կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-30 00:47
Տնտեսական

Ո՞ր երկրի տնտեսության մասին էր խոսում պատգամավորը

Ո՞ր երկրի տնտեսության մասին էր խոսում պատգամավորը

«Անձնական վիրավորանքներն ընդունելի տարբերակ չեն: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա ես այն մարդկանցից եմ, որը քննադատել է, քննադատում է եւ քննադատելու է ԿԲ-ին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ի վարած քաղաքականությունը  համապատասխան լուծում չի տալիս մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Գնաճի դեմ միայն մոնետար գործիքներով պայքարելը, ըստ Ա. Մինասյանի, նշանակում է չտեսնել տնտեսությունում առկա իրական խնդիրները:

«Եթե չկան անհրաժեշտ զարգացման համակարգերը, բայց ֆինանսական սեկտորը նման աճ ունի, նշանակում է`  ֆինանսական շուկան կապ չունի տնտեսության հետ: Եվ վերահաստատվում է մեր այն պնդումը, որ երկիրը բանկային հոգեբանությամբ կառավարվող երկիր է դարձել ու իրական տնտեսության հետ կապ չունի»,- հայտարարեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է լավատեսական հայտարարություններին, ապա Ա. Մինասյանը նշեց,  որ եթե վարվող քաղաքականությունն իր դրսևորվող արդյունքներով ցույց է տալիս, որ մենք օրեցօր ավելի բացասական արդյունք ենք ունենում, բնակչության կենսամակարդակն ավելի է անկում ապրում, փոքր ու միջին բիզնեսն ավելի է խեղդվում, ապա լավատեսորեն խոսելն այնքան էլ ճիշտ չէ:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չհամաձայնեց Ա. Մինասյանի հետ` ասելով, թե ԿԲ-ն եթե ունի մոնետար գործիքներ, ինչո՞ւ չպիտի օգտագործի դրանք: Ի պատասխան` Ա. Մինասյանը ճշտեց, որ պետք է կիրառվեն այլ գործիքներ եւս:

Վ. Այվազյանը շարունակեց. «Եթե ինքը տվյալ խաղացող դաշտում չի իրականացնում իր գործառույթները, ապա վաղը չէ մյուս օրը նույն մեղադրանքով նրան կասեն` ինչո՞ւ չիրականացրիր, ինչո՞ւ վերավարկավորման տոկոսադրույքը չբարձրացրիր, փողը չթանկացրիր, որ գնաճն այսպիսի ծավալներ ունեցավ»:

Նա նշեց նաեւ, թե ԿԲ-ի քայլերը համահունչ են գնաճի զսպման մեխանիզմներին, եւ որ մեր տնտեսությունն էլ հաղթահարել է ճգնաժամային վիճակը:

Դրան հաջորդեց հետեւյալ երկխոսությունը:

Արծվիկ Մինասյան. - Ցավում եմ, որ պարոն Այվազյանի ասածը ոչ մի կապ չունի մեր տնտեսության իրական վիճակի հետ:

Վարդան Այվազյան. - Երեւի Վենեսուելայի տնտեսության մասին էի խոսում:

Արծվիկ Մինասյան.-  Ամենայն հավանականությամբ, այո:

Պատգամավորները շարունակեցին վիճել Կենտրոնական բանկի գործառույթների եւ գնաճի դեմ պայքարի քաղաքականության մասին:

Արծվիկ Մինասյանի խոսում էր ֆյուչերսային համակարգի մասին, որը Վարդան Այվազյանի համար նորություն էր, եւ նա խորհուրդ էր տալիս հասկանալի լեզվով խոսել:

Վարդան Այվազյան. - Ես բանկային մասնագետ չեմ:

Արծվիկ Մինասյան. - Բանկային չես, պարզ տնտեսական է դա նաեւ:

Վարդան Այվազյան. - Տնտեսական էլ նայում եմ, չի ստացվում ինչ-որ...

Արծվիկ Մինասյան. - Չի ստացվում, որովհետեւ դուք սովոր չեք այդպես աշխատել:

Վարդան Այվազյան. -  Դուք` ո՞վ:

Արծվիկ Մինասյան. - Իշխանությունները: