կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 12:58
Հասարակություն

Քարսիթը պարտադիր կլինի մինչև 7 տարեկան երեխաների համար, իսկ 7-12-ի համար` կա´մ քարսիթ, կա´մ ամրագոտի

Քարսիթը պարտադիր կլինի մինչև 7 տարեկան երեխաների համար, իսկ 7-12-ի համար` կա´մ քարսիթ, կա´մ ամրագոտի

Մանկական պահող համակարգը` քարսիթը, կլինի պարտադիր մինչև 7 տարեկան երեխաների համար, իսկ 7-12 տարեկանների համար` կա'մ պետք է քարսիթ օգտագործեն, կա'մ ամրագոտի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության` ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագծին:

Նրա խոսքով` օրինագիծն ուղղված է միայն մանկական տրավմատիզմի և մահացության նվազեցմանը, և որ 2018-ից իրենք փորձել են հավաքել մանկական տրավմատիզմի դեպքերի վիճակագրությունը: «Մինչև 4 տարեկան երեխային ճիշտ քարսիթի մեջ դնելը 50 տոկոսով նվազեցնում է  տրավմատիզմը, եթե քարսիթը դրված է վարորդի կողքին: Իսկ եթե հետևի նստատեղին է դրված, ապա 80 տոկոսով է նվազեցնում: Նայել այս ամենին այլ լույսի ներքո` մի փոքր ողջամիտ չէ: Կարծում եմ` պետք է ուղղակի շատ հետևողական լինենք այդ հարցում և ոչ միայն օրենք ընդունենք, այլ հետևենք, որ այն ի կատար ածվի: Սա պետության դրական պարտականություններից է, այլ ոչ թե քմահաճույքներից»,- ասաց Թորոսյանը:

Ըստ նրա` եթե քարսիթի տեղադրումը թողնեն ծնողների հայեցողությանը, կունենանք այն, ինչ կա հիմա: Թորոսյանը հայտնեց, որ մանկական հիվանդանոցներում ավտոտրանսպորտային պատահարներից տուժած մի շարք երեխաներ կան, մեծ մասը` գանգուղեղային վնասվածքներով: