Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես երկրի իշխանությունները, այնպես էլ շատ գործարարներ Հայաստանի զարգացումը տեսնում են գիտելիքահեն տնտեսության ձևավորման մեջ, և այն կարևորվում է ոչ միայն տնտեսության արդիականացման տեսանկյունից, այլ նաև աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով։ Հատկապես գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացումը թելադրված ու պարտադրված է տևական տրանսպորտային շրջափակումներով, էներգակիրների ու հանքային ռեսուրսների սակավությամբ։
ՀՀ գիտության և կրթության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի և միջոցառումների նախագիծը, որի նպատակը ՀՀ գիտության ոլորտի հետագա զարգացման ապահովումն է` կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և Սփյուռքի ջանքերի զուգակցմամբ:
Խնդիրների թնջուկ
Նախագծի՝ այժմ ՀՀ գիտության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի անկատարություն` օրենքները, կարգերը չեն համապատասխանում արդի ժամանակների պահանջներին: Հստակեցված չեն պետական մարմինների դերն ու պատասխանատվությունը գիտության նկատմամբ, ոլորտում դանդաղ են իրականացվում կառուցվածքային բարեփոխումներ, բացակայում է գիտական կազմակերպությունների գործունեության գնահատման ժամանակակից համակարգը: Միևնույն ժամանակ, փոքր է պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը, մասնավորապես՝ 2008-2010 թթ. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին հատկացված ֆինանսական միջոցների ծավալները կազմել են ՀՆԱ-ի 0.19%, 0.27%, 0.24%-ը, ինչը զգալիորեն զիջում է և' զարգացած, և' զարգացող երկրների ցուցանիշներին: Օրինակ՝ ԵՄ 27 պետություններում ոլորտին հատկացվող միջոցները միջինը կազմել են ՀՆԱ-ի 1.77%-ը, բալթյան պետություններում` 0.6-1.3%-ը, ՌԴ-ում` 1%-ը, իսկ ամենաբարձր ցուցանիշը Իսրայելում է՝ 4.9%:
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում և Ադրբեջանում, գիտությանը հատկացվող միջոցները համեմատական են ՀՀ ցուցանիշին, իսկ Թուրքիայում այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 0.7%-ը, Իրանում` 0.6%-ը: Խնդիր է նաև այն, որ ՀՀ գիտության ոլորտի բյուջեի ներքին կառուցվածքում չնչին է տնտեսության մասնավոր հատվածի մասնակցությունը, այսինքն՝ գիտական կազմակերպությունների արտաբյուջետային միջոցները հիմնականում ձևավորվում են միջազգային դրամաշնորհների և նվիրատվությունների հաշվին, ինչի արդյունքում գիտական հետազոտությունները և հայտնագործությունները չեն ուղեկցվում տնտեսության տարբեր ոլորտներում դրանց հետագա կիրառությամբ: Մասնավորապես, ըստ գիտական կազմակերպությունների և բուհերի անձնագրավորման տվյալների, 2008-2009 թթ. ոլորտի ընդհանուր ֆինանսավորման միայն 15%-ն է տրամադրվել կիրառական բնույթի հետազոտությունների իրականացման համար:
Ծերացող գիտություն
Գիտության ոլորտի հիմնահարցերից է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների սակավությունը: Մասնավորապես՝ 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցողների թվաքանակը 3127 է, և նրանց միջին տարիքը կազմում է 56, 60 և ավելի տարիք ունեցողների քանակը 47% է, իսկ 27-35 տարեկանները կազմում են ընդամենը 15%: Սա բացատրվում է ոլորտում ընդգրկվածների աշխատավարձերի ցածր մակարդակով, մասնավորապես՝ 2011թ. պետբյուջեի պլանով ոլորտում աշխատավարձը կազմում է մոտ ‘60 հազ.։
Հավելենք, որ 2011թ. առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է ավելի քան Դ107 հազ.: Իսկ ներկայացված «ռազմավարության» նախագծում առաջիկա հնգամյակում գիտության ոլորտի աշխատավարձերի շարժի վերաբերյալ այդպես էլ հստակություն չկա։ Բացի աշխատավարձի մակարդակից` գիտաշխատողների թվաքանակի վրա ազդում է այն, որ մասնագիտությունների գծով պետական պատվերների ձևավորման ժամանակ հաշվի չի առնվում շուկայում դրանց նկատմամբ առկա առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը: Այս խնդրի լուծման համար կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է ստեղծել հատուկ հետազոտական համալսարաններ, որոնք ոլորտի ուսումնասիրության արդյունքում վեր կհանեն այն մասնագիտությունները, որոնք ավելի մեծ պահանջարկ են վայելում:
Նպատակ է դրված նաև փոխել ուսուցումը բովանդակային առումով: Նախագծով սահմանված են նաև Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2011-2014 թթ. գերակայությունները, դրանք են` հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտություններ, վերականգնողական, էներգետիկայի, էներգիայի նոր աղբյուրների, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի ուսումնասիրության և այլ գիտություններ: Այս ոլորտները գերակայություններ են համարվել՝ հաշվի առնելով երկրի գիտական ներուժի հնարավորությունները և տարիների ընթացքում ձեռք բերված արդյունքները: Վերջում նշենք, որ 2010թ. գիտության ոլորտում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել է 158 ծրագիր, որից 59-ը` կատարվել է ՀՀ ԳԱԱ կազմակերպություններում (որը կազմել է ընդհանուր ֆինանսավորման 74%ը), 74-ը` բուհերում (ընդհանուր ֆինանսավորման 24.3%-ը), 25-ը` ճյուղային նախարարությունների գիտական կազմակերպություններում: