կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 16:59
Տնտեսական

Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզ

Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.:

Մինչ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին և ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը, նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և արտադրական գործընթացին: Նախագահին ներկայացվել է, որ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը և «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնը ստորագրել են համաձայնագիր «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետև տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները: