Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի շարք թունաքիմիկատների գերօգտագործումը վնասակար ազդեցություն է թողնում հողերի վրա:
«Երկիր»-ի հարցին, թե ներկա պահին Հայաստանում թունաքիմիկատներով աղտոտված որքա՞ն հողատարածք կա, ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մերուժան Գալստյանը պատասխանեց. «Հայաստանում ներկա պահին առկա է 50 հազար հեկտար տեխնածին աղտոտված հողատարածք: Մոտ 100 հազար հեկտարի վրա էլ ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի չափաքանակը»:
Նրա խոսքերով` հիմնականում աղտոտված են Ալավերդու, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատների, Արարատյան դաշտի ոսկու հանքանյութի վերամշակման գործարանի պոչամբարի, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանների մերձակա տարածքները:
«Ծանր մետաղներով աղտոտված հողերը վտանգավոր են մարդու առողջության համար: Թունավոր նյութերը թափանցում են սննդի մեջ, ապա, մարդու օրգանիզմ անցնելով, կարող են քաղցկեղի եւ այլ հիվանդությունների պատճառ դառնալ»,- ասաց Մ. Գալստյանը:
Գյուղոլորտում չափազանց շատ օգտագործվող ազոտական պարարտանյութին անդրադառնալով` նա նշեց, որ այն հողը չի աղտոտում, սակայն չարաշահման հետեւանքով սննդի հետ նիտրատները օրգանիզմ են թափանցում ու կարող են առողջությանը վնաս պատճառել:
Հողի աղտոտման աղբյուրներից ագրոէկոլոգն առանձնացրեց նաեւ ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումները. «1990-ականների կեսերին կառավորությունն իր հատուկ որոշմամբ արգելեց կապարացված բենզինի օգտագործումը Հայաստանի տարածքում, իսկ կապարն ամենավտանգավոր ծանր մետաղներից է: 2000-ականների սկզբերին արված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ տեղացած ձյան մեջ կապար կա»: