Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և Կոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիներին: Դրանք նախատեսված են ապահովելու բարձր բերքատվություն՝ մեծացնելով գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ հետագայում հաջողված փորձը կիրառելի դարձնելով նաև այլ մարզերում:
Նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները և տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում: 2016-2018թթ. նախատեսվում է իրականացնել ևս 200.0 մլն դրամի ներդրում: Վարձակալված ընդհանուր 35.4 հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից և հողի որակից, հիմնել է 29.3 հեկտար մակերեսով ընկուզենու և խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար: Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան. կառուցվել են արդի ավտոմատացված ոռոգման կաթիլային և կարկտապաշտպան համակարգեր (այգին ցանցապատվել է):
Հողային աշխատանքներն սկսվել են 2014թ. հոկտեմբերին, իսկ ծառատունկը կազմակերպվել է 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին: Կատարված աշխատանքների արդյունքում, խնձորենին և ընկուզենին լիարժեք բերքատվության ցուցանիշներ կապահովեն համապատասխանաբար 4-րդ տարում (40 տոննա 1 հեկտարից) և 7-րդ տարում (7 տոննա 1 հեկտարից):
«Կովկասֆուդի» պատասխանատուների հավաստմամբ, ընթացիկ աշխատանքների և պահպանման համար այգում ներկայումս մշտական աշխատանք է իրականացնում 10 աշխատակից՝ 150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ նախնական հաշվարկներով, այգում լրացուցիչ կաշխատեն 30-50 աշխատակից՝ 120,000-150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: