|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագային:
Նախագահը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի կապակցությամբ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես զգացել է բնության նման աղետի սարսափելի հետևանքները: Թերևս դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը:
«Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ ու տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետևանքները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռևս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է Հայաստանի դեսպանություն:
Ճապոնիայի փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ցավակցության և իր ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար` վստահեցնելով, որ, չնայած բոլոր դժվարություններին, Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը: Հիսասու Տոկունագան նշել է, որ ի պաշտոնե առաջին անգամ է այցելում Հայաստան, և վստահ է, որ այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը: