կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-30 23:36
Մշակույթ

Վերերկրային զգացողություններ. Ռոմեո եւ Ջուլիետ

Վերերկրային զգացողություններ. Ռոմեո եւ Ջուլիետ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենցավ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացման պրեմիերան, որը բեմադրել էր Ռուդոլֆ Խառատյանը:

Ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանությամբ հնչող երաժշտությունը` դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարմամբ, պատմում եւ տեսանելի էր դարձնում շեքսպիրյան պատմության յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր տող:

Համաձայն մտահղացման` դեկորները և բեմական հագուստները պետք է հիշեցնեն 16-րդ դարի Վերոնան, միեւնույն ժամանակ, պետք է փոխանցեն ժամանակակից զգացում: Հիրավի, այնքան ճիշտ էր ընտրված բեմից երեւացող յուրաքանչյուր իր, յուրաքանչյուր դետալ, որ մերթ 16-րդ , մերթ 21-րդ դար էր հանդիսատեսը տեղափոխվում` չզգալով հինգդարյա անցումը:

Ռոմեո եւ Ջուլիետի հավերժական սիրո պատմությունը ներկայացնում են ազգային թատրոնի մենապարողներ` Ռուբեն Մուրադյանը, Սեւակ Ավետիսյանը, Ժակլին Սարխոշյանը, Սյուզի Փիրումյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Կարեն Խաչատրյանը, Արման Բալմանուկյանը, Սերգեյ Սաֆարյանը:

«Օ, ֆանտաստիկ են զգացողությունները, ուղղակի` վերերկրային: Հիանալի է մշակված յուրաքանչյուր տեսարանը եւ հատկապես` երաժշտությունը: Եթե չեմ սխալվում, Հայաստանում շատ վաղուց եւս մեկ անգամ «Ռոմեո եւ Ջուլիետ» եմ տեսել. կարծեմ` 70-ականներին»,- ասաց Հրաչյա Տեմիրճիպաշյանը, որը բնակվում է Սիրիայում, բայց տարվա մեջ 2 անգամ պարտադիր գալիս է Հայաստան:

Պարոն Տեմիրճիպաշյանը չէր սխալվում. առաջին անգամ Հայաստանում «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը բեմադրվել է 1970թ.` Օլեգ Վինոգրադովի խորեոգրաֆիայով, որտեղ Ռոմեոյի դերում հանդես է եկել Ռուդոլֆ Խառատյանը: