կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 22:36
Իրավական

Նրանցից մեկը ստում է

Նրանցից մեկը ստում է

Մայիսի 19-ին Երեւանում ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաները: Պատգամավորը չէր ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչին եւ հեռացել էր: Ուղեկցող մեքենան տարվել էր տուգանային հրապարակ:

Նույն օրը news.am լրատվական կայքում Տիգրան Արզաքանցյանը կտրականապես հերքեց փաստը. «Ինձ ոչ ոք չի մոտեցել, նստած եմ եղել իմ մեքենայի մեջ, կանչել եմ իմ աշխատողներին, որոնք ասել են, թե մեքենան ուզում են տանել բաժին: Ես ասել եմ` թող տանեն, հետո կճշտենք, թե ինչի համար են տանում բաժին: Դա իմ բարեկամի, հարազատի մեքենան ա, իրենց տարել են, իմ բարեկամն էլ կգնա կտեսնի, թե ինչի են տարել»:

Դեպքի առթիվ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեզ երեկ հաղորդեց հետեւյալը. «Ես վստահ եմ իմ ինֆորմացիայի վրա, բացառվում է, որ սուտ ասեմ: Դեպքի վայր հասա մի փոքր ուշացումով, հասցրեցի լուսանկարել ոստիկանություն տարվող թիկնապահի մեքենան, Արզաքանցյանի ու կարմիր բերետավորների զրույցի ականատեսներին»:

Երեկ դեպքին անդրադարձել է նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նշելով. «Տիգրան Արզաքանցյանի ետեւից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել եւ այդ կապակցությամբ տուգանային հրապարակ է տարվել, համապատասխան արձանագրություն է կազմվել: Բացի այդ` ես չգիտեմ, դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, թե՞ ոչ. ինքը, բնականաբար, հերքում է»:

Ոստիկանապետի հայտարարությունից հետո Արզաքանցյանը, բնականաբար, հերքեց, որ դա եղել է իր թիկնազորի մեքենան եւ «Երկիր Մեդիա» հեռուստընկերությանը հայտնեց, թե լրագրողի հարցով զբաղվում են իր իրավաբանները:

Եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին: