Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետում կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի «Իրավարար Վճռի» 90-ամյակին: Գիտաժողովի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում ասված է.
«Առաջին աշխարհամարտը սանձազերծողներից մեկը` Օսմանյան կայսրությունը, 1918թ.-ի հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ Անտանտի երկրներին` հանձնվելով նրանց ողորմածությանը: Փարիզի խաղաղության վեհաժողովը և Սան-Ռեմոյի կոնֆերանսը նախապատրաստեցին հաշտության պայմանները Օսմանյան կայսրության (Թուրքիայի) հետ, և 1920թ.-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում ստորագրվեց պայմանագիր հաղթող տերությունների և նրանց դաշնակիցների ու Օսմանյան կայսրության (Թուրքիայի) միջև: Սևրի պայմանագրով որոշված էր Հայաստանի Հանրապետությանը հանձնել Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթներն ամբողջությամբ կամ մասամբ: Սևրում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարվեց «Իրավարար Վճիռ» կայացնել թուրք-հայկական սահմանագծի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահի կողմից ստեղծվե Inquiry խումբը, որը երկարատև աշխատանքից հետո նախապատրաստեց հայ-թուրքական սահմանագծի մանրակրկիտ քարտեզը:
«Իրավարար Վճռով» մասամբ Հայաստանի Հանրապետությանն էին անցնում Օսմանյան կայսրության հիշյալ 4 վիլայեթները` ընդամենը 90 հազար ք/կմ տարածքով (Էրզրումի վիլայեթից` 40 հազար ք/կմ, Վանի վիլայեթից` 20 հազար ք/կմ և Տրապիզոնի ու Բիթլիսի վիլայեթներից` 15-հազարական ք/կմ):
Սևրի պայմանագրի իրագործման դեպքում ՀՀ-ի տարածքը կկազմեր շուրջ 165 հազար ք/կմ:
Սևրի պայմանագիրը ստորագրած Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Հայաստանի Հանրապետության անբեկանելի իրավունքը նշված տարածքների նկատմամբ: Սևրի պայմանագիրը ստորագրած և «Իրավարար Վճիռը» կայացրած ԱՄՆ-ն պատասխանատու էր վերջինիս իրագործման համար:
Ցավոք, «Իրավարար վճիռն» ասպարեզ եկավ, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Իսկ Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն ի չիք դարձրեց Սևրի պայմանագրի կենսագործումը Հայաստանի մասով:
Խորհրդային Հայաստանը հասկանալի պատճառներով չէր կարող այդ խնդիրը բարձրացնել` հաշվի առնելով Կարսի 1921-ի հոկտեմբերի 13-ի պայմանագիրը: Սակայն այդ խնդիրը դիվանագիտական դաշտ վերադարձնելու փորձ չի կատարել նաև մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը:
Ուստի գիտաժողովը, ելնելով վերոհիշյալից, գտնում է.
- ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Իրավարար Վճիռը» հայ-թուրքական սահմանագծի վերաբերյալ շարունակում է իր ուժը պահպանել, քանի որ Սևրի պայմանագիրը չվավերացնելը որևէ ձևով չի ազդում Իրավարար վճռի իրավասության վրա:
- Ըստ միջազգային իրավունքի` իրավարար վճիռները կայացման համար պարտադիր, վավերացման համար կարիք չունեցող վերջնական ու անբեկանելի վճիռներ են:
- ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի ստորագրություններով և ԱՄՆ Մեծ կնիքով հաստատված «իրավարար Վճիռ»-քարտեզը դարձել է ԱՄՆ ներքին օրենսդրության` վավերացում չպահանջող մաս, որով միջազգայնորեն ճանաչվել են Հայաստանի Հանրապետության անբեկանելի իրավունքները Հայաստանի Հանրապետությանը հատկացված 90 հազար ք/կմ տարածքի և Կարսի մարզի նկատմամբ:
- ՀՀ-ն համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները պետք է անցկացվեն ըստ Իրավարար վճռի և ոչ թե թուրք-խորհրդային գործարքի:
- Վիլսոնյան «Իրավարար Վճռի» 90-ամյակի առիթով պետք է ուժեղացնել ՀՀ քարոզչությունն ամբողջ աշխարհում, նշել այդ տարեդարձը բոլոր հնարավոր երկրներում և հայկական գաղթավայրերում: Պետք է միջնորդել ՀՀ իշխանություններին, որ այդ քարոզչության մեջ լայնորեն ներառնվեն ՀՀ դեսպանությունները:
- Երևանում հարկ է կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված «Իրավարար Վճռի» 90-ամյակին: Անհրաժեշտ է բարձրակարգ իրավաբան, միջազգայնագետ և պատմաբան կադրերից կազմել աշխատանքային խումբ հիշյալ հարցերը նախապատրաստելու և միջազգային մարմիններին ներկայացնելու համար:
- Խնդրել ՀՀ Ազգային ժողովին, որ նոյեմբերի 22-ը ճանաչվի «Հայրենատիրության օր»,- ասված է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի «Իրավարար Վճռի» 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ: