կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 18:04
Տնտեսական

Գյուղացին գիտի՞, թե՞ նախարարությունը

Գյուղացին գիտի՞, թե՞ նախարարությունը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում եւ հարակից սահմանամերձ գյուղերում արդեն մեկ ամիս է` անվտանգության նկատառումներով կարանտին է հայտարարվել խոշոր եղջերավոր անասունների դաբաղի պատճառով:

Ճամբարակից դեպի Սեւան եւ Դիլիջան գնացող մայրուղիներում հերթապահում է ոստիկանությունը, որպեսզի ճամբարակցիները չկարողանան կաթնամթերք եւ մսամթերք արտահանել իրենց տարածքից:

Կարանտինի եւ հիվանդության կապակցությամբ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Երկիր»-ին հայտնեց, որ միջոցառումներ են իրականացվում վարակի տարածումը կանխելու համար:

«Մասնագետներն արդեն այցելել են տարածաշրջան, ուսումնասիրել, սակայն դեռեւս ոչ մի եզրակացություն չկա, թե որտեղ է վարակի աղբյուրը»,- ասաց քաղաքապետը` հավելելով որ ներկա պահին համայնքում հաշվառված է 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Իսկ սահմանամերձ Վահան գյուղի համայնքապետ Գուրգեն Բալայանը մեզ ասաց, որ իրենց մոտ դաբաղ դեռ չի նկատվել, սակայն իրենց մոտ էլ է կարանտին, եւ արդեն ինչքան ժամանակ է` «Աշտարակ Կաթ»-ն իրենցից կաթ չի գնում, մինչդեռ մինչ կարանտինը ընկերությունը օրական 3-4 տոննա կաթ էր գնում:

Թթուջուրի գյուղապետ Սամվել Ստեփանյանն էլ «Երկիր»-ին հայտնեց, որ գյուղի անասունները առողջ են, բայց մտավախություն ունեն, որ հիվանդությունը կարող է իրենց մոտ էլ ներթափանցել, քանի որ Թթուջուրի, Ճամբարակի եւ Գետիկ գյուղի արոտավայրերը շատ մոտ են:

Թթուջուրում ներկա պահին հաշվառված է 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գյուղապետը տեղեկացրեց, որ, նախորդ տարվա համեմատ, դրանց թիվը պակասել է 400-ով. սոցիալական ծանր վիճակում ապրող գյուղացիները ստիպված մորթել են անասուններին:

Գետիկի համայնքապետ Սարգիս Այունցը մեզ հետ զրույցում հաստատեց վարակի փաստը, սակայն նշեց, որ դեռ որեւէ եզրակացություն չի արվել:

«Արդեն երեք օր է` հիվանդությունը լայն թափ է առել: Օրեր առաջ այստեղ էր մասնագետների խումբը` գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորությամբ: Ուսումնասիրեցին, արյան անալիզներ վերցրեցին, որպեսզի հասկանանք պատճառները, սակայն դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց նա` հավելելով, որ այսօր առավոտյան հիվանդության ախտանիշներ են նկատվել նաեւ հորթերի շրջանում:

Ներկայումս Գետիկում հաշվառված է 555 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Տարածաշրջանի մի քանի անասնապահների հետ զրույցից պարզ դարձավ, որ վիճակն օրհասական է, եւ միայն կարանտինով խնդրին լուծում չի տրվի:

Մինչդեռ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը մեզ հայտնեց, որ «չնայած լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի անասունների մոտ դաբաղի դեպքեր չկան, չկան նաեւ ողջ հանրապետության տարածքում, այնուամենայնիվ, հունիսի սկզբից այնտեղ հայտարարված կարանտինը դեռեւս ուժի մեջ է մնում` կանխարգելիչ նկատառումներից ելնելով»:

Պաշտոնյան հիշեցրեց, որ Ճամբարակը սահմանակից է Ադրբեջանին, իսկ այդ երկրում անասունների դաբաղի դեպքեր են գրանցվել, իրենք էլ որոշել են կարանտին հայտարարել: «Սակայն եթե գյուղացիներն ունենան անասնաբույժի կողմից տրված համապատասխան փաստաթուղթ, ապա, կարող են անարգել մայրաքաղաք բերել եւ վաճառել իրենց կաթնամթերքը»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարող է բացատրել այն փաստը, որ արդեն հորթերի մոտ են նկատվում վարակի ախտանիշներ, Պիպոյանը հայտնեց, որ նման տեղեկություն իրենք  Ճամբարակից դեռ չեն ստացել:

Գալուստ ՆԱՆՅԱՆ