կարևոր
1903 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 11:11
Քաղաքական

Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Միացեալ Նահանգներ

Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Միացեալ Նահանգներ

Բ. Մաս

«Հորիզոնում» հրապարակուած մեր նախկին յօդուածում անդրադարձ ունեցանք արդի միջազգային յարաբերութիւններում սփիւռքի աճող քաղաքական դերակատարութեանը, լոպպինգի էութեանն ու տարատեսակներին, էթնիկ լոպպինգի բնոյթին, իբրեւ սփիւռքի քաղաքական գործունէութեան հիմնական գործառնող։ Քննարկեցինք Եւրոպայի հայկական էթնիկ լոպպինգի էութիւնը, քաղաքական հիմնական առաջնահերթութիւններն ու գործունէութեան ուղղութիւնները, յատկորոշեցինք կարեւոր լոպպիստական կառոյցները։

Սոյն յօդուածում նպատակ ունենք ընթերցողի դատին յանձնել մեր տեսակէտները Միացեալ Նահանգներում հայկական էթնիկ լոպպինգի սկզբնաւորման, առաջին դրսեւորումների զարգացման փուլերի, քաղաքական առաջնահերթութիւնների․ գործունէութեան ոլորտների եւ աշխատելաոճի վերաբերեալ՝ յընթացս անդրադառնալով էթնիկ լոպպինգի ընկալման վերաբերեալ եւրոպական եւ ամերիկեան քաղաքական մշակոյթների տարբերութեանը։ Ի հարկէ հաշուի առնելով այդ ամէնի ծաւալը, ցաւօք սրտի պէտք է իւրաքանչիւր դրուագի թռուցիկ անդրադարձ կատարենք եւ անդրադառնանք միայն խիստ կարեւոր իրադարձութիւններին, կազմակերպութիւններին եւ քաղաքական առաջնահերթութիւններին՝ նպատակ ունենալով ընթերցողին փոխանցել հիմնարար տեղեկութիւններ եւ խթանել նրա հետաքրքրութիւնը։

Ամերիկայում հայկական հետքի վերաբերեալ առաջին վկայոյթյունները հասնում են մինչեւ 17-րդ դարի առաջին կէս, սակայն հայ համայնքը որպէս այդպիսին, փուլ առ փուլ ձեւաւորուել է Արեւմտեան Հայաստանում հայութեան դէմ իրականացուած ցեղասպան գործողութիւնների արդիւնքում՝ սկսած 19-րդ դարավերջի համիտեան ջարդերից։ Այդպիսով, առաջին աշխարհամարտի նախօրեակին արդէն Ամերիկայի Միացեալ Նահանգներում կար շուրջ 60․000-անոց հայ համայնք, ինչի թիւը շեշտակիօրէն մեծացաւ Հայոց ցեղասպանութեան արդիւնքում ԱՄՆ գաղթած աւելի քան 20.000 հայութեան, ապա Երկրորդ աշխարհամարտից ու դրանից յետոյ միջազգային միգրացիոն ակտիւացած շարժերի արդիւնքում ԱՄՆ-ում հաստատուած հայութեան շնորհիւ։ ԱՄՆ-ում հայութեան հաստատման բոլորովին այլ գործընթաց սկսեց 1990-ականների կէսերից, որը տարբեր ինտենսիւութեամբ շարունակւում է։

Արդիւնքում, Ամերիկայում ձեւաւորուել է հայկական կուռ եւ համեմատականօրէն կազմակերպուած սփիւռք, որի քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողի՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեանը կ’անդրադառնանք սոյն յօդուածում։

Առհասարակ, Ամերիկայի Միացեալ նահանգներում, ի տարբերութիւն եւրոպական երկրների, լոպպինգը քաղաքական մշակոյթի ուրոյն մաս է եւ քաղաքական գործընթացում ընդունուած երեւոյթ։ Եւրոպայում բոլորովին այլ իրականութիւն է, երբ լոպպիստական գործունէութիւնը կապւում է ստուերային գործարքների, կոռուպցիայի, ազդեցութեան չարաշահման եւ բացասական այլ երեւոյթների հետ, ինչն ի հարկէ որոշակիօրէն դժուարեցնում է Եւրոպայում էթնիկ լոպպիստական կառոյցների գործունէութիւնը։ Պատահական չէ, որ օրինակ Եւրոպայում լոպպիստական կառոյցները, իրենց գործունէութիւնը բնորոշելու համար առաւել յաճախ օգտագործում են “advocacy” եզրոյթը, քան “lobby”-ն։ Ամերիկայում լոպպինգի գործընթացի համար օրէնսդրաիրաւական ապահովման հիմքերը գալիս են դեռեւս 18-րդ դարավերջից, Ամերիկեան Սահմանադրութեան առաջին լրացումից, որով նախատեսուած՝ քաղաքացիների բողոքներ ներկայացնելու եւ յարակից այլ իրաւունքները հող նախապատրաստեցին Ամերիկայում լոպպիստական գործունէութեան սկզբնաւորման համար։ Աւելին, ինչպէս մեր նախորդ յօդուածում քննարկեցինք, հենց լոպպինգ բառն ինքնին ամերիկեան քաղաքական միջավայրի ծնունդ է։ լոպպինգի վերաբերեալ ամերիկեան օրէնսդրութիւնը պատմութեան ընթացքում շարունակապէս կատարելագործուել է՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով լոպպիստական խմբերի գործունէութեան կանոնակարգմանը, վերահսկողութեանը եւ հաշուետուողականութեան ապահովմանը։ Յատկապէս յիշատակման են արժանի նախ 1876թ․ օրէնքը, որը ենթադրում էր Կոնգրեսում լոպպիստական գործունէութեամբ զբաղուողների գրանցում, ապա 1938թ․ ընդունուած «Օտարերկրեայ գործակալների գրանցման մասին» (Foreign Agents Registration Act – FARA) օրէնքը, 1946թ․ ընդունուած լոպպիստական գործունէութեան կարգաւորման մասին (Federal Regulation of Lobbying Act – FRLA) օրէնքը։ լոպպիստական խմբերի գործունէութեան կարգաւորմանը վերաբերող բազմամակարդակ օրէնսդրական ակտեր ընդունուել են նաեւ բոլորովին վերջերս․ ինչպէս ասացինք՝ դա շարունակական գործընթաց է։

Ամենեւին պատահական չէ, որ հենց Ամերիկայի Միացեալ Նահանգները դարձաւ Հայ դատի շարժման սկզբնաւորման օճախը՝ ինչը պայմանաւորուած էր նաեւ 20-րդ դարի կէսերին միջազգային յարաբերութիւնների տրամաբանութեամբ, Ամերիկայի հայկական սփիւռքի բնոյթով ու կարողականութեամբ, ինչպէս նաեւ միջազգային քաղաքական գործընթացներում Ամերիկայի Միացեալ Նահանգների ժամանակի դերակատարութեամբ։

Հաշուի առնելով հայկական հարցը միջազգային քաղաքական օրակարգում վերակենդանացնելու եւ դրա լուծման հնարաւորութիւնները, ինչը պայմանաւորուած էր Երկրորդ աշխարհամարտի արդիւնքում միջազգային յարաբերութիւնների բնոյթով՝ մասնաւորապէս աշխարհի քաղաքական քարտէզի վերաձեւութեամբ եւ պատերազմի ընթացքում Թուրքիայի կրաւորական կեցուածքի համար վերջինիս պատասխանատուութեան ենթարկելու հաւանականութեամբ՝ ՀՅ Դաշնակցութիւնը 1944թ․ից սկսեց Հայ դատի հիմնադրութեան գործը։

Ամերիկայում Հայ դատի հիմնադրութեան պատմութիւնը կարօտ է մասնագիտական խորն ուսումնասիրութիւնների` արխիւագիտական նիւթի եւ ժամանակի միջազգային յարաբերութիւնների խորքային գործընթացների համադրութեամբ, ինչին Հայ դատի կենտրոնական գրասենեակն արդէն իսկ ձեռնմուխ է եղել։

Ամէն դէպքում Պոսթոնում, Սիմոն Վրացեանի խմբագրութեամբ լոյս տեսնող «Հայրենիք տարեգիրք-տօնացոյց»ի 1947թ․ համարում զետեղուած է մի հետաքրքիր յօդուած՝ Հայ դատի հիմնադրութեան վերաբերեալ։ Այն ներկայացնում է ժամանակի ազգային-քաղաքական առաջադրանքներն ու Հայ դատի հիմնադրութեան եւ հետագայ գործունէութեան նպատակներրը։ Բանը նրանում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ դրանից յետոյ էլ հայ հանրոյթի մօտ քաղաքականապէս դեռեւս բիւրեղացած չէր հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան խնդիրը, ինչի արդիւնքում առաջ էին եկել երկու իրարամերժ քաղաքական ուղղութիւններ՝ առաջինը յանգում էր նրան, որ արտասահմանի հայութիւնը անելիք չունի հայ ժողովրդի իրաւունքների միջազգային պաշտպանութեան գործում եւ դրա իրականացումը կը նշանակի ուղղակի միջամտութիւն Խորհրդային Հայաստանի գործերին։ Այս ուղղութեան հետեւորդները նոյնիսկ մերժում էին առհասարակ Հայկական հարցի գոյութիւնը։ Սփիւռքի հայութեան միւս թեւը այն դիրքորոշմանն էր, որ պատերազմի աւարտը, Միաւորուած ազգերի կազմակերպութեան ստեղծումն ու աշխարհի քաղաքական վերաբաժանումն ու նոր սահմանազատումները պատեհ առիթ են վերստին արծարծելու Հայկական հարցը։

Այս ամէնի ետնապատկերի վրայ ՀՅ Դաշնակցութիւնը ձեռնարկեց Հայ դատի հիմնադրութեան գործը։ Հայ դատի յանձնախումբն իր գործունէութիւնը սկսեց 1944թ․ Դեկտեմբերին, 1945 թ․ գրասենեակ ունեցաւ Նիւ Եորքում, հայերէն՝ «Հայ դատի յանձնախումբ», անգլերէն՝ “Armenian National Committee” անունով։ Ի սկզբանէ Հայ դատը ընդհանրական առումով ձեւակերպուեց որպէս «թրքահայ հողերի կցում Հայաստանի Հանրապետութեանը եւ տարագիր հայութեան վերադարձ հայրենիք»։ Դաշնակցութեան կողմից ձեռնարկուած՝ Հայ դատի պաշտպանութեան ֆոնդի հանգանակութեան ընթացքում ժողովրդական մեծ խանդավառութեամբ գոյացաւ 165 000 ԱՄՆ տոլար։ Հայ դատի յանձնախմբի առաջին գրասենեակը տեղակայուած էր Նիւ Եորքում։ Իր առաջին իսկ նիստում Հայ դատի յանձնախումբը որոշակիացրեց իր գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ քաղաքական հաստատումները՝ մասնաւորապէս․

  • Հայ դատ ասելով յանձնախումբը հասկանում է նախագահ Ուիլսոնի սահմանագծած հայկական հողերի կցումը Խորհրդային Հայաստանին եւ տարագիր հայութեան վերաբնակումը հայկական հողերում
  • Օգտակար եւ բաղձալի նկատել ազգային բոլոր ուժերի գործակցութիւնը Հայ դատի հետապնդման շուրջ
  • Եթէ խորհրդային Հայաստանի իշխանութիւնն ինքն ստանձնի Հայ դատի հետապնդումը, Հայ դատի յանձնախումբի գործը պէտք է լինի աջակցել դրան
  • Հայ դատի յանձնախումբը պէտք է Հայ դատը ներկայացնի ԱՄՆ կառավարութեանը եւ հասարակութեանը, ինչպէս նաեւ միջազգային յարաբերութիւններում՝ պետութիւններին, քաղաքական ուժերին ու կազմակերպութիւններին, որոնք կարող են դերակատարում ունենալ Հայ դատի լուծման գործում։
  • Իր նպատակներին հասնելու համար Հայ դատի յանձնախումբը դիմումներ է ներկայացնում ԱՄՆ կառավարութեանը, միջազգային խորհրդաժողովներին, նիւթեր է հրատարակում Հայ դատի վերաբերեալ, տպագիր մամուլով եւ ռադիոյով արծարծում է Հայ դատի խնդիրները։

Հայ դատի յանձնախմբի առաջին գործողութիւնը եղաւ յիշեցնել պետութիւնների ղեկավարներին Հայ դատի գոյութեան եւ դրա լուծման անհրաժեշտութեան վերաբերեալ։ Այդ նպատակով 1944թ․ գարնանը յարաբերական բնոյթի աշխատանքներ են իրականացուել ամերիկեան, անգլիական եւ խորհրդային կառավարութիւնների ներկայացուցիչների հետ, ներկայացուել են Հայ դատի հետապնդած նպատակներն ու դրանց պատմաքաղաքական հիմնաւորուածութիւնը։

Հայ դատի նորակազմ յանձնախմբի երկրորդ կարեւոր քայլը Միացեալ Ազգերի Կազմակերպութեան՝ Սան Ֆրանսիսկոյի խորհրդաժողովին պատուիրակութիւն գործուղելն էր։ Վերջինս խորհրդաժողովի ներկայացուցիչներին է ներկայացրել հանգամանօրէն պատրաստուած եւ հիմնաւորուած թղթածրար՝ հայկական պահանջների վերաբերեալ, ինչը լայնօրէն լուսաբանուել է ժամանակի ամերիկեան մամուլում։ Հայ դատի յանձնախումբը հիմնադրումից անմիջապէս յետոյ ակտիւօրէն օգտագործել է մամուլի հնարաւորութիւնները՝ հանրային կարծիքի վրայ ազդելու եւ համակիր շրջանակներն ընդլայնելու ուղղութեամբ, եւ պատահական չէ, որ Սան Ֆրանսիսկոյի խորհրդաժողովի օրերին Հայ դատի յանձնախումբը հանդէս էր գալիս տեղական ռադիոյի եթերում։ Այդ կարճ ժամանակահատուածում բիւրեղացած մտքերն ու քաղաքական առաջնահերթութիւնները հետագայում որդեգրուեցին հայկական սփիւռքի այլ գաղթօճախների կողմից։ Արդէն 1960-ական թթ․ Հայոց Ցեղասպանութեան յիսունամեակի առիթով սփիւռքի բոլոր համայնքներում Դաշնակցութիւնը կազմեց յատուկ հանձնախմբեր, որոնք էլ այնուհետեւ կոչուեցին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբեր եւ առ այսօր գործում են աշխարհի առաւել քան երեսուն երկրներում:

Միջանկեալ նկատենք, որ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ակունքներն աւելի վաղ ժամանակներից են գալիս: Առաջին աշխարհամարտի աւարտին Ամերիկայի Միացեալ Նահանգներում կազմուած «Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէն», իսկ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ «Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը» եղել են այն կառոյցները, որոնց միջոցով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միջազգային մակարդակով վարում էր քաղաքական, յարաբերական եւ քարոզչական աշխատանքներ՝ յանուն հայ ժողովրդի իրաւունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախութեան:

Անդրադառնալով Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին, նշենք, որ այն հայկական ամենախոշոր եւ ամենաազդեցիկ համայնքային կազմակերպութիւնն է Ամերիկայի Միացեալ Նահանգներում։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ակտիւօրէն առաջ է մղում ամերիկահայութեան մտահոգութիւններն ու քաղաքական պահանջները՝ այդ գործում համագործակցելով ինչպէս համայնքային, այնպէս էլ այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների հետ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կենտրոնական գրասենեակը տեղակայուած է Ուաշինկթոնում եւ գործում է Armenian National Committee of America անունով։ Հայ դատի ներկայ գրասենեակը հաստատուել է 1984թ․։ Յատկանշական է, որ 1944թ․, որբ սկսւում էր Հայ դատի գործը, յանձնախմբի համար ընտրուեց “Armenian National Committee” անուանումը, որը սակայն 1950-ականների սկզբին փոխուեց եւ յանձնախմբի համար վերցուեց դարասկզբին գործող “The American Committee for the Independence of Armenia” (Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէ) կազմակերպութեան անուանումը։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական նպատակներն են․

  • Ի նպաստ ազատ, անկախ եւ Միացեալ Հայաստանի՝ խթանել հասարակական իրազեկուածութիւնը,
  • Ամերիկահայ համայնքի հետաքրքրութիւնների շրջանակում ազդել եւ ուղղորդել ամերիկեան քաղաքականութիւնը,
  • Հանրային քաղաքականութեան վերաբերեալ ներկայացնել Ամերիկայի հայ համայնքի հաւաքական տեսակէտը, միաժամանակ կապ հանդիսանալ համայնքի եւ վերջինիս կողմից ընտրուած պաշտօնեաների միջեւ,
  • Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ակտիւութիւն է դրսեւորում նաեւ մի շարք այլ բնագաւառներում՝ ներգրաւուած լինելով քաղաքական եւ կրթական գործունէութեան բազմաթիւ ոլորտներում, ներառեալ.
  • Ամերիկահայ համայնքին յուզող հարցերի վերաբերեալ օրէնսդրական գործընթացների նախաձեռնում, որոնք նպաստում են Հայաստանի, որպէս անվտանգ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական պետութեան ամրապնդմանը,
  • Օժանդակութիւն Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշմանն ու ապահով սահմաններով անկախութեանը,
  • Հայաստանում ամերիկեան օժանդակութեան մակարդակի բարձրացում՝ խթանելու համար Հայաստանի տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումը,
  • Լեռնային Ղարաբաղին ամերիկեան ուղղակի աջակցութեան ապահովում,
  • Հայոց ցեղասպանութեան պատշաճ ոգեկոչում եւ ցեղասպանութեան հետեւանքների վերացմանը նպաստում,
  • Թուրքիայի եւ Ատրպէյճանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման շուրջ աշխատանքներ։

Յանձնախումբը մասնակցում է համապետական, նահանգային եւ տարածքային մակարդակներում ամերիկեան ընտրութիւններին՝ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վերաբերեալ լաւատեղեակ պաշտօնեաների միջոցով հայութեանը ներկայացնելով թեկնածուների դիրքորոշումները հայկական խնդիրների վերաբերեալ։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ընտրական գործիքների կիրառմամբ նաեւ հանրային օժանդակութիւն է տրամադրում ընտրապայքարի ելած թեկնածուներին1։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումը յատուկ ուշադրութիւն է դարձնում հայ համայնքի հետ օրկանական կապի ու փոխգործակցութեան ապահովմանը, ինչի համար Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն օգտագործում է համացանցային մի շարք գործիքներ՝ փոստային դասիչի միջոցով օրէնսդիրներին գտնելու եւ նրանց նամակներ գրելու հնարաւորութիւն, օնլայն հանգանակութիւնների ապահովում եւ քաջալերում, բաժանորդագրում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային նամակագրութեան համակարգին, կամաւորագրում Հայ դատի աշխատանքներին, նուիրատուների հետ ինչպէս առցանց, այնպէս էլ ֆիզիքական նամակագրութեան եւ հաշուետուողականութեան ապահովում։ Այս գործողութիւնները լոպպիստական կազմակերպութեանը թոյլ են տալիս հանդէս գալ իբրեւ համայնքային լոպպիստական կազմակերպութիւն, ընդունող երկրի իշխանութիւններին առաւել հիմնաւոր ներկայացնել սեփական քաղաքական դիրքորոշումները, քաղաքականապէս ուղղորդել համայնքը, ինչպէս նաեւ օգտուել վերջիններիս հնարաւորութիւններից։

1գրասենեակներ – Armenian National Committee – International— Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ (ancnews.info)

Գէորգ Ղուկասեան

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու,
Քաղաքագիտութեան և միջազգային յարաբերութիւններու փորձագէտ

horizonweekly.ca
Յուլիս 25, 2023