կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 11:34
Առանց Կատեգորիա

Ձախողված Կազան

Ձախողված Կազան

Երեկ Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական, թվով 9-րդ եռակողմ հանդիպումը փաստացի չարդարացրեց միջազգային հանրության սպասելիքները:

Մոտ երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում չստորագրվեց հակամարտության կարգավորման՝ 14 սկզբունքներն ամփոփող շրջանակային փաստաթուղթը: Փոխարենը, ինչպես գրեթե ամեն հանդիպումից հետո, կողմերը հանդես եկան ոչինչ չասող բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ, որում ընդամենը նշվում է, թե նախագահները հաստատել են մի քանի սկզբունքների շուրջ փոխըմբռնման ձեռբերումը, ինչը նպաստելու է սկզբունքներն ընդունելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Նման փաստաթղթի ընդունումը ցույց է տալիս, որ կողմերն իրականում բանակցություններում որեւէ արդյունքի չեն հասել:

Եթե նախկինում գոնե հաջողվում էր ռազմական գործողությունների դիմելուց ձեռնպահ մնալու շուրջ թեկուզ ձեւական պայմանավորվածություններ ձեռք բերել, այս անգամ դա էլ չի ստացվել: Եվ սա այն դեպքում, երբ հանդիպման նախօրեին միջազգային հանրությունն աննախադեպ կերպով ուժեղացրեց ճնշումները կողմերի վրա:

ԱՄՆ նախագահը նախօրեին անձամբ հեռախոսազրույց ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ ՌԴ արտգործնախարարությունը հարկ համարեց հատուկ հայտարարությամբ ընդգծելու, որ Կազանի հանդիպումը լինելու է սահմանագծային:

Այն, որ մեծ սպասելիքների տեղիք տված հանդիպումն այսպիսի ավարտ է ունենալու, հասկանալի էր դեռ Կազանի բանակցություններից մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե կարգավորման սկզբունքները չեն կարող ընդունվել, քանի դեռ ԼՂՀ-ն չի տվել իր համաձայնությունը:

Իսկ հունիսի 24-ին՝ հանդիպումը դեռ չսկսված, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հետ կապված ձեւաչափն ու մոտեցումները սխալ են: Հունիսի 22-ին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանն անուղղակիորեն հասկացրեց, թե հակամարտությունը չի կարգավորվելու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն դադարել հասարակությանը նախապատրաստել պատերազմի եւ քանի դեռ այդ երկրում հայատյացությունն ու ռասիզմն արմատախիլ չեն արվել:

Հունիսի 23-ին, «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին հայտարարեց, թե իրենք չեն կարող ոչինչ տալ այն բանի դիմաց, ինչ առանց այն էլ իրենց է պատկանում: Այսինքն՝ բանակցող երկու կողմերն էլ ամեն ինչ անում էին ոչ միայն դիմակայելու միջազգային հանրության ուժեղ ճնշումներին, այլեւ հասկացնելու, որ Կազանում Մադրիդյան սկզբունքները չեն ընդունվելու:

Ձախողված այս բանակցությունների ֆոնին երկու հարց է առաջանում: Նախ՝ ի՞նչ է լինելու սրանից հետո: Ուշագրավ է, որ դեռ նախագահների հանդիպումը չավարտված, տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հերթով հանդիպելու են ՄԽ համանախագահների հետ: Այս տեղեկատվությունը մի կողմից վկայում էր, որ ինչ-որ բան այն չէ, մյուս կողմից էլ՝ հասկանալի դարձնում, որ միջնորդները փորձում են ստեղծված վիճակից ելք գտնել, գոնե ինչ-որ արդյունք ապահովելու համար, ինչը պատերազմի վերսկսման միակ այլընտրանքն են համարում:

Ադրբեջանի նախագահը դեռ հունիսի սկզբին էր հայտարարել, որ սա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու վերջին հնարավորությունն է: Սակայն ամսվա կեսերին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ լսումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բրադկեն ասել էր, որ արդյունքի չհասնելու դեպքում իրենք ստիպված են լինելու կարգավորման նոր հայեցակարգով հանդես գալ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներն անցնում են պատմության գիրկը, դժվար է ասել:

Համենայնդեպս այն փաստը, որ միջնորդները ներկայացված փաստաթուղթը համարում էին հաջողված, թույլ է տալիս ասելու, որ այն վերաձեւելու հնարավորությունները սպառվում են: Դովիլի հայտարարության մեջ ԱՄՆ-ի, Ռուասատանի եւ Ֆրանսիայի նախագահները շեշտում էին, որ Կազանում հաջողություն չարձանագրելու դեպքում կողմերը կհաստատեն, որ հավատարիմ չեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Ակնհայտ է, որ Կազանից վերադառնալուց հետո կողմերը ձգտելու են միմյանց վրա բարդել ձախողման պատասխանատվությունը, ինչը լուրջ քարոզչական ճակատամարտեր է խոստանում:

Երկրորդ հարցն այն է, թե արդյոք այս ձախողումից հետո Ռուսաստանին դեռ հնարավորություն կտրվի շարունակելու փաստացի միանձնյա միջնորդի առաքելությունը: Սրա հետ կապված միակ որոշակի բանն այն է, որ Մոսկվայի դիրքերն զգալիորեն թուլանում են: Եվ եթե իսկապես բանակցությունների կոնցեպցիան փոխելու խնդիր է դրվելու, ապա Արեւմուտքը միանշանակ կօգտվի Մոսկվայի այս սայթաքումից եւ գործընթացը կտեղափոխի իր նախաձեռնողականության տիրույթ:

Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ