կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-09 14:22
Առանց Կատեգորիա

Քեմալական դեմոկրատիա

Քեմալական դեմոկրատիա

Ուրֆայից գնում ենք Տիգրանակերտ, ներկայիս անունը` Դիարբեքիր: Մինչ քաղաք մտնելը էքսկուրսավարը զգուշացնում է ուշադիր լինել պայուսակների, ֆոտոխցիկների, մյուս արժեքավոր իրերի նկատմամբ: Գողերը շատ են ու հմուտ. հիմնականում գողությամբ զբաղվում են դպրոցահասակ երեխաները:

Հենց քաղաքի մուտքից երեւում են նորակառույց շենքերը, որոնց մի մասն արդեն բնակեցված են, մյուսները դեռ կառուցվում են: Շենքերի մի զգալի մասի վրա գորգերի նախշեր են` «անատոլիական» գորգերի նախշեր: Թուրքիայի կառավարության` բռնազավթած տարածքները վերաբնակեցնելու քաղաքականությունն այստեղ ավելի է աչք ծակում:

Կոնֆլիկտների հիմքը քեմալականությունն է

Առաջին հանդիպումը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ է: Մեզ հետ զրույցում քուրդ պաշտոնյան անդրադառնում է բռնի տեղահանություններին, որոնց հետեւանքով հարյուր տարի առաջ Դիարբեքիրը կորցրեց իր հարստությունները` հայերին, հույներին, ասորիներին եւ մյուս ազգերին:

Օսման Բայդեմիրին արդեն իններորդ տարին է` քաղաքապետ է ու մի ցանկություն ունի` քաղաքը դարձնել այնպիսին, որտեղ քրիստոնեական եկեղեցիների խողանջներն ու մզկիթների էզանը միասին հնչեն.  այս քաղաքը միայն մահմեդականների համար չէ: Ներկայումս քաղաքապետարանի միջոցներով վերակառուցվում են մի քանի եկեղեցիներ, այդ թվում` հայկական:   

Խոսելով Ցեղասպանության մասին, քաղաքապետն ասում է, թե ներկայիս սերունդը բավարար չափով տեղեկացված չէ, թե ինչ է տեղի ունեցել: Նա ընդունում է, որ ողբերգական դեպքեր են եղել, սակայն նշում է նաեւ, որ միայն իր ասելով հարցը չի լուծվում. պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահը, վարչապետն ու խորհրդարանը: Եվ միայն դրանից հետո կսկսվեն բարեկամական հարաբերությունները. «Չմոռանանք, որ հայերը  բնիկներ են թե' Միջագետքում, թե' Անատոլիայում: Այն, որ  մինչեւ այսօր հարաբերությունները չեն կարգավորվել, նորմալ չէ: Պետք է մերժողական քաղաքականությունից հրաժարվել»:

Մյուս հանդիպումը Դիարբեքիրի վարչական շրջաններից Սուրի ղեկավար Աբդուլահ Փեմիրբասի հետ է: Ասում է, որ տեղի բնակչության 72 տոկոսը քրդալեզու է, 24-ը` թրքալեզու, 1-ը` արաբալեզու, իսկ 3 տոկոսը այլ լեզուներով են խոսում: Նա ընդգծում է, որ թեեւ քրդերն այստեղ ամենաշատն են եւ ինքն էլ քուրդ է, սակայն բոլոր ազգերի բարօրության համար հավասարապես է աշխատում: Նրա կարծիքով` Թուրքիայում բոլոր կոնֆլիկտների հիմքում ընկած է քեմալականությունը, այսինքն` մեկ լեզու, մեկ ազգություն ունենալու ձգտումը:

Այս տարածաշրջանում տարբեր ազգերի ինքնության պահպանման կողմնակիցներն ու հանուն դրա պայքարողները հետապնդվում են իշխանությունների կողմից: Ա. Փեմիրբասը նշում է, թե արդեն իսկ 200-ից ավելի քուրդ քաղաքական գործիչ է ձերբակալված, իսկ շատերի հանդեպ էլ դատական գործեր են հարուցվել ու հարուցված են, այդ թվում` նաեւ իր դեմ:

Փեմիրբասը պատմում է, թե ինքը ղեկավար է ընտրվել` քվեարկված ձայների 67 տոկոսով. սա դեմոկրատական բարքերի արտացոլում է, սակայն շատերը չեն վստահում այդ դեմոկրատիային. իր 22-ամյա որդին էլ թողել է ամեն ինչ ու «բարձրացել սարերը»` միացել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Սուրի քաղաքապետարանի հովանավորչությամբ տպագրվել են հայալեզու բուկլետներ, գրքույկներ, վերջերս էլ` «Մի կաթիլ մեղրը» հեքիաթը: Այս գրքերը նախատեսված են ոչ միայն Դիարբեքիրի բնակչության համար. դրանք տարածվում են Թուրքիայի ողջ տարածքով:

Էզանի հետ եկեղեցու զանգեր կհնչեն

Թեեւ ողջ քաղաքը նորակառույց է, սակայն դրա հին լինելու ամենամեծ վկայությունը պարիսպն է, որն իր մեծությամբ զիջում է միայն Չինական պատին: Անշաղախ, իրար մեջ ագուցված քարերից կառուցված պարսիպն ունի 8 կմ երկարություն, 12 մ բարձրություն, 3.5 մ լայնություն:

Այցելում ենք վերանորոգվող Սբ Կիրակոս եկեղեցին, որը համարվում է Միջին Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին: Յոթախորան այդ եկեղեցին կառուցվել է 1515-18 թվականներին եւ գործել է մինչեւ 1915 թվականի ջարդերը, որից հետո երկար ժամանակ տեղաբնակ այլազգիների համար մթերման կենտրոն է եղել: 1960-ականներին վերադարձած գաղթականների կողմից վերականգնվել է: Իսկ ահա 1990-ականներից հետո հայկական համայնք` որպես այդպիսին, այլեւս չի եղել. Սուրի քաղաքապետարանի տպագրած գրքույկում նշվում է, թե տեղաբնակների անհանդուրժող վերաբերմունքի եւ Պոլսում ուսանելու ձգտումով գաղթ է սկսվել:

Ենթադրվում է, որ եկեղեցու գմբեթին խաչ կդրվի` առանց ավելորդ քաշքշուկների, ինչպես եղավ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու դեպքում: Քաղաքապետ Օսման Բայդեմիրը նշում է, որ ինչպես առանց մինարեթի մզկիթ չի կարող լինել, այնպես էլ առանց խաչի` եկեղեցի:

Նախատեսվում է, որ եկեղեցու բացումը լինելու է այս տարվա աշնանը: Այստեղ գործող հայկական եկեղեցիներ չկան, Սբ Կիրակոսն առաջինն է լինելու:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տիգրանակերտ