կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 11:00
Տարածաշրջան

Թուրքիայում 2018-ի ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը հեռացել է քեմալական կուսակցությունից

Թուրքիայում 2018-ի ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը հեռացել է քեմալական կուսակցությունից

2018-ի նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է ընդդիմադիր քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից դուրս գալու մասին՝ մեղադրելով նրան ամերիկամետ դիրքորոշման մեջ:

Քաղաքական գործիչը հայտարարել է «Հայրենիք» կուսակցության (Memleket) ստեղծման մասին: Ըստ Ինջեի՝ թուրքական ընդդիմությունը չի կարող մարտահրավեր նետել իշխանություններին, այն ներաճել է  իշխանության հետ և շատ գոհ է դրանից:

«Նրանք ժողովրդին բաժանում են երկու մասի, ինչպես ձմերուկը: Իմ ուղին հակասում է Միացյալ Նահանգներից ժողովրդավարություն մուրացողներին, որոնք հարցնում են՝ «Ի՞նչ ենք կորցրել Լիբիայում», որոնք ասում են. «Ափսոս, որ Թուրքիան օգնեց Ադրբեջանին»: Այդ պատճառով ես դուրս եկա CHP-ից և ստեղծեցի «Հայրենիք» կուսակցությունը»,- Անկարայում լրագրողներին ասել է Ինջեն:

Նրա խոսքով՝ CHP-ն ի վիճակի չէր միավորել կուսակցության անդամներին, չունի վստահություն և ամբիցիաներ ու հեռացել է այն գաղափարախոսությունից, որով ստեղծվել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Ըստ Ինջեի՝ իր ստեղծած կուսակցությունը չի լինի «մեկ անձի կուսակցություն»:

«Մենք նոր ճանապարհ ենք մտնում: Ես Աթաթուրքի հանրապետական կողմնակից եմ, որի ժառանգությունը ջնջվում է: Մենք գալու ենք իշխանության, թող ոչ ոք չկասկածի: CHP-ն դարձել է միայն ցուցանակ: Նրա օգտին քվեարկում են նրանք, ովքեր ասում են. «Գրողը տանի, ուրիշ ոչ ոք չկա, ում օգտին քվեարկենք»: Մենք այս մարդկանց առաջարկում ենք ընտրություն: Մենք կլինենք ամբողջ 83 միլիոնի կուսակցությունը»,- ասել է Ինջեն։

Նա նաև քննադատել է Էրդողանին, որը, ըստ նրա, չի կատարել իր նախընտրական խոստումները և պետք է հրաժարական տա: