կարևոր
3658 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 11:30
Քաղաքական

Բաքուն եւ Երեւանը պայմանավորվե՞լ են

Բաքուն եւ Երեւանը պայմանավորվե՞լ են
Մարտի 13-ին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրուցելիս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին: Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն «ընդունել է Ադրբեջանի առաջարկները բաց մնացած երկու հարցերի վերաբերյալ»:

Հիշեցնենք՝ ինչի մասին է խոսքը։ 2024 թ-ի դեկտեմբերին Ալիեւը խոսեց այն երկու կետերի մասին, որոնց շուրջ կողմերին չէր հաջողվում փոխզիջման հասնել, այն է՝ միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերի, ինչպես նաեւ պետական սահմանին երրորդ ուժերի տեղակայման մասին։

Եվ ահա, կարծես թե այդ հարցերը հանված են, գոնե ֆորմալ մակարդակով։ «Տեքստի շուրջ աշխատանքներն ավարտված են», – հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ «հետագա փուլում Հայաստանը պետք է իր Սահմանադրության մեջ վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները»: Երեւանում ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի խոսքերը հաստատել են պաշտոնական մակարդակով: ՀՀ Վարչապետի խոսքով՝ «երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվի այդ դրույթների վերաբերյալ իդեալական ձեւակերպումներ ունենալ, մենք Անվտանգության խորհրդի ձեւաչափով քննարկում անցկացրեցինք եւ եկանք այն եզրակացության՝ փաստաթղթի առկա բովանդակությունը կարող է համարվել փոխզիջումային լուծում»։

Մոսկվայում ողջունում են Երեւանի եւ Բաքվի բանակցությունների ավարտը եւ պատրաստ են երկրներ ուղարկել հայ-ադրբեջանական կարգավորման աջակցության իրենց հատուկ ներկայացուցչին, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Վերահատատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։ Տոնայնությամբ մոտավորապես նման հայտարարություններ հնչեցին նաեւ այլ մայրաքաղաքներից, այդ թվում՝ Եվրոպայից, որտեղ ակտիվորեն փորձում են Մոսկվայից խլել «Անդրկովկասյան» օրակարգը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայ-ադրբեջանական տեքստի շուրջ բանակցությունների հայտարարված ավարտը համարել է հակամարտության էջը շրջելու հնարավորություն՝ նախագահ Թրամփի «ավելի խաղաղ աշխարհի» տեսլականին համապատասխան: Սաուդյան Արաբիայի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարությունները վստահություն են հայտնել՝ համաձայնագրի ստորագրումը ճանապարհ կբացի Հարավային Կովկասում համագործակցության եւ փոխըմբռնման համար, մնանատիպ հայտարարություններ են եղել Հռոմից, Վարշավայից, Զագրեբից եւ այլն: Իրանի նախագահ Փեզեշքիյանը հիշեցրել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարեւորության մասին․ հայտնի է՝ Բաքվում պնդում են ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային բնույթի վրա, ինչը կարող է հղի լինել Թեհրանի համար ոչ բարենպաստ տեղաշարժերով Հայաստանի հետ սահմանին (ռուս սահմանապահներն Ագարակի անցակետից արդեն հեռացել են):

Ի դեպ, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման գործընթացի եւ դրա ժամկետների վերաբերյալ գնահատականներում ցանկացած լավատեսություն մի փոքր վաղաժամ է թվում։ Անդրկովկասյան հակամարտության երկար պատմության մեջ սա ամենեւին էլ առաջին դրվագը չէ, երբ հայտարարվում էր բանակցային գործընթացի ավարտի մասին՝ խաղաղ համաձայնագրերի ստորագրման ելքով, որն ամեն անգամ ձախողվում էր։ Այստեղ բավական է հիշել առնվազն 2001 թ-ի «Փարիզյան սկզբունքները», 2007-2009-ականների «Մադրիդյան սկզբունքների» մի քանի տատանումները, ինչպես նաեւ 2011 թ-ի ամռանը Կազանում կայացած հանդիպումը, երբ Ադրբեջանի նախագահ  Ալիեւը տասնյակ լրացուցիչ պահանջներ առաջ քաշեց՝ որպես արդեն համաձայնեցված փաստաթղթի ստորագրման նախապայմաններ (ցանկն ամբողջական չէ)։

Հայտնի է՝ 2020 թ-ի 44-օրյա պատերազմը եւ 2023 թ-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական վերադարձը Բաքվի վերահսկողությանը արմատապես փոխել են տարածաշրջանում բազմամյա ստատուս քվոն։ Գործելով ուժի դիրքերից՝ այնտեղ հստակ հասկացնում են՝ առանց Հայաստանի հիմնական օրենքի փոփոխության (տարածքային պահանջների բացակայության մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը Բաքվի համար ակնհայտորեն բավարար չէ) եւ առանց Երեւանի համաձայնության՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ միայն չեն ստորագրի որեւէ համաձայնագիր, այլեւ ընդհանրապես չեն բանակցի։

Ներկայումս շատ վաղաժամ է խոսել փաստաթղթի ստորագրման մասին եւ արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ, ասում է Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովը: Նրա խոսքով՝ «կարեւոր է, որ բոլոր պայմանները կատարվեն։ Հայաստանը պետք է դադարի զինվել, եւ սահմանից պետք է հեռանան երրորդ պետությունների ուժերը»։ Չնայած ռազմական ներուժի ակնհայտ տարբերությանը, Հայաստանի պաշտպանակն մի շարք պայմանագրեր ֆրանսիացի եւ հնդիկ գործընկերների հետ առաջացրել են Բաքվի կոշտ արձագանքը, ինչպես նաեւ եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը որոշ շրջաններում (ռուս սահմանապահները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ կետերից հեռացել են 2024 թ-ին՝ Երեւանի եւ Մոսկվայի համաձայնությամբ)։ Հատկանշական է՝ Բայրամովի հայտարարության հետ միաժամանակ, ելույթ ունենալով նույն «գլոբալ ֆորումում», Ալիեւը հայտարարել է, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի կողմից ներխուժման սպառնալիքի մասին. «...նրանք մեծացնում են իրենց ռազմական ներուժը», ինչը, իբր, նշանակում է նախապատրաստվել նոր պատերազմի։

Կարելի է ենթադրել՝ վերոնշյալ նախապայմաններից բացի, կան նաեւ այլ նախապայմաններ, որոնք կառաջադրվեն այն ժամանակ, երբ Բաքվում դա անհրաժեշտ համարեն։ Օրինակ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հիշատակել է «Հայաստանի տարածքում թաքնվող» գործիչներին Ադրբեջանին հանձնելու պահանջի մասին, որոնց ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հանցագործներ: Այս առնչությամբ «Պատիվ ունեմ» խմբակցւոթյան քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է․ «սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ նրան քաղաքական քարտեզից վերջնականապես հանելը»: Չնայած հյուսիսային հատվածում սահմանի մասնակի սահմանազատմանը եւ սահմանագծմանը՝ փոխվարչապետներ Մուստաֆաեւի եւ գրիգորանի համանախագահությամբ գործող գլխադասային հանձնաժողովը դեռ շատ անելիքներ ունի, չլուծված են մնում անկլավների, հիպոթետիկ տրանսպորտային միջանցքների իրավական կարգավիճակի եւ այլ հարցեր:

Իր գործողություններով պաշտոնական Բաքուն ցույց է տալիս, որ մտադիր չէ հրաժարվել Հայաստանի դեմ միջազգային հայցերից, կարծում է նախկին օմբուդսմեն եւ իրավապաշտպան Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ իր «դատավարությունների» ընթացքում Բաքուն «Հայաստանի կողմից պատճառված նյութական վնասը» գնահատել է 11 մլրդ դոլար՝ ներառյալ տասնյակ հազարավոր գույք եւ հարյուրավոր բնակավայրեր: Իսկ գործող իշխանությունները՝ ի դեմս քպ-ի կուսակցության եւ նփ-ի կառավարության, հայտարարում են՝ պատրաստ են բանակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման վայրի եւ ամսաթվի շուրջ, այն դեպքում, երբ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը լավագույն դեպքում կարող է հանրաքվեի դրվել 2026 թ-ի երկրորդ կեսին։

Այսպիսով, պետք է համաձայնել դիտորդների հետ, որոնք ենթադրում են, որ բանակցային գործընթացը կարող է կանգնել դադարի վրա, որը կարող է բավական երկարատեւ լինել, այն դեպքում, երբ Բաքվում եւ Երեւանում եւշադիր կհետեւեն արտաքին կոնյունկտուրային՝ ձգտելով ավելի շատ օգուտ քաղել դինամիկ փոփոխվող միջավայրում։ Չի բացառվում այն տարբերակը, որի դեպքում Սպիտակ տան գործող վարչակազմը կհամաձայնի Կովկասյան տարածաշրջանը թողնել Մոսկվային, որն, այնուամենայնիվ, ստիպված է հաշվի նստել վերջին տարիներին ակնհայտորեն ամրապնդված ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ։

 

Անդրեկ Արեշեւ

Աղբյուրը՝ infoshos.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի