կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 23:34
Առանց Կատեգորիա

Մայիսի 28-ը և Արցախի եռագույնը

Մայիսի 28-ը և Արցախի եռագույնը
1915 թվականի Հայոց մեծ եղեռնի դժնդակ օրերին և դեպ Դեր Զոր տանող ճանապարհին անպատկերացնելի էր, որ հայության հավաքական կամքով երեք տարի անց լինելու է Սարդարապատը և մայիսի 28-ին հռչակվելու է Հայաստանի Հանրապետությունը՝ իրականություն դարձնելով սերունդների հարյուրամյակներ ձգված երազն ու սպասումը:

Արտաքին քաղաքական ողբերգական հանգամանքների պատճառով երկար կյանք չունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, սակայն այն թե՜ Սփյուռքում և թե՜ Հայրենիքում որպես ազգային ապրեցնող մի տեսիլ շարունակվեց մայիսի 28-ով ու Հայոց եռագույնով: Այս տեսիլը վերստին սկսեց մարմնավորվել ԽՍՀՄ քայքայմանը զուգընթաց, որին գումարվեց և 1988-ի Արցախի ազատագրական պայքարը, մեր հասարակությանը կանգնեցնելով ազգային-քաղաքական մի դժվարին երկընտրանքի առջև՝ Հայաստանի անկախության ճանապարհով ընթանալո՞վ է լուծվելու Արցախի հարցը, թե՞ հակառակը՝ հանուն Արցախի մենք պետք է որդեգրենք առավել զգուշավոր ընթացք, որպեսզի այն ժամանակվա մոսկովյան իշխանությունները մեզ չպատժեն Արցախի դեմ պատժամիջոցներ կիրառելով:

Այսպիսով, իր ինքնիշխանությունը հռչակած Արցախը հայտնվեց պատանդի կարգավիճակում: Երբ մյուս հանրապետությունները ձգտում էին հրաժարվել կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից, Արցախը փորձում էր ուղղակիորեն, որպես վարչաքաղաքական առանձին մի միավոր ենթարկվել մոսկովյան կենտրոնական իշխանություններին:

Այս իրավիճակի յուրահատկությունն այն էր, որ դեպ ազգային եռագույնը տանող ճանապարհը պետք է անցներ ԽՍՀՄ և Խորհրդային Հայաստանի դրոշներով: Առաջին քայլն Ադրբեջանական ԽՍՀ դրոշի մերժումն էր: Ադրբեջանի դրոշն Արցախից չքվեց 1988թ. փետրվարից, և ադրբեջանական որևէ գույնի դրոշ Արցախի երկինքը չընդունեց անգամ սաֆոնովա-պոլյանիչկոյական ռեժիմի դժվարին օրերին: Խորհրդային Հայաստանի դրոշը սկսեցին բարձրացնել այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն մեր ազգային եռագույնն էր փողփողում, 1988-1990թթ. Արցախում ասում էին, որ դժվարին առաջին երկու քայլերն արդեն կատարել են՝ Ադրբեջանի դրոշը փոխարինելով կարմիր դրոշով և հետո էլ այդ կարմիրի կենտրոնում կապույտն են ավելացրել՝ նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի կարմիր-կապույտ-կարմիր դրոշը, և մի մեծ հավատով ապա ավելացնում էին, որ այդ կապույտին շուտով կգումարվի նաև նարնջագույնը: Շուտով կապույտին գումարվեց նաև նարնջագույնը, սակայն Եռագույնի երեք գույներին գումարվեց նաև սպիտակը, որով, սակայն, Եռագույնը ոչ թե քառագույն դարձավ, այլ Եռագույնից մի հատված անջրպետվեց, սակայն չբաժանվեց:

Սպիտակ այդ գիծը դարձավ ԼՂՀ հռչակման և հաջորդող տարիների պայքարի հավաքական խորհրդանիշը:

Սպիտակ այս եզրագիծը Հայոց եռագույնին միացավ այն ժամանակ, երբ պատմություն դարձան թե՜ ԽՍՀՄ-ի և թե՜ խորհրդային հանրապետությունների դրոշները: Անկախության հռչակումը ծանրագույն մի բեռ դրեց իր լեռները իր բնական սահմանները դարձրած արցախահայության վրա, որը, հակառակ աշխարհի հզորների կողմից միջազգային չափանիշ ընդունած սահմանների անխախտելիության սկզբունքին, ձգտում էր ջնջելով իր վարչաքաղաքական բաժանումները, լեռնա¬աշխարհագրական իր միասնությունը հաստատել Մայր Հայրենիքի հետ:

Որքան մեծ խորհուրդ ունի Արցախի եռագույնի այս սպիտակ գորգանախշը, այնքան առավել մեծ խորհուրդ ունի այն, որ Արցախի եռագույնը ԼՂՀ-ում պետականորեն ընդունվեց 1992թ. հունիսի 20-ի որոշմամբ՝ Շուշիի ազատագրումից և Լաչինի ճանապարհի բացվելուց ավելի քան մեկ ամիս անց՝ խորհրդանշելով, որ ոչ միայն արցախահայությունը, այլև համայն հայությունը դեռ շատ երկար ճաապարհ ունեն անցնելու, որ իրապես ջնջվի Արցախի եռագույնի բաժանարար սպիտակը:

Շուշիի մայիսյան հաղթանակներին ամռանը հաջորդեցին ծանր պարտությունները և կորուստները, հավաստելով այս իրողությունը: Շահումյանի անկումը և Մարտակերտի հյուսիսից նահանջը նեղացրին Արցախի սահմանները, և Ստեփանակերտը նախ դարձավ այդ շրջանների գաղթականության կայանն ու պատսպարանը և ապա սկսեց ցնցվել օդային ռմբակոծություններից: Հակաօդային պաշտպանության կիրառումից հետո հակառակորդը ԼՂՀ մայրաքաղաքը սկսեց ավերել հեռահար հրետանիով:

1992թ. դեկտեմբերին, բոլոր այս ծանր տպավորությունների ներքո, երևանյան մամուլում գրել եմ. «ՙՀիմա հեռահար հրետանուց էլի հրետակոծվում է Ստեփանակերտը, ռազմաճակատային կնիքն իր փողոցներում կրող քաղաքում քայլում են տանջված բնակիչները, գրավյալ վայրերից տեղահան եղածները, ճակատներում հարազատ կորցրածները, և ծանր հևքով ապրող նորաստեղծ հանրապետության մայրաքաղաքի վրա ծածանվում է Արցախի եռագույնը, և արցախահայության ու համայն մեր ժողովրդի կամքով է պայմանավորված, թե արդյոք մի օր ընդմիշտ կջնջվի՞ մայր եռագույնից արցախյան հատվածը անջրպետող սպիտակ եռանկյունին»:

1993թ. փետրվարից, սակայն, սկսվեց ԼՂՀ պաշտպանության բանակի ընդհանուր հակահարձակումը, հակառակորդը դուրս շպրտվեց բոլոր այն դիրքերից, որտեղից կարող էր հրետակոծվել Ստեփանակերտը, և 1994թ. մայիսից Արցախի եռագույնը Ստեփանակերտի հրապարակում ծածանվում է որպես հաղթանակած հանրապետության մայրաքաղաքում, սակայն ծածանվում է՝ իր վրա կրելով դրոշի մեկ երրորդը անջրպետող այն սպիտակը, որը տարիների ընթացքում կջնջվի միայն այն ժամանակ, երբ հայությունը հավաքական կամքը և ուժը ունենա ապրելու մայիսյան հաղթանակների ազգային միասնականության կոչող խորհրդով:


ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ