կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 22:06
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Վարկեր՝ առանց վավերացման

ԿԱՊԻՏԱԼ. Վարկեր՝ առանց վավերացման

Հայաստանի կառավարությունը կարծես չի շտապում օգտվել Համաշխարհային բանկի (ՀԲ), ընդհանուր առմամբ, $68 մլն-ի երեք վարկային ծրագրերի միջոցներից։ Պատճառներից մեկը կարող է լինել պետական պարտքը, որը թեև չի հասել վտանգավոր սահմանագծին, այնուամենայնիվ մտահոգիչ ծավալներ ունի։

ՀԲ-ն անցած տարվա նոյեմբերի 30-ին հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագրի 24 մլն դոլար, դեկտեմբերի 20-ին՝ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ 19 մլն դոլար և այս տարվա հունվարի 11-ին՝ 25 մլն դոլար բյուջետային վարկերի հատկացման որոշումները։

Բայց այդ՝ երեք վարկային համաձայնագրերը կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ստորագրել է այս տարվա հունվարի 26-ին։ Պարզվում է՝ ֆինանսների նախարարի ստորագրությունը, այդուհանդերձ, բավարար չէ, որ ՀԲ-ն սկսի հատկացնել այդ վարկային միջոցները, և ընթացք տրվի ծրագրերին։

Ըստ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի՝ նախ՝ Սահմանադրական դատարանը պետք է որոշի, թե այդ պայմանագրերով ամրագրված պարտավորությունները որքանով են համապատասխանում Սահմանադրությանը, որից հետո պայմանագրերը պետք է հաստատի Ազգային ժողովը։

Սահմանադրությանը համապատասխանող որոշումը Սահմանադրական դատարանը նախատեսում է կայացնել ապրիլի 8-ին կայանալիք նիստին, իսկ թե երբ է ԱԺ-ն վավերացնելու ՀԲ-ի հետ ստորագրած պայմանագրերը, դեռևս հայտնի չէ։ Մինչդեռ վերջերս կայացած ասուլիսին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ասել է, որ դեռևս չի կարելի ասել, թե վարկային պայմանագրերի վավերացումն ուշացել է։

Ըստ նրա՝ վարկային համաձայնագրերի ստորագրմանը հաջորդում է վավերացումը, առանց որի՝ վարկային միջոցները, ըստ էության, չեն կարող տրամադրվել։ «Մենք կառավարության հետ համաձայնություն ունենք, որ վավերացման համար հատկացվում է 90-օրյա ժամկետ, որը բավարար է իրականացնելու այդ գործընթացը։ Այդ 90-օրյա ժամկետը դեռ չի լրացել, և քանի դեռ այդ ժամկետը չի լրացել, չենք կարող ասել՝ պայմանագրի վավերացումն ուշացել է»,- ասել է նա։

Եթե հիշենք, որ նախորդ տարիներին կառավարությունը բավական արագ էր անցնում վարկային համաձայնագրերի, հատկապես բյուջետային վարկերի վավերացման ընթացակարգերի կատարմանը, մի փոքր անհասկանալի է, թե որն է ձգձգման պատճառը։