կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 16:20
Առանց Կատեգորիա

Պարգեւավճարների երկրում Նոյեմբերյանի անասնաբույժները աշխատում են առանց աշխատավարձի

Պարգեւավճարների երկրում Նոյեմբերյանի անասնաբույժները աշխատում են առանց աշխատավարձի

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի անասնաբույժները Yerkir.am-ին ահազանգեցին, որ իրենք հունվարից սկսած մինչ օրս աշխատավարձ չեն ստացել։ 

Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ պարզաբանեցին, որ անասնաբույժները մինչ օրս չեն եղել իրենց հաստիքացուցակում, և վերջիններիս հետ պայմանագրերը կնքվել են միայն օրեր առաջ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ավագանու մարտի 30-ի նիստի որոշմամբ։ Այդպիսով՝ 8 գյուղ և մեկ քաղաք ընդգրկող խոշորացված համայնքի 8 անասնաբույժները ապրիլի 1-ից սկսած, որպես համայնքային անասնաբույժներ, վճարվելու են համայնքի բյուջեից։ 

Դիմեցինք մարզի գլխավոր համաճարակաբան Նորիկ Գիշյանին, ով հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկությունը և հայտնեց ուշագրավ այլ մանրամասներ։ 

Պարզվում է՝ Նոյեմբերյանի նախկին շրջանի մյուս երկու խոշորացված համայնքներից՝ Կողբը, օրինակ, անասնաբույժներին վճարում է իր բյուջեից դեռ 2007 թվականից սկսած, Կողբի անասնաբույժները մինչ 2019 թվականի տարեվերջ աշխատավարձ են ստացել նաև անցյալ տարի լուծարված «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ից՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում։ 

Երրորդ խոշորացված համայնքը՝ Այրումը, չի հետևել Կողբի օրինակին, և Այրումի անասնաբույժներն իրենց աշխատավարձը մինչ 2019 թվականի տարեվերջ ստացել են վերոհիշյալ լուծարված ՊՈԱԿ-ից։ 

Նույնկերպ, փաստորեն, մինչ անցյալ տարեվերջ այս ՊՈԱԿ-ից են ստացել իրենց աշխատավարձը Նոյեմբերյանի խոշորացված համայնքի անասնաբույժները։  

Ըստ մարզի գլխավոր համաճարակաբանի, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի լուծարումից հետո կառավարությունում քննարկվել և որոշում է ընդունվել նոր՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմավորման մասին, և այժմ ընթանում է վերոհիշյալ ՊՈԱԿ-ում անասնաբույժների գրանցման և աշխատանքների կազմակերպման փուլը։ 

Իսկ մինչ նոր ՊՈԱԿ-ի կազմավորումը՝ Տավուշի մարզի՝ նախկին ՊՈԱԿ-ից իրենց աշխատավարձերն ստացող անասնաբույժներն ու համաճարակաբանները, փաստորեն, արդեն 4 ամիս է, ինչ որևէ տեղից աշխատավարձ չեն ստացել։ 

Արդա՞ր է դա՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի տեղակալի գործավարը ապրիլ ամսին ստացել է 300.667 դրամ պարգևավճար, իսկ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը՝ 560.000 դրամ, Գիշյանը համեստորեն լռեց, քիչ անց՝ պատասխանեց, որ իրենք համաճարակաբանները հունվարից սկսած իրենց չստացած աշխատավարձերը կստանան, իսկ անասնաբույժները կստանան միայն մարտից սկսած։ Կստանան, սակայն հայտնի չէ՝ թե երբ։ 

Ստացվում է՝ գոնե անասնաբույժները հունվար-փետրվարին ձրի՞ են աշխատել, արդա՞ր է դա՝ հարցին՝ Գիշյանը փորձեց կրկին համեստորեն հիմնավորել, որ պատվաստանյութ չի եղել, քանի որ ՊՈԱԿ չի եղել, և անասնաբույժների պայմանագրերը կնքվել են մարտից։ 

Փորձեցինք հասկանալ՝ թե այդ ի՞նչ գումարների մասին է խոսքը, որ կառավարությունը զլանում է վճարել Նոյեմբերյանի երեք խոշորացված համայնքների անասնաբույժների հունվար-փետրվար ամիսներին տրվելիք աշխատավարձը։ Պարզեցինք հետևյալը. 3 համայնքները միասին ունեն 11 անասնաբույժ, յուրաքանչյուրին վճարվել է ըստ կատարած աշխատանքի՝ յուրաքանչյուր անասունի դիմաց 150 դրամ (պետական վճարները հանած՝ 114,5 դրամ)։ Միջինացված՝ յուրաքանչյուր անասնաբույժի աշխատավարձը տատանվել է 100.000 դրամի սահմաններում։ Այսինքն՝ կառավարությունը արդեն լուծարված ՊՈԱԿ-ի միջոցով նախկինում ամսական Նոյեմբերյանի տարածաշրջանի 11 անասնաբույժների համար վճարել է ընդամենը 1.100.000 դրամի սահմաններում ընդանուր գումար։  

Ի՞նչ է ստացվում։ Գյուղատնտեսության նախարարության կրճատման և գործառույթների վերաբաշխման գործընթացը կառավարությունը ձախողել է, արդյունքում՝ ոլորտում քաոս է։ Գյուղատնտեսական ոլորտը ռազմավարական ճյուղ հայտարարած կառավարության խոսքերը փուչիկ են, վկա՝ այն փաստը, որ կառավարությունը վերափոխումների «արանքում» զլանում է անգամ վճարել մարզային անասնաբույժների առանց այն էլ խղճուկ աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ վերջիններս իբր այդ երկու ամիսները չեն աշխատել։ 

Իհարկե գնդակների տարափի տակ ապրող և մաքառող անասնաբույժներին չեն վճարի ընդամենը 100.000 դրամ, որպեսզի ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը աշխատանքի չներկայանալով ստանա շուրջ 800.000 դրամ աշխատավարձ, հարյուրավոր լիտրերի բենզինի կտրոններ, պետական ծառայողական մեքենա և այլն։ 

Իհարկե չեն վճարի հայրենի գյուղերը չլքած սահմանապահ անասնաբույժների 100.000 դրամները, որպեսզի կոճակ սեղմող ԱԺ պատգամավորներն ստանան 700.000 դրամ աշխատավարձն ու հավելյալ ճոխ պարգևավճարները, որպեսզի Վարդավառի օրվա խալի լվալու համար պետբյուջեից խժռեն 5 մլն դրամ, որպեսզի պատգամավորի՝ կառավարությանը քննադատողներին «անբարոյականի զավակներ» անվանող  և նորօրյա սերնդին իր անբարո վարքագծով ապականող, գործնականում ոչինչ չանող օգնականը ԱԺ-ի կաբինետներում սուրճ խմելով բամբասելու համար ստանա ամսական 200.000 դրամ, դեռ ավելին՝ պարբերաբար պարգևատրվի։ 

Չեն վճարի սահմանապահ անասնաբույժներին, որպեսզի հասարակության վրա «խնչած ունեցող» Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը ճգնաժամային ապրիլ ամսին ստանա 560.000 դրամ պարգևավճար։ Չեն վճարելու հող հայրենին հեռավոր մարզերում պահող անասնաբույժներին, որպեսզի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պոպուլիզմի, հիմնարկը քաոսի վերածելու և գործնականում զրոյական արդյունքների համար ամսական ստանա 25.000 դոլար պարգևավճար։  

Եվ այսպես շարունակ…

Հ.Գ. Բնականաբար՝ նույն իրավիճակն է նաև մյուս մարզերի անասնաբույժների պարագայում, և առաջիկայում կանդրադառնանք կառավարության կողմից գյուղոլորտի ներկայացուցիչների հանդեպ դրսևորվող այս անհարգալից վերաբերմունքին։ 

Վահե Սարգսյան