Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի հրավերով հնգօրյա միջեկեղեցական եւ հովվապետական այցով Վրաստանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Փաստորեն, ի վերջո, կայացավ Վեհափառի բազմաթիվ անգամ հետաձգված այցը: Վրացական Սադախլո անցակետում մեր պատվիրակությանը դիմավորել են վրաց պատրիարքը եւ հոգեւորականները, Թբիլիսիի եւ Մառնեուլի հայ համայնքների ներկայացուցիչներ:
Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմել է վրաց պատրիարքին եւ ներկա ժողովրդին. «Մենք անչափ ուրախ ենք որ մեր մուտքը Վրաստան ողջունվում է այսպիսի ջերմությամբ վրաց եւ հայ հավատացյալների կողմից: Ձեր ժպտացող դեմքերն ու հայացքները խոսում են այն ուրախության մասին, որով դուք ընդառաջ եք ելել ձեր հայրապետներին»:
Այնուհետեւ ողջունել է Իլյա Երկրորդը, բարի գալուստ մաղթել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ խոսել երկու ժողովուրդների բարեկամության մասին: Հետո պատվիրակություններն ու դիմավորողները մեկնել են Թբիլիսի, որտեղ Սուրբ Երրորդություն եկեղեցում դիմավորման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել: Միմյանց ողջունելուց հետո զույգ հոգեւոր առաջնորդներն աղոթք են ուղղել առ Աստված:
Ներկա հոգեւոր դասին եւ բարեպաշտ ժողովրդին այս առիթով իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ կաթողիկոսը: Գոհություն հայտնելով Բարձրյալին հանդիպման համար, Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է. «Վրաստան ենք ուղեւորվել Ձեր հրավերով եւ Վիրահայոց թեմ հովվապետական այց կատարելու համար։ Ձերդ եղբայրության հետ աղոթական օրեր պիտի ապրենք՝ հանդիպելով մեր եկեղեցիների հավատավոր զավակներին, այցելելով հայոց եւ վրաց եկեղեցիներ ու վանքեր։ Պիտի քննարկենք երկուստեք մեր եկեղեցիներին հուզող հարցեր եւ խոսենք մեր համագործակցությունը զորացնելու հնարավորությունների մասին։
Եկել ենք քաջալեր հոգով եւ հավատով, որ մեր հանդիպումը պիտի ամրապնդի դարերով վկայված եղբայրությունը եւ բարեկամությունը մեր ժողովուրդների եւ նոր առիթ դառնա պատասխաններ գտնելու մեր առջեւ այսօր հառնող հարցերին, հաղթահարելու մեր մտահոգություններն ու դժվարությունները` ի սեր այն մեկ եւ նույն հույսի, որին Աստված կոչեց մեզ»: