կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-29 13:53
Հասարակություն

Առանց շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանության` մարդկությունն ապագա չի կարող ունենալ․ Արծվիկ Մինասյան

Առանց շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանության` մարդկությունն ապագա չի կարող ունենալ․ Արծվիկ Մինասյան

Խորհրդարանում մեկնարկել են «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով լսումներ: Ելույթ ունեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով հայտարարեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքները թե' միջազգային, թե' տեղական մակարդակում դիտվում են որպես կենսամիջավայր, որոնք ներառում են ոչ միայն սոսկ պահպանման գործառույթ, այլև ունեն հստակ սոցիալական և տնտեսական դիսևորում։

«Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է ստացվել, եթե մենք ապահովենք պատշաճ պահպանություն: Սա հիմնարար մոտեցում է, ի տարբերություն շահագործական մոտեցման, որ երկար ժամանակ գերիշխել է անցումային տնտեսության պայմաններում, այսինքն՝ շահագործենք որքան հնարավոր է շատ, որովհետև սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ մենք նաև փայփայենք մեր բնությունը և շրջակա միջավայրը: Փոխվել են մոտեցումները, փոխվել է նպատակադրումը, և ներկայումս մեր հիմնական նպատակը բնության և շրջակա միջավայրի պահպանմամբ սոցիալական ու տնտեսական արժեք ստեղծելն է, որին միտված քաղաքականություն պետք է լինի»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ, միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կանոնների համաձայն, յուրաքանչյուր երկիր պարտավոր է ունենալ այնպիսի համակարգ, որը կապահովի էկոհամակարգային մոտեցումներով բնության հատուկ պահպանվող տարածքների ձևավորումը և պահպանությունը:

«Սա ինքնանպատակ պարտավորություն չէ, որը դրված է պետությունների առջև, այլ նախ տվյալ պետության և միջազգային հանրության գիտակցումն է այն բանի, որ եթե շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանություն չլինի, մարդկությունն ապագա չի կարող ունենալ»,- նշեց Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ ներկայումս Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս տարածք, ինչը թեև առաջընթաց է՝ մի շարք երկրների հետ համեմատած, սակայն բավարար չէ: Մինասյանի կարծիքով՝ հարկավոր է ընդլայնել այդ տարածքները և ավելի կանոնավոր դարձնել պահպանության համակարգը:

«Սա նաև նշանակում է, որ մենք, մեր ռազմավարությանը համապատասխան, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր պետք է իրականացնենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ մասնավոր կազմակերպություններ և անհատներ ևս ցանկություն են հայտնել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման աշխատանքներին մասնակցել: