Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Ազգային ժողովը 10 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ կառավարությանը անվստահություն հայտնելու` ՀՅԴ առաջարկի քվեարկությունը տապալեց: Ներկա մյուս պատգամավորները նույնիսկ չքվեարկեցին:
Մինչ քվեարկությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց կառավարությանն ուղղված` խմբակցության հարցապնդման պատճառները: Նա նշեց, որ իրենք 5 հարցապնդում են ներկայացրել, մասնավորապես` կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության հռչակած ցուցանիշների, հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասին:
Խմբակցության համոզմամբ` կառավարության նախաձեռնած մի շարք իրավական ակտեր Սահմանադրությանը և օրենսդրությանը չեն համապատասխանել, կառավարությունը անկարող է եղել զսպել գնաճը, չի հասել արդյունավետության հայրենադարձության խթանման և արտագաղթի կանխման գործում:
«Առաջանում է լուրջ հակասություն այս պատասխանի մեջ արտահայտվող` կառավարության տեսակետների եւ մինչ օրս արտահայտած դիրքորոշումների միջեւ: Տպավորությունն այն է, որ կառավարությունն այս երեք տարիների ընթացքում ասել է մի բան, արել է մի բան, իսկ մտածել, բոլորից թաքուն, բոլորովին այլ բան»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Կառավարության պատասխանը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ առաջ քաշված հիմնական խնդիրների պատճառը «կոչվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամ»:
Հարցը քվեարկության դնելուց առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երբ ընդդիմադիր խմբակցության առաջարկը քվերակությամբ չի անցնում, խմբակցությունը 4 ամիս հետո իրավունք է ունենում նույն հարցը կրկին քննարկման առարկա դարձնել: Նա զգուշացրեց, որ 4 ամիս հետո լուրջ պատասխանատվության առաջ են կանգնելու, «որովհետև այն կուրսը, որով մեզ տանում են, 4 ամիս հետո ավելի է վատթարացնելու ժողովրդի ու տնտեսության վիճակը»: