կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 16:16
Քաղաքական

Զգուշացնում են Հայաստանի` Կազան ուղեւորված նախագահին

Զգուշացնում են Հայաստանի` Կազան ուղեւորված նախագահին

Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հունիսի 24-ի հանդիպման առնչությամբ «Ժառանգությունը» հայտարարում է.

1. Մենք մերժում ենք ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով հանդիպումներն իբրեւ բանակցություն ներկայացնելու եւ դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը, այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլեւ նորանոր վտանգներ հարուցող ու ապակայունացման տանող գործընթաց:

2. Ադրբեջանի ճնշումների տակ բանակցային ձեւաչափի աղճատումը գնահատում ենք իբրեւ հակամարտության էության, պատմության ու արդարացի լուծման հեռանկարի խեղաթյուրման քաղաքականություն, որի արդյունքում.

ա) հակառակ անառարկելի փաստերի, ճիգեր են գործադրվում ագրեսոր Ադրբեջանին ներկայացնել զոհի կերպարով, պարտադրվում է հարգել այլեւս գոյություն չունեցող խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ցեղասպան կոտորածներից, նախահարձակ պատերազմից ու շարունակվող խափանարար գործողություններից ինքնապաշտպանվող հայկական կողմին` ճանաչել «օկուպանտ»,

բ) միակողմանի զիջումներ պարտադրելով ԼՂՀ-ին` փորձ է արվում խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,

գ) ԼՂՀ կայացումն ապօրինի ճանաչելու հնարքով նպատակ է հետապնդվում իրականացնել անիրականանալին` ԼՂՀ-ն բռնակցել Ադրբեջանին:

3. Ադրբեջանի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի ներքո եւ ԼՂՀ-ի բացակայությամբ մշակված փաստաթղթին Հայաստանի` հավանություն տալու հեռանկարը որակում ենք օրինավոր ինքնորոշված, ապագաղութացած, կայացած ու միջազգային ճանաչման արժանի ԼՂՀ-ի դեմ ձախողման դատապարտված հանցավոր դավադրություն:

4. Հիշեցնում եւ զգուշացնում ենք Կազան ուղեւորված Հայաստանի նախագահին, որ.

• առանց ԼՂՀ օրինական ներկայացուցիչների ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ իրավական առումով առոչինչ են,

• իր հանձնառությունը ոչ թե օտար պետությունների ղեկավարների առջեւ է, ինչպես Դովիլյան հայտարարությունն է ակնարկում, այլ` համայն հայության,

• Արցախի սահմանադիր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումն ու ճանաչումը Հայաստանի նախագահի սահմանադրական պարտականությունն է եւ սակարկման առարկա չէ, հետեւաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու եւ ճանաչվելու նրա իրավունքը,

• բանակցությունների ներկայիս ձեւաչափի պահպանումը կամ հետայսու դրա հանդուրժումը կնշանակի ԼՂՀ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո չճանաչելու պատրաստակամություն,

• որեւէ ձեւով այդ դավադրությանը մասնակից դառնալը կնշանակի փաստացի ինքնահրաժարական հայրենիքից ու պաշտոնական պարտականություններից, եւ նման անընդունելի զարգացումների դեպքում պետք է պատրաստ լինել հրաժարականի օրինականացմանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

23 հունիսի 2011թ. Երեւան