կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 14:21
Քաղաքական

Քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից. Վահրամ Բաղդասարյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվում էին ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումները: ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հինգ ոչ իշխանական ուժեր ՏԻ ընտրություններում համաձայնագիր ստորագրեցին, ինչը եզակի ու ողջունելի երևույթ էր:

«Ցավում եմ, որ վեցերորդ քաղաքական ուժը չմիացավ այդ համաձայնագրին, որովհետև փոշիացվել էր, բայց այստեղից այդ ուժի ներկայացուցիչը մեղադրում է 71 պատգամավոր ունեցող ՀՀԿ-ին փոշիացման համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գյումրու ու Վանաձորի ընտրությունների հետ կապված` ոչ իշխանական ուժերի քննադատություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններից դեռ շատ առաջ էին ընդդիմադիր ուժերը սկսել ցեխ շպրտել իշխանության վրա, մեղադրել կաշառք տալու մեջ: Մինչդեռ ՏԻՄ ընտրությունները, իր բաց կողմերով հանդերձ, մեծ դրական քայլ էին դեպի առաջ:

Ինչ վերաբերում է բոնուսների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի քննադատություններին, պատգամավորը նշեց, որ այդ բոնուսային համակարգը միասին են ընդունել, և եթե ուզում են դա փոփոխել, թող ուրեմն ներկայացնեն առաջարկություններ` ապագայում այն փոփոխելու համար:

ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց ընդդիմությանը` հանգիստ թողնել Գյումրու ու Վանաձորի քաղաքապետերին, նաև երեք ընդդիմադիր քաղաքական ուժերին խնդրեց ուշադիր ուսումնասիրել իրենց ընտրական ցուցակները, թե որքան քաղաքական անձ կա: «Այնքան քաղաքական կամք ունենայիք` ընտրացուցակներում քաղաքական մարդկանց ընդգրկեիք ու մինչ ընտրությունները կոալիցիա կազմեիք, այդժամ կարող էիք պահանջներ ներկայացնել ու մեղադրել, որ խախտվեցին քաղաքական պայմանավորվածությունները: Մեկ ժամվա, մեկ ամսվա քաղաքական ամուսնությամբ դուք չեք կարող խաբել հանրությանը: Քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ լոռեցիները ձայն չեն տվել ոչ իշխանական ուժերի երազանքներին, այլ ձայն են տվել ավագանուն, ուստի լոռեցիները դավաճաններ չեն, ու պետք չէ նրանց մեղադրել պայմանավորվածություն խախտելու մեջ:

Վահրամ Բաղդասարյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող էին մեկ օրով «ամուսնանալ» երեք քաղաքական ուժեր, որոնք մինչ ընտրությունները միմյանց վրա լուտանքներ էին թափում, իսկ հետո մեղադրում են մարդկանց, որ չտրվեցին այդ ուժերի` մեկ օրվա ամուսնությանը:

Պատգամավորը քննադատեց Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ոչ իշխանական անդամների բոյկոտը` կարծիք հայտնելով որ դա մեծ պատասխանատվություն է նրանց ուսերին, որը կարտահայտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Վահրամ Բաղդասարյանի խոսքով` եթե առաջիկայում ոչ իշխանական ուժերը չկարողանան գտնել այն մարդկանց, ովքեր խախտել էին պայմանավորվածությունը, ապա սկսելու են միմյանց մեղադրել, և անգամ ՀՀԿ-ն չի կարողանալու նրանց հաշտեցնել: