Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 15-29-ը Շուշիում կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը` ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործի. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Այսօրինակ հավաք Արցախում անցկացվում է առաջին անգամ, որին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին, Մադալենա Ջովաննելլին, Լուիզա Մորոնին, քանդակագործներ, նկարիչներ /թվով 22/: Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջերարդո Լո Ռուսսոն:
Նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռևս 2009 թ., երբ, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու հրավերով, Ֆլորենցիայում բնակվող հայաստանցի քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ Հայաստան էր այցելել իտալացի անվանի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն` մասնակցելու Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսին:
Հավաքի առանցքը` ի թիվս դասախոսությունների, վարպետության դասերի, ցուցահանդեսների և կինոդիտումների հագեցած ժամանակացույցի, քանդակների ստեղծումն է, որի արդյունքում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրն ազատ թեմայով կկերտի իր քանդակը Շուշիի կրաքարից` այն նվիրելով քաղաքին: Նյութի ընտրությունը խորհրդանշական է այն առումով, որ հենց այդ քարից է կառուցված Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին:
Գաղափարի հեղինակ մաեստրո Վիգեն Ավետիսի բնորոշմամբ` 15 քանդակ ամեն տարի, և 10 տարի անց Շուշին կզարդարի արվեստի 150 աշխատանք` այն վերածելով իրական թանգարանի բաց երկնքի տակ:
Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն կատալոգում` արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:
Ստեղծագործական ողջ ընթացքը կվավերացվի իտալական Studio Quagli-ի կողմից ստեղծվող վավերագրական ֆիլմում, որում նաև անդրադարձ կլինի Հայաստանի, Արցախի ու Արևմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Ըստ արդեն ստեղծված նախնական պայմանավորվածության` ֆիլմը ցուցադրվելու է իտալական Rai 1 հեռուստատեսությամբ:
Հունիսի 16-ին իտալացի արվեստագետներին կընդունի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հյուրերը կայցելեն ՀՀ մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, «Նարեկացի» արվեստի միություն: Նույն օրը ՀԱՊ-ում ժամը 11:00-ին նախագծի մասնակիցները հանդես կգան ասուլիսով, որից հետո Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովաննելլին կանցկացնի դասախոսություն 17-րդ դարի իտալական գեղանկարչության թեմայով: Կցուցադրվի ֆիլմ` «Մեկ քանդակի պատմություն»: Դասախոսության մուտքն ազատ է: