիկանը պատասխան է տալու մանկապիղծ հոգեւորականների փոխարեն

Վատիկանը պատասխան է տալու մանկապիղծ հոգեւորականների փոխարեն

Վատիկանի պետքարտուղարությունը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Իռլանդիայում Հռոմի պապի պատվիրակ մոնսենյոր Ջուզեպե Լեանցային. ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` այսօր տեղեկացրել է Վատիկանի ռադիոն:

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է իռլանդական կառավարության` հուլիսի 13-ին հրապարակված զեկույցի կապակցությամբ, որում մեղադրանքներ են ներկայացվել Կլոյնի կաթոլիկ թեմի հոգեւորականներին` անչափահասների նկատմամբ բռնություններ իրականացնելու համար: Զեկույցում նաեւ ընդգծվել է, որ հոգեւորականները թաքցրել են երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտձգությունների փաստը մինչեւ 2009 թվականը:

Այդ փաստաթուղթը մեկնաբանելով` Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին հայտարարել էր, որ «բռնության վերացման դեմ միջոցառումներ կիրառելու փոխարեն, Վատիկանը փորձել է պաշտպանել իր իշխանությունը»:

Իր հերթին, Դուբլինի արքեպիսկոպոսը կտրականապես հերքել է մեղադրանքները` միաժամանակ խոստովանելով, որ Կլոյնի թեմում «անտեսվել են 2001 թվականին կարդինալ Ռատցինգերի (ներկայիս Հռոմի պապի) կողմից սահմանված նորմերը»:

Վատիկանի ռադիոն հիշեցրել է, որ մարտի 20-ին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապն իր հայրապետական ուղերձում ներողություն է խնդրել մանկապիղծ հոգեւորականների զոհերից:

Պապի պատվիրակին Վատիկան կանչելու փաստը ինքնին բացառիկ երեւույթ է Վատիկանի դիվանագիտական պրակտիկայում եւ ցույց է տալիս իրադրության լրջությունը: «Հռոմը պատրաստվում է օբյեկտիվորեն եւ վճռականորեն ուսումասիրել տեղի ունեցածը եւ պաշտոնական պատասխան տալ Իռլանդիայի կառավարությանը»,- ասել է Վատիկանի կնիքի ծառայության ղեկավար հայր Չիրո Բենեդիտինին: