Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր մի շարք ուշագրավ բացահայտումներ արեց:
Պարզվում է` ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղելու մտքից հրաժարվելու խնդրանքով շատերն են դիմել նրան: Թե հատկապես ովքեր, տիկին Փոստանջյանը չմանրամասնեց: «Բոլորը գիտեն, թե ինչպես են իրենք խնդրել, որ ես հանեմ հարցս` հանկարծ հարց չտամ: Բոլորը գիտեն, մեր պատվիրակության անդամներն էլ գիտեն, թե ովքեր էին խնդրում, ինչ էին անում»,- նշեց նա:
Երկրորդ սենսացիոն հայտարարությունը Զարուհի Փոստանջյանն արեց քիչ ավելի ուշ, երբ լրագրողները նշեցին, որ կարծիքներ կան, թե նրա հարցը նախապես պայմանավորված է եղել Սերժ Սարգսյանի հետ: Ընդդիմադիր գործիչը նշեց, որ ցավում է նրանց համար, ովքեր նման բան են պնդում եւ համեմատություններ տանում Ադրբեջանի հետ:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ադրբեջանցիները հարց չուղղեցին Հայաստանի նախագահին, պատգամավորը պատասխանեց. «Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը պայմանավորվել էր Չավուշօղլուի հետ»:
Անդրադառնալով հիշյալ «չարաբաստիկ» հարցից հետո Հայաստանում հնչած գնահատականներին (որոշ շրջանակներ հարցը նույնիսկ «անբարոյական» են համարել)` Փոստանջյանը նշեց. «Անբարոյականությունն այն է, որ մենք փորձում ենք փակել, կոծկել այն, որ տեղի են ունեցել կեղծիքներ, եւ ավտորիտար ռեժիմը հենց այդ օրվանից է սկսել գործել»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանի արձագանքին, որ Դաշնակցությունն էլ է ժամանակին ճնշվել ու հետապնդումների ենթարկվել, «սակայն երբեք դրսից տղա չի բերել, օտարին չի բողոքել ներսի իշխանություններից», Փոստանջյանը նշեց, որ մենք ԵԽԽՎ-ի լիարժեք անդամ ենք, եւ մեր իրավունքն է` օգտվել նրա պաշտպանությունից. «Մենք չենք դիմել օտար ուժերի, մենք դիմել ենք մի տեղ, որտեղ մենք լիարժեք անդամ ենք: Դա իր գնահատականն է: Ես այդպես չեմ համարում»: