Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին, մասնակցել բեռնային համալիրի հարևանությամբ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սառնարանային համալիրի բացման արարողությանը. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես` բերքի իրացումն արդյունավետ և անկորուստ կազմակերպելու, մինչև գնային հարմար առաջարկի ձևավորումը բերքը սառնարաններում պահելու նպատակով: Ֆերմերները հնարավորություն կունենան նաև պահպանվող գյուղատնտեսական մթերքն օգտագործել բանկային վարկեր (երաշխիքներ) ստանալու համար:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից սառնարանային համալիրի կառուցման համար կատարվել է շուրջ 6 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Հանրապետության ղեկավարը, մինչ սառնարանային համալիրի հնարավորություններին ծանոթանալը, շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում, այնուհետև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել` «Զվարթնոց»-ի կառավարումն ստանձնած «Արմենիա» ընկերության զարգացման ծրագրերը:
Նախագահին ներկայացվել է, որ օդանավակայանի նոր մասնաշենքը նախագծվել է միջազգային ուղևորահոսքի պահանջներին և չափանիշներին համապատասխան, ունի տարեկան 3.500.000 ուղևորի սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, բարձրակարգ ուղևորների սպասարկման և դիվանագիտական սրահներ, հասարակական առևտրային և սննդի գոտիներ, ժամանման և մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ:
Նախագիծը կբարելավի ընդհանուր համալիրը, կունենա նոր, պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմա, որը հնարավորություն կտա ամբողջովին առանձնացնելու մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը, ապագայում պլանավորելու համալիրի ընդլայնումը:
Նշվել է, որ շինարարությունը 78%-ով ավարտված է և գտնվում է վերջնական փուլում, կատարվել է 160 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը: