կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-12 02:41
Աշխարհ

Ամերիկյան 8 նահանգներ պայքարում են ջրհեղեղի դեմ

Ամերիկյան 8 նահանգներ պայքարում են ջրհեղեղի դեմ

Միսսիսիպի գետի ավազանում շարունակվում են ջրհեղեղները: Հորդառատ անձրեւների հետեւանքով ափերից դուրս եկած ջրերը ողողել են 8 ամերիկյան նահանգների բազմաթիվ բնակավայրեր, ճանապարհներ, գյուղատնտեսական ցանքատարածություններ:

Երեկ ջուրը քանդել է երկրի խոշորագույն տնտեսական կենտրոններից մեկը համարվող` Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքը պաշտպանող ամբարտակները: Ամենաշատը տուժել են քաղաքի աղքատ թաղամասերը. բարձրադիր վայրերում գտնվող տները մինչեւ երկրորդ հարկը հայտնվել են ջրում, իսկ ցածրադիրներն ամբողջությամբ ջրասույզ են եղել: Քաղաքի մյուս հատվածները, ավելի պաշտպանված լինելով, քիչ են տուժել:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` Մեմֆիսի մոտակայքում Միսսիսիպիի բարձրությունը հասել է 14,6 մետրի: Զոհվածների մասին տեղեկություններ չկան, Թեննեսիի մի քանի բնակիչներ հայտարարվել են անհայտ կորած:

Ի դեպ, բարձրացած ջուրն այլ վտանգներ էլ է պարունակում, այն իր հետ բերում է թունավոր օձեր, տարածում վտանգավոր հիվանդություններ ու մանրէներ:

Օդերեւութաբանների կանխատեսումներով` հորդառատ անձրեւները կշարունակվեն եւս մի քանի օր:

Միսսիսիպիի ավազանում ամենամեծ ջրհեղեղը տեղի է ունեցել 1926 թվականի աշնանը, որը ձգվել է մինչեւ 1927-ի օգոստոսը: Այն ժամանակ ջուրը ծածկել էր 9 նահանգ` 70 հազար քառ. մ տարածք: Զոհվել էր 246 մարդ, 600 հազարից ավելին մնացել էին անօթեւան: