կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 15:28
Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնել են Կազան

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնել են Կազան

Այսօր առավոտյան ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները, համապատասխանաբար՝ Փաշիկ Ալավերդյանի և Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ, Երևան-Մոսկվա-Կազան չվերթով մեկնել են  Ռուսաստան՝ նոյեմբերի վերջին տասնօրյակում Հյուսթոնում կայանալիք նախաօլիմպիական աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքն այնտեղ անցկացնելու նպատակով:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պատոնական կայքին ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը տեղեկացրել է, որ ՀԾՖ նախագահ Արմեն Շահազիզյանը ջանք չի խնայում, որպեսզի մեր ծանրորդները լավագույնս նախապատրաստվեն կարևորագույն ստուգատեսներին: Հենց այդ նպատակով էլ որոշվել է վերջին հավաքն անցկացնել մարզական ենթակառուցվածքներով շատ հարուստ Կազան քաղաքին հարակից Զելինոգորսկ մարզավանում, որտեղ տեղակայված է ծանրամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզաբազաներից մեկը:

«Եվրոպայի առաջնությունից հետո թե\' տղամարդկանց, թե\' կանանց համար իրար հաջորդող մի քանի հավաքներ ենք անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում, սակայն աշխարհի առաջնությունից առաջ որոշեցինք վերջին հավաքն անցկացնել ավելի մեծ հնարավորություններով մարզաբազայում»,- ասաց Վահան Խեչանյանը:

Նա նաև նշեց, որ Հյուսթոնում գերխնդիրը լինելու է օլիմպիական 5 ուղեգրերի համար պայքարելը, իսկ այդ առաջադրանքը կատարելուց հետո միայն պայքարել մեդալների համար:

Տղամարդկանց հավաքականը Հյուսթոնում հանդես կգա հետևյալ կազմով՝ Վանիկ Ավետիսյան (69 կգ), Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Մարտիրոսյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան (+105 կգ): Հենց այս կազմից լուրջ սպասելիքներ ունի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Հյուսթոն մեկնելու ենք թիմային պայքարում առաջին տասնյակում տեղ գրավելու նպատակով: Իհարկե, դա չի նշանակում, որ մեդալների համար պայքարելու հնարավորությունից կհրաժարվենք: Մենք ֆեդերացիայի ղեկավարության շնորհիվ մարզիկների նվազագույն բոլոր պահանջները հոգացել ենք, ուսումնամարզական հավաքներն անցել են բարձր մակարդակով, ուստի ակնկալում ենք մեդալներ, նույնիսկ՝ ամենաբարձր հարգի: Տղաները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում վարկանիշային՝ աշխարհի առաջնությանը: Արժանիորեն ընտրվել է լավագույն վեցյակը, և տղաները գիտակցում են, որ 0 ստանալու իրավունք չունեն»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

 Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի, կանանց ընտրանին ունի պահեստային: Հաշվարկվող օլիմպիական վարկանիշային չորս մասնակիցների փոխարեն Հայաստանը Հյուսթոնում կունենա 5 ծանրորդուհի: Նրանք են՝ Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Ճիշտ է, մեր կանանց հավաքականը ի զորու չէ առավելագույն՝ 4 օլիմպիական ուղեգրերին տիրանալ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հավատում է երեք ուղեգրի հնարավորությանը:

 «Եթե Հյուսթոնում աղջիկները հանդես գան իրենց հնարավորությունների սահմանում, ապա երեք ուղեգիր ձեռք կբերենք»,- ասաց նա:

Իսկ Նազիկ Ավդալյանի վերադարձի մասին հատուկ շեշտեց. «Նազիկը մեծ կամքի տեր աղջիկ է. ծանր ավտովթարից հետո նա կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերադառնալ մրցահարթակ: Նա այս պահին իր լավագույն տարիների առնվազն 80% վերականգնել է, ուստի նրանից սպասելիքներ ունենք»: