կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 16:50
Մշակույթ

Ինձնից սպասեք ամենաանսպասելին. լուցկիներից, մրգերից զգեստներ կերտող նկարիչը նոր շարք է խոստանում

Ինձնից սպասեք ամենաանսպասելին. լուցկիներից, մրգերից զգեստներ կերտող նկարիչը նոր շարք է խոստանում

Boredpanda.com-ը, Adme.ru-ն օրերս ներկայացրել էին նորաձևության ասպարեզի` ազգությամբ հայ նկարիչ Էդգարի արվեստի գլուխգործոցները: Նա իր դիզայներական էսքիզներում օգտագործում է մրգեր, լուցկու հատիկներ, ծաղկաթերթիկներ, տերևներ, ցորենի հասկ… Էդգարը դեռևս չի ցանկանում ամբողջությամբ բացահայտել իր` ով լինելը: Yerkir.am-ը վիրտուալ զրույց է ունեցել նկարչի հետ:

 

-Երբվանի՞ց եք սկսել ստեղծագործել, Հայաստանո՞ւմ եք ապրում, ի՞նչ մասնագիտություն ունեք:

-21 տարեկան եմ, ապրում եմ Հայաստանում: Նկարել սկսել եմ մանկուց, բայց ժամանակի ընթացքում սիրել եմ նորաձևությունը և երազել սեփական հավաքածու ունենալու մասին:

-Ձեր գործերը յուրահատուկ են, տարբերվող, ինչպե՞ս ծագեց գաղափարը` նկարներին կցել նաև այլ «պարագաներ»:

-Ոգեշնչվել եմ Շամեխ Բլուիի և Քրիստինա Ուեբի գործերից: Հիմա ամեն առարկայի նայում եմ այն տեսանկյունից, թե ինչ զգեստ կարող եմ դրանից պատրաստել: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր առարկա կարող է ինձ ոգեշնչել:

-Ձեր գործերում հիմնական թեմատիկան կինն է` իր յուրօրինակ հագուստով, այլ թեմատիկայով ունե՞ք գործեր, կամ առաջիկայում ի՞նչ թեմատիկայով նկարների սպասենք:

-Ես իմ նկարների միջոցով արտահայտում եմ նորաձևության և հագուստի իմ ոճը: Շատ կցանկանայի այս զգեստներն ապագայում իրական դարձնել: Ինչ վերաբերում է այլ թեմատիկայի անցնելուն` ինձնից կարող եք սպասել ամենաանսպասելին:

-Արվեստը մտքի ազատ թռիչք է ենթադրում, բայց շատերը չեն ընդունում «ընդունված» ձևից շեղումները: Ի՞նչ եք կարծում, արվեստը պետք է սահմանափակումնե՞ր ունենա:

-Ոչ, ես տանել չեմ կարողանում, երբ սահմաններ են դնում, մանավանդ` արվեստում: Արվեստը հենց ինքն իրենով չունի սահման, ու ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու արվեստը, քանի որ արվեստը մարդու հոգու քաղցը կարող է հագեցնել և մարդուն թևեր տալ, հույս և հավատ:

-Հայաստանում ինչո՞ւ այլընտրանքային արվեստը գրեթե չի զարգանում, ի՞նչն է պակասում` լավ ստեղծագործողներ չունե՞նք, թե՞ համապատասխան պայմաններ չկան:

-Պակասում է կառավարության ուշադրությունը: Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց կառավարությունն անտեսում է նրանց և կոտրում մարդկանց հույսերը /իմ կարծիքն է/: Չկան պայմաններ, որ աջակցեն տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի գոնե որոշ չափով իրականացնեն իրենց երազանքները, չէ՞ որ հենց նրանք կարող են Հայաստանի անունը բարձր պահել:

-Չե՞ք պատրաստվում Ձեր նկարները ցուցադրել:

-Ես ավելի շատ ցանկանում եմ իրականացնել իմ մտահղացումները և իրական զգեստների վերածել:

-Ի՞նչ պայմաններում կուզեիք ստեղծագործել, կամ ի՞նչն է պակասում Ձեզ ստեղծագործելու համար:

-Կցանկանայի, որ ինձ աջակցեին` ստեղծել բրենդ, ստեղծել հավաքածու, որի միջոցով, ես համոզված եմ, որ շատերին կզարմացնեմ: Կարծում եմ` ինձ դա է պակասում:  

 

Կ. Հ.