Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տարբեր մարզերում մի շարք մարդկանց մասնակցությամբ արդեն իսկ կառուցվել է 6 խաղահրապարակ. դու կարող ես լինել «Խաղահրապարակ-7»-ի մասնակիցը: «Բնատաճար» ՀԿ հիմնադիր եւ համակարգող Ապրես Զոհրաբյանը առաջնորդվում է «Հայաստան կոչվող «նավի» վրա պետք է բոլորս էլ թիավարենք» սկզբունքով, երեխաների ժպտացող աչքերին էլ չի փոխարինում ոչ մի այլ գաղափար:
- Ե՞րբ է ստեղծվել «Բնատաճար» ՀԿ-ն, եւ հասարակության ո՞ր շերտին է ուղղված դրա գործունեությունը:
- «Բնատաճարը» ստեղծվեց 2006թ.` նպատակ հետապնդելով առողջ ապրելակերպը արմատավորել մեր հանրության մեջ: Առողջ կենսակերպն էլ, մեր պատկերացմամբ, մարդու կապն է բնության, հասարակության ու իր ներաշխարհի հետ: Նման խնդիր ունի մոլորակի յուրաքանչյուր բնակիչ` անկախ նրանից` ապրում է ԱՄՆ-ում, Հայաստանում, թե Չինաստանում: Խնդիրը համամարդկային է, ճիշտ է, տարբեր տեղերում տարբեր է սրվածության մակարդակը, բայց ընդհանուր առմամբ, բոլորն ունեն այս խնդիրը:
- Քանի՞ անդամ ունի «Բնատաճարը»:
- Անդամագրություն, որպես այդպիսին, գոյություն չունի, մենք ունենք տարբեր ակումբներ` արշավային, հայկական ավանդական երգ ու պարի, առողջագիտության, թատերական, ինչպես նաեւ իրականացնում ենք տարբեր նախաձեռնություններ, որը տեղավորվում է առողջ կենսակերպի մեջ, քանի որ մարդու կյանքը չի կարող առողջ համարվել, երբ իր մեջ բացակայում է հանրօգուտության էլեմենտը:
- Գիտեմ, որ արդեն 6 խաղահրապարակ եք կառուցել. ինչպե՞ս ծնվեց գաղափարը, եւ ովքեր են մասնակցում նախագծին:
- «Խաղահրապարակ» ծրագրի մտահղացումը ծնվեց 2010-ի մարտին, երբ ծանոթներիցս մեկն առաջարկեց այցելել Մարաշի թիվ 2 հատուկ դպրոց: Այցելությունից հետո սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է օգնել երեխաներին, որ նրանք ունենան ոչ թե ամենօրյա սպառման, այլ մի քիչ երկար օգտագործման ինչ-որ զբաղմունք. արդյունքում ծնվեց խաղահրապարակի գաղափարը: Հետո սկսվեց ուսումնասիրության փուլը, ստեղծվեց հանձնախումբ, բայց քանի որ դժվար էր 5-6 աշխատող մարդու հավաքել ու քննարկումներ անել, ընտրվեց թափանցիկ աշխատանքի ոճը: Այսինքն` նախ ընտրում եմ խաղահրապարակի վայրը, հետո որոշում, թե այդտեղ մոտ քանի խաղասարք կարելի է տեղադրել, այնուհատ¨ դրամահավաք եմ կատարում, որից հետո հաշվետվություն եմ ներկայացնում` թե ովքեր են մասնակցել, եւ ինչ գնով ինչ խաղասարքեր են գնվել: Ճիշտ է, ծրագրի հիմնական համակարգողը ես եմ, բայց այն իրագործելն անհնար կլիներ, եթե արձագանքներ չլինեին. անցած տարի մոտ 200-250 մարդ միացավ այս նախագծին:
- Ինչպե՞ս է կատարվում խաղահրապարակի տարածքի ընտրությունը:
- Ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի, ¨ մինչ այսօր արդեն խաղասարքեր ենք տեղադրել թիվ 2 եւ 8 հատուկ դպրոցներում, Հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնում, Ուշի գյուղի ձիարշավարանում, Տավուշի մարզի Կիրանց եւ Չինար գյուղերում: Հավաքված գումարով գնում ենք ճոճանակ, պտտվող անիվ, նավակ, սահարան: Այժմ արդեն «Խաղահրապարակ-7»-ի դրամահավաքն է անցկացվում. այն կկառուցվի Գյումրիում: Որոշել եմ ավելի շատ սարքեր գնել. ուզում եմ նաեւ պտտաձողերի շարք եւ վոլեյբոլի ցանց տեղադրել:
- Հիմնականում ովքե՞ր են մասնակցում խաղահրապարակ նախագծին:
- Տարիների ընթացքում տարբեր խմբակներից ձեւավորվել է մասնակիցների ցանկ, ովքեր թողել են իրենց էլեկտրոնային հասցեն: Տեղյակ եմ պահում նաեւ սոցիալական կայքով (մասնավորապես Facebook-ում` «Բնատաճարի» էջում). մասնակիցների մոտ 70 տոկոսին ես ճանաչում եմ, իսկ 30 տոկոսին անգամ չեմ էլ հանդիպել:
- Ի՞նչ եք «ստանում» այդ ծրագրերի իրագործումից:
- Հասարակական գործունեության շահը բարոյական շահն է: Հայաստան կոչվող «նավի» վրա պետք է յուրաքանչյուրս էլ թիավարենք: Մենք ունենք նաեւ ավանդական պարի եւ երգի կենտրոն, որտեղ 16-50 տարեկան մարդիկ ցանկանում են ոչ միայն հայկական պարեր սովորել, այլ նաեւ ազատվել մտաէմոցիոնալ ծանրությունից: Մեր հայ ավանդական պարը եւ երգը շատ ազդու գործիքներ են մարդկանց համախմբելու եւ նրանց հոգսերը ցրելու առումով. չէ որ մշակույթի նպատակը մարդու մեջ մարդուն արթնացնելը կամ ձեւավորելն է, եւ կենդանիներից միայն մարդն է, որ մշակույթի կարիք ունի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ